Զինվորի կյանքին վտանգ չի սպառնում
Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է news.am- ը՝ վկայակոչելով հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանին։
Նրա գնահատմամբ՝ զինծառայողի առողջական վիճակը կայուն ծանր է, Մհեր Խլղաթյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հոսպիտալի պետը տեղեկացրել է նաեւ, որ զինծառայողի մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հայտնվելէ հիվանդանոցում։ Ինչ վերաբերում է վնասվածքներին, ապա այս պահին դրանք չեն առաջնահերթ, այլ՝ թոքաբորբի բուժումը։
Հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: