Քաղաքական

Փարիզում անցկացվեց ՀՀ դեսպանների խորհրդակցություն

Դեկտեմբերի 22-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Խորհրդակցությանն անդրադարձ արվեց հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2013թ. կատարված աշխատանքները եւ համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների եւ կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Back to top button