Հայաստանում կա մեծ հետաքրքրություն Ռուսաստանի նկատմամբ, պարզել են ռուս լրագրողները
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևանում ավարտվեց «Եվրասիական տարածքում մերձեցման գործընթացների համատեքստում համագործակցության զարգացում» խորագիրը կրող լրատվամիրջոցների հայ-ռուսական երկօրյա հավաքը: Ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում Երևան ժամանած մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները կիսվեցին հայ գործընկերների հետ իրենց տպավորություններով և դիտարկումներով:
Հայաստանյան հասարակության մի մասը ոչ միանշանակ է ընկալում Ռուսաստանի կերպարը և եվրասիական տարածքում ինտեգրման միավորումների զարգացման գաղափարները: Այս դիտանկյունից ելնելով՝ ռուսական կողմը ձգտում է ամրապնդել սեփական դիրքերը հայաստանյան տեղեկատվական դաշտում՝ զարգացնելով համագործակցությունը երկու երկրների լրատվամիջոցների միջև: Երևանում կայացած հավաքի ընթացքում ռուս լրագրողները ներկայացնեցին իրենց լրատավամիջոցների աշխատանքը, ինչպես նաև քննարկեցին հայ գործընկերների հետ հնարավոր փոխզոհամագործակցության հարցերը։
«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետխորհրդային երկրների խմբագրության ղեկավարի տեղակալ Էլլա Տարանովան նկատեց, որ Հայաստանի մամուլը ակտիվ է, բազմազան և ունի սեփական ձայնը: Ռուս լրագրողի համար տարակարծության առկայությունը ողջունելի է: Նա կարևորեց հայ և ռուս լրագրողների միջև կապերի սերտացմանը միտված երևանյան հավաքը՝ սկիզբ առած եվրասիական մերձեցման համատեքստում: Տարանովան չբացառեց, որ նման հանդիպում կարող է մոտ ապագայում իրականացվել և Մոսկվայում։
«Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթի արտասահմանյան հավելվածների գլխավոր խմբագիր Պավել Գոլուբը ողջունելի է համարում առկա մերձեցումը նաև լրատվական դաշտում, ինչը գոհացնում է իրեն որպես փորձառու լրագրողի: Ըստ նրա՝ Հայաստանում կա մեծ հետաքրքրություն Ռուսաստանի նկատմամբ և այս տեղեկատվական պահանջարկը պետք է բավարարվի ինչպես ռուսերենով, այնպես էլ, հնարավորության դեպքում, հայերենով: Նման ցանկություն, համենայն դեպս, առկա է, նշեց Պավել Գոլուբը։
Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը պետք է նպաստեն նաև հայ և ռուս լրագրողները, իր հերթին նկատեց «Ինտերֆաքս» գործակալության քաղաքական տեղեկատվության ծառայության ղեկավարի տեղակալ և դատաիրավական տեղեկատվության բաժնի վարիչ Բորիս Գևորգյանը։ Չորրորդ իշխանությունը ազդում է և հասարական կարծիքի, և, ընդհանուր առմամբ, մթնոլորտի վրա, նկատեց մեր հայրենակիցը։
Ռուս լրագրողները անթույլատրելի համարեցին այլատյացության քարոզը ռուսական մամուլում: Նման հարցերը զգուշ և գրագետ լուսաբանման կարիք ունեն, ինչը, սակայն, ոչ բոլոր լրատվամիջոցներին է բնորոշ, արձանագրեցին մեր գործընկերները։