Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում թվայնացվել է Արամ Խաչատուրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը: Ինը ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ ներառող հավաքածուն ստեղծվել է Հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների և Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա։
Հայկական գորգի հանրահռչական, աշխարհին այն արժանավայել կերպով ներկայացնելու խնդիրը տարիներ շարունակ քննարկվում, բայց դրական հանգուցալուծում չէր ստանում։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այս առումով 2013-ը հաջողված տարի է համարում։ Հայաստանի պատմության թանգարանում տարին մեկնարկեց «Հայկական գորգարվեստ՝ 17-ից մինչև 19-րդ դարեր» խորագիրը կրող մշտական ցուցադրության բացմամբ: 2013-ին մեկնարկեց գորգի վիրտուալ թանգարանի ստեղծման ծրագիրը: Տարվա կարևոր ձեռքբերումներից էր գերմանացի Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեա –արևելյան գորգը. ակունքներից մինչև 18-րդ դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» հիմնարար աշխատության հայերեն թարգմանությունը և հրատարակումը։ Գորգի հանրահռչակման տարին ամփոփեց հայկական գորգարվեստի ավանդույթներին նվիրված երևանյան գիտաժողովը:
2013թ. մշակութային տարվա էական ձեռքբերումների ցանկում Հասմիկ Պողոսյանն առանձնացնում է նաև «Գյումրի. 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղա» ծրագիրը, որը նոր շունչ ու վերածնունդ բերեց մշակութային ավանդույթնորով հարուստ Գյումրիին: Տարվա ընթացքում դրական միտումներ են արձանագրվել պետություն- մասնավոր հատված համագուրծակցության ոլորտում։ «Մասնավորը հետաքրքրություն է ցուցաբերում հատկապես հուշարձանների վերականգնման ոլորտում»,- ասում է նախարարը:
2013-ի մշակութայնի կարևորագույն իրադարձությունների առանցքում, իհարկե, Արամ Խաչատուրյանի 110-ն ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն էր, որի յուրօրինակ հանրագումարը դարձավ մեծանուն կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը ներառող հավաքածուն։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում ստեղծված հավաքածուն ներառում է 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ: Հավաքածուն ստեղծվել է Հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների և Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա: Նշենք, որ մշակույթի նախարարության աջակցությամբ Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդի» ձայնագրությունների թվայնացման և հրատարակման աշխատանքներն իրականցվում են 2009 թվականից, արդյունքում՝ ստեղծվել են մշակութային անգնահատելի արժեքներ պարունակող 65 ձայնասկավառակներ: Այս համագործակցության կարևորությունն այսօր ընդգծեց նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը։ «Այս ձայնագրությունները մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն են, մեր աշխատանքային գործիքը։ Երբ դրանց վրա ուշադրություն է դարձնում մշակույթի նախարարությունը եւ միավորվում են մյուս կազմակերպությունների ջանքերը, ծնվում են նման նախաձեռնություններ եւ այդ ձայնագրությունները դառնում են ողջ արվեստասեր հանրության սեփականությունը»։
«Ժամանակն առաջ է շարժվում… տեխնոլոգիաները զարգանում են՝ սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Իսկ մնայուն արժեքները շարունակում են փայլել անկախ ժամանակներից: Արամ Խաչատուրյանի ստեղծագործական ժառանգությունն այդ արժեքներից է: Հպարտ ենք այս նախագծի իրականացմանն աջակցելու համար»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Նա, ինչպես ընդգծում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նմանատիպ ծրագրերի մշտական աջակիցն է։