ԿարևորՏնտեսական

Էներգետիկայի նախարարը գոհ է գազի շուրջ հայ- ռուսական համաձայնություններից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 20-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում կլինեն հայ-ռուսական մի շարք համաձայնագրեր՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, մեր երկիր բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի, ինչպես նաև գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ: Արտահերթին ընդառաջ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ:

Գազի թանկացումն այս տարի շղթայական թանկացումների առիթ դարձավ:  Այս պարագայում գալիք ուրբաթ կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգը կարելի է համարել այդ գործընթացի տարևերջյան ակորդը: Մինչև վավերացվելիք հայ-ռուսական մի շարք համաձայնագրերին անցնելը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց պատգամավորներին դրանց նախապատմությունը: Խոսելով գների փոփոխության մասին՝ նախարարը ինշեց, որ թանկացումը, ըստ ռուսական կողմի, պետք է տեղի ունենար 2011 թվականի ապրիլի 1-ից: Մինչև այս տարի ավարտված բանակցությունները սպառողների համար գործում էր նախկին բազային սակագինը, որի փոփոխմանը հաջորդեց շղթայական գնաճը:  Գների տարբերության արդյունքում անցած տարիների ընթացքում գոյացավ 300 մլն ԱՄՆ դոլլար գումարային ճեղքվածքը, որի կարգավորման համար անցկացվեցին առանձին բանակցություններ:

Մինչև 2018 թվականը գազի գնի նոր թանկացում չի լինի, հայտարարեց նախարարը: Ըստ նրա՝ սակագինը կարող է փոխվել միայն ռուսական և ամերիկյան արտարժույթի կուրսի փոփոխման պարգայում: Արմեն Մովսիսյանը անդրադարձավ նաև իրանական գազի ներկրման շուրջ երկարատև բանակցությունների հարցին։ Իրանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի պարագայում չի կարող սահմանել այլ գին՝ մյուս երկրների հետ համեմատ: Առաջարկվող սակագինը անընդունելի էր ՝ ավելի քան 400 ԱՄՆ դոլար 1 խորանարդ մետր գազի դիմաց: Մինչդեռ՝ ռուսական գազը սահմանին գնում ենք 189 ԱՄՆ դոլար գնով:  Ընդհանուր առմամբ՝ Արմեն Մովսիսյանն իր գոհունակությունը հայտնեց հայ-ռուսական բանակցությունների արդյունքում երևան եկած համաձայնագրերով։

Back to top button