Միջազգային

Պուտինը Խոդորկովսկուն ներում կշնորհի, վերջինիս փաստաբանը հերքում է խնդրագրի մասին լուրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր այսօրվա մամուլի ասուլիսից հետո լրագրողներին հայտնել է, որ մտադիր է ներում շնորհել ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ «Նա ազատազրկման մեջ է 10 տարուց ավելի։ Դա լուրջ ժամկետ է եւ ես կարծում եմ, որ պետք է որոշում ընդունել»,- հայտարարել է Պուտինը։

«Ինչ վերաբերում է Խոդորկովսկուն, ես արդեն ասել եմ, որ Միխայիլ Բորիսովիչը պետք է օրենքի համաձայն համապատասխան թուղթ գրեր։ Նա դա չի արել, սակայն վերջերս նա նման թուղթ է գրել եւ ինձ դիմել ներման խնդրանքով»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Նախագահի խոսքով՝ դատապարտված օլիգարխը մարդասիրական բնույթի հանգամանք է նշում։ «Նա հիվանդ մայր ունի եւ կարծում եմ, որ կարելի է որոշում ընդունել։ Մոտ ժամանակներս ներման հրամանագիրը կստորագրվի»,- ասել է Պուտինը։

Իսկ ահա Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուվգանտը հերքում է խնդրագրի առկայությունը, հաղորդում է «Ռոյթերսը»։ Ըստ փաստաբանի՝ ոչ Խոդորկովսկին, ոչ էլ որեւէ մեկը նրա անունից նման խնդրագիր չի ուղերկել։ Նույնը ասել է նաեւ Խոդորկովսկու մյուս փաստաբանը՝ Կարինա Մոսկալենկոն։ «Ես Խոդորկովսկու գործող փաստաբանն եմ։ Ոչինչ հայտնի չէ, թե նա խնդրագիր է գրել։ Ոչ մեր վերջին հանդիպման ժամանակ, ոչ էլ նախկինում նա դրա մասին չի խոսել»,- ասել է Մոսկալենկոն։

Ինչպես պարզվում է խնդրագրից տեղյակ չէ նաեւ Խոդորկովսկու մայրը։ «Մեզ մինչ այսօր ոչինչ հայտնի չէր ներման մասին։ Ես ապշած եմ»,- ասել է Մարիա Խորոդկովսկայան։

Խոդորկովսկու կողմից խնդրագիր ներկայացնելը չի նշանակում մեղքի ընդունում, հայտարարել է Պետդումայի իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենինիկովը։

Խոդորկովսկու ներման մասին լուրը դրական է ազդել ռուսական շուկայի վրա։ Լուրից հետո Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում աճը կազմել է 1,1 տոկոս, РТС- ի ինդեքսի աճը՝ 1, իսկ Մոսկովյան բորսայինը՝ 05- 2,2 տոկոս։

Back to top button