ԿարևորՀասարակություն

Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ նախագահին «Զվարթնոցի» հին մասնաշենքը փրկելու հարցով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Զվարթնոց» օդանավակայանի նախկին ուղևորային համալիրի հետագա ճակատագիրը այսօր դարձավ   Հանրային խորհրդի  չորս ենթահանձնաժողովների ՝ մշակույթի, քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանպորտի քաղաքականության, ազգային արժեքների պահպանման համատեղ նիստի քննարկման առարկա: Հավաքի մասնակիցները իրենց մտահոգությունը հայտնեցին հին մասնաշենքի քանդելու  օդանավակայանի կոնցեսիոների մտադրության վերաբերյալ: 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի`«ՙԶվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը: Ըստ կոնցեսիոների զարգացման ծրագրի՝ անցյալ դարի 80-րին շահագործման հանձնված  օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը պետք է քանդվի և տեղում նոր մասնաշենք կառուցվի:

Հանրային խորհուրդը բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել կոնցեսիոների այս ծրագրի վերաբերյալ և այս դիրքորոշումը ներկայացվել է նաև երկրի իշխանություններին: Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը իր հերթին նշեց, որ օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը ճանաչում է ստացել ինչպես ժողովրդի կողմից, այնպես էլ միջազգային ճարտարապետական հանրության կողմից որպես խորհրդային մոդեռնիզմի հիմնական նվաճումներից:

Կոնցեսիոները և պետական պատկան մարմնի՝ քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից մատնանշվում է այն հանգամանքը, որ շինությունը սեյսմավտանգ է և հետագա շահագործումը աննպատակահարմար է այս տեսանկյունից: Ըստ Ազիզյանի՝ նույն տրամաբանությամբ մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը ևս սեյսմավտանգ են, այդ թվում նաև պետական կառավարման բարձրագույն մարմինների նստավայրերը: Նա հավելեց, որ օդանավակայանի նախկին մասնաշենքի ուժեղացման ծրագրեր մշակվել են:

Գրիգոր Ազիզյանը  կարծիք հայտնեց, որ ի սկզբանե կոնցեսսիոները մտադիր է եղել քանդել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը: Այն փրկելու կոչով Հանրային խորհուրդը դիմելու է ՀՀ նախագահին և կառավարությանը: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց, որ հաշվի առնելով համալիրի մեծ արժեքը՝ այն քանդելը կհանդիսանա հակազգային և հակամշակութային քայլ:

«Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր ճարտարապետԱնահիտ Թարխանյանը հին մասնաշենքի հնարավոր քանդումը համեմատեց աֆղանական թալիբների կողմից տարիներ առաջ Բուդդայի մեծ արձանի ոչնչացման հետ, ինչը մեծ աղմուկ բարձրացվեց միջազգային հանրության կողմից։

Back to top button