Հասարակություն

ՍԴ- ն կուտակային կենսաթոշակի օրենքը կքննարկի մարտի 28- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Տարեվերջին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում ընդունեց ԱԺ պատգամավորների` «Կուտակային կենսաթոշակների  մասին» օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականությունը վիճարկող դիմումը քննության ընդունելու մասին: Դատարանը որոշեց  գործի դատաքննությունն սկսել մարտի 28-ին  և այն իրականացնել բանավոր ընթացակարգով՝ նկատի ունենալով հարցի հասարակական հնչեղությունը: Իսկ ահա  միջնորդությունը, որով դիմողները պահանջում են մինչև վճռի կայացումը կասեցնել օրենքի կիրարկումը, լուծում կստանա մինչև հունվարի 25-ը։

ԱԺ  ոչ իշխանական չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանում քննության կառնվի  2014-ի մարտի 28-ին: Դրանով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների  մասին» օրենքի 8 հոդվածների սահմանադրականությունը: Տարեվերջին կայացրած աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է գործով զեկուցողներ նշանակել  դատարանի անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանին և Կիմ Բալայանին, իսկ որպես պատասխանող կողմ ներգրավել վիճարկվող ակտն ընդունած մարմնին՝ Ազգային ժողովին:

Դիմող կողմի  միջնորդությունը և հարցի  հասարակական մեծ հնչեղությունը նկատի ունենալով՝ ՍԴ-ն որոշել է  դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով: Իսկ թե ինչու մարտի 28-ին, ՍԴ  մամուլի ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանն այսպես է մանրամասնում. «Մենք գործի ուսումնասիրման ժամկետ ունենք, որը սահմանում է ՍԴ կանոնակարգը: Ըստ կանոնակարգի՝ գործի ուսումնասիրման փուլը տևում է 30 օր , մենք կարող ենք նաև 10 օրով երկարացնել այդ ժամկետը: Բայց որովհետև մեծ հնչեղություն ունի այս խնդիրը, ՍԴ-ն մի շարք գերատեսչություններից պահանջել է ուսումնասիրման փուլում գտնվող փաստաթղթեր և սպասում է այդ նյութերին: Բացի այդ՝ մենք այլ նիստեր ունենք,  տեղավորվել ենք նաև այդ ժամանակացույցի մեջ»:

Նկատի ունենալով հանգամանքը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ընդունվել է 2010թ. դեկտեմբերին և դրա իրացումը երաշխավորելու համար օրենքի հոդվածներից բխող  կոնկրետ լուծումներ են վերապահվել կառավարությանն ու Կենտորնական բանկին, ՍԴ-ն անհրաժեշտ  պայման  է  համարել դատաքննության ընթացքում  կառավարության ու ԿԲ ներկայացուցիչների ներկայությունը:

Բացի դա՝ դատարանն այս երկու գերատեսչություններից պահանջել է մինչ հունվարի 10-ը  ներկայացնել պատկառելի թվով փաստաթղթեր՝ հիմնականում կառավարության որոշումներ, սահմանած կարգեր, որոնցով ապահովվելու է  կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը: Ավելի քան 20 փաստաթուղթ Սահմանադրական դատարանը պահանջել է կառավարությունից, նույնքան էլ՝  Կենտրոնական բանկից:

Գործադիրը, օրինակ, դատարանին պետք է ներկայացնի  աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու վերաբերյալ որոշումը, պետք է տրամադրի այն փաստաթուղթը, որով  սահմանվում են  երաշխիքային ֆոնդի տնօրինան և կառավարման պայմանները, պետք է պարզաբանի կենսաթոշակային ֆոնդերում ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները և այլն։

ԱԺ պատգամավորները օրենքի սահմանադրականությունը վիճարկող դիմումի հետ նաև միջնորդություն են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով պահանջել են մինչև ՍԴ որոշումը կասեցնել օրենքի կիրարկումը: Նման իրավասություն Սահմանադրական դատարանն ունի՝ «Ռադիոլուրի»  հետ զրույցում հիշեցրեց Հովհաննես Պապիկյանը: Բայց կօգտվի՞ դրանից, թե՞ ոչ՝ առայժմ պարզ չէ, հայտնի կդառանա մինչև հունվարի 25-ը նախատեսվող աշխատակարգային նիստից հետո:

«Նախատեսված է, որ միջնորդությունը քննության կառնվի մինչև հունվարի 25-ը: Այս դեպքում էլ կան նյութեր, որոնք պահանջվել են, պետք է ստացվեն ու ուսումնասիրվեն: Դրանք անհրաժեշտ են, որ միջնորդությամբ բարձրացված հարցն ունենա իր պատասխանը՝ «այո»-ն կամ «ոչ»-ը: Դա պարզ կդառնա ՍԴ աշխատակարգային նիստից հետո: Կայացված որոշումը մենք կհրապարակենք ու կտեղադրենք կայքէջում»,- նշեց ՍԴ մամուլի քարտուղարը։

Back to top button