Կրակոցներ Դիլիջանում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թ.-ն, հայտնում են ոստիկանությունը։
Պարզվել է, որ Ն. Աբգարյանը և Արտավազդ Թ.-ն վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Ըստ news.am- ի՝ հիվանդանոցում մահացած Նավասարդ Աբգարյանը տեղական «հեղինակություն էր, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին էր:
Արտավազդ Թամազյանը Թեղուտի գյուղապետ Արարատ Թամազյանի որդին է։