Քաղաքական

ԱԺ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել եզդիների դիմումը՝ ընդդեմ Մանվել Բադեյանի

ՀՀ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Դիմումներն էթիկայի հանձնաժողովն ստացել է դեկտեմբերի 13-ին, որից օրեր առաջ՝ դեկտեմբերի 11-ին, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին ընդունել էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դատապարտելով հանրապետական պատգամավորի կողմից հնչեցված արտահայտությունը։  Եզդիների համայնքին բանավոր ներողությունները չեն գոհացրել եւ նրանք պահանջում են ձեռնարկել պատասխանատվության միջոցներ՝ իրենց ազգի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ թույլ տված պատգամավորի նկատմամբ։
Ազգային ժողովի միջանցքում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ  լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս է եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Այս միջադեպից կարճ ժամանակ անց եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: «Նա մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին»,- նշել էին երիտասարդները:
Back to top button