ԿարևորՀասարակություն

Քրդատի նոր օրենսգիրքը նոր իրավամտածողություն է առաջարկում, ասում են հեղինակները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մեզ հաջողվել է սեղանին դնել մի փաստաթուղթ, որն ընդունելի է շահագրգիռ բոլոր կողմերի համար, այսօր «Քրեական դատավարության»  նոր օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է  աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը: Նա նշել  է, որ նախագիծը  նոր որակի իրավամտածողություն է առաջարկում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ  հիշեցրել է, որ  նախագծի մշակումն աշխատանքային խմբից տարիների աշխատանք է պահանջել: Դանդաղկոտությունը, ըստ նախարարի, այս դեպքում ավելորդ չի եղել:

«Քրեական դատավարության» նոր օրենսգրքի նախագիծը պատրաստ է, ստացել է կառավարության հավանությունը և  արդեն ներկայացվել  Ազգային ժողով:  Քննարկման կդրվի գարնանային նստաշրջանի ընթացքում:  Աշխատանքային խումբը, որը փաստաթղթի մշակման վրա աշխատել է ավելի քան երեք տարի, գործնականում ավարտել է աշխատանքը: Տարիներ տևած աշխատանքը կարող է դանդաղկոտության որակվել, բայց  արդարադատության նախարարը վստահ է, որ դանդաղկոտությունն այս դեպքում  ավելորդ չէր։ «Իմ թե նախկին, թե ներկա աշխատանքում ես չեմ հիշում որևէ այլ օրինագիծ, որը կարող է համեմատվել այս օրենսգրքի քննարկման  ընթացքի, շրջանակների, տևողության հետ: Թերևս միայն «Ընտրական օրենսգիրքն» է:  Դժվար է հիշել մեկ այլ օրինագիծ, որի նկատմամբ հանրային  հետաքրքրությունն այսքան մեծ լինի թե ներսում, թե միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասաց։

Հայասանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեղում հաստատեց նախարարի դիտարկումը. անտարբեր չեն քրեական դատավարության ոլորտում իրականացվող քայլերի  նկատմամբ: Գործընթացին մասնակից միջազգային կառույցների անունից Ջոն Հեֆերնը հավաստեց, որ կարևորում են այս ոլորտում  իրականացվող աշխատանքը, իսկ քրեական դատավարության նոր օրենսգիրքը նախորդից որակապես տարբերվող են գնահատում։ «Նոր օրենսգրքով քրեական դատավարության առավել մրցակցային  համակարգ է ստեղծվում, ավելի լիրարժեք են պաշտպանվում մեղադրյալի իրավունքները, առավել հստակ են սահմանվում ապացույցների  չափորոշիչները»:

Մեզ հաջողվել է սեղանին դնել մի փաստաթուղթ, որն ընդունելի է շահագրգիռ բոլոր կողմերի համար` դատավորների, դատախազների , քննիչների ու փաստաբանների,  այսօրվա քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը: Նա կարծում  է, որ նախագիծը  նոր որակի իրավամտածողություն է առաջարկում։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայացքով ՝ սեղանին դրված փաստաթուղթը փոփոխությունների խիստ ընդգրկուն  շրջանակ է առաջարկում: Հիմնականներից մեկը,  ըստ նախարարի, խափանման միջոցների ընտրության հարցում առաջարկվող լուծումներն են: Վերջին տարիներին անընդհատ խոսվում է որպես խափանման միջոց կալանքը համատարած կիրառելու պրակտիկայի մասին: Սրա պատճառներից մեկը, Թովմասյանի կարծիքով , այլընտրանքային խափանման միջոցների բացակայությունն է։ «Այնպիսի խափանման միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական հսկողությունը, ըստ էության, գոյություն չունեն: Սրանք ներմուծվելու են և կարծում եմ դրանց ամրագրումից  հետո մենք էականորեն կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները: Կալանքը կկիրառվի որպես վերջին միջոց , այն դեպքերում միայն, երբ մյուս խափանման միջոցներն այլևս կիրառելի չեն»։

Հրայր Թովմասյանը առանցքային է համարում  նաև ինքնախոստովանական ցուցմունքերի հարցում որդեգրված նոր մոտեցումը: «Շատ են դեպքերը, երբ մեղադրանքի հիմքում դրվում է ինքնախոստովանական ցուցմունքը, որից հետագայում անձը հրաժարվում էև մեղադրանքը փլուզվում է: Նոր օրենսգրքով սահմանվում է, որ միայն ինքնախոստովանական ցուցմունքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, եթե այլ ապացույցներով չի հիմնավորվում»։

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն արդեն խորհրդարանում  է, քննարկման կդրվի գարնանային նստաշրջանի ընթացքում: Նախարարը կարծում է, որ քննարկումների  մի առանձին  փուլ էլ նախագիծը կանցնի խորհրդարանական քննարկումների ժամանակ: Իսկ այն ընդունելուց հետո անցումային որոշակի ժամանակահատված ամրագրելու կարիք կառաջանա, որն  անհրաժեշտ կլինի անցումը նոր իրավահարաբերություններին  ավելի սահուն դարձնելու և գործընթացի մասնակիցներին խաղի նոր կանոններին ծանոթացնելու  համար։

Back to top button