ԿարևորՔաղաքական

Հ. Աբրահամյան. «Մուտք ենք գործում 2014 թ. Հայաստանի եւ հայ ժողովրդի համար խոստումնալից ապագայի հավատով»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում այսօր կայացավ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելությունը։ Ողջունելով  հավատարմագրված լրագրողներին` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ միշտ կարեւորել է օբյեկտիվ, անկանխակալ լրատվության դերը եւ փորձել իրատեսորեն գնահատել նրա նշանակությունը հասարակական-քաղաքական կյանքում։ «Ինչքան էլ մեծ լինի արագ զարգացող այս աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը՝ առավել մեծ է ասելիք, տեղեկատվություն, բովանդակություն ստեղծողի դերը` ձեր դերը, հարգելի լրագրողներ: Գնահատելով ձեր մասնագիտական գործունեությունը` ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտակցի հանդուրժողականության եւ զսպվածության կարեւորությունը ամենօրյա աշխատանքում»։

Անդրադառնալով օրենսդրի աշխատանքին՝ Ազգային ժողովի նախագահը փաստեց, որ 2013-ը արդյունավետ աշխատանքի տարի է եղել Ազգային ժողովի համար եւ՛ օրենսդրական, եւ՛ խորհրդարանական դիվանագիտության առումով։ «Խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, եւ բնական է, որ եղել են նաեւ տարաձայնություններ, քաղաքական հայացքների եւ շահերի բախումներ: Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր գործունեությունը հանուն մեր երկրի կայունության եւ առաջընթացի»։

Բարձր գնահատելով «չորրորդ իշխանության» դերը հասարակական կյանքում՝ Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց, որ լրագրողներն իրենց մտահոգություններում ու հրապարակումներում մշտապես առաջնորդվեն հասարակական շահով, անկեղծ մղումներով եւ հայրենասիրությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ լրագրողի կոչումը հետայսու էլ մղելու է արժանապատվորեն եւ ամենայն պատասխանատվությամբ կատարելու առաքելությունը։ «Ցանկանում եմ, որ 2014-ը լինի բարի լուրերի տարի: Մասնագիտական վերելք, հաջողություն, առողջություն եւ երջանկություն եմ մաղթում ձեզ: Թող գալիք տարում խաղաղություն լինի մեր հայրենիքում: Մենք մուտք ենք գործում 2014 թվական Հայաստանի եւ հայ ժողովրդի համար խոստումնալից ապագայի հավատով»։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ նախագահը անդրադարձավ օրերս խորհրդարանի կողմից վավերացրած հայ-ռուսական միջկառավարական գազային համաձայնագրերին, մասնավորապես, նախորդած բանակցությունների խնդրին: Օրենսդիր մարմնի ղեկավարը նորմալ գնահատեց «ՀայՌուսգազարդի» Հայաստանին պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսի օտարումը: Անցած տարիների ընթացքում երկիրը ոչ մի շահույթ չի ստացել դրանցից:

Հավելենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ բարեխղճորեն եւ անաչառ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված մի խումբ լրագրողներ պարգեւատրվեցին արժեքավոր նվերներով: Նրանց թվում էին «Առավոտ» թերթի թղթակից Նելլի Գրիգորյանը և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Back to top button