Հասարակություն

Հեքըթոնյան մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 21-22-ն արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացվի «Հեքըթոնյան 2013» մրցույթը: Մրցույթն այս անգամ կանցկացվի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նորարարության եւ ծրագրավորման այս յուրատեսակ փառատոնի ընթացքում մասնակից թիմերը 24 ժամում կմշակեն ու ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները` տարբեր ոլորտներում խնդիրների լուծման նորարար նախատիպերը:

Մրցույթի նախագծի եւ հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով` նոր տեխնոլոգիաների ոլորտում սահմաններ չկան եւ լավ, նորարարար գաղափարն ու տաղանդավոր թիմը կարող է մեծ հաջողությունների առաջին քայլերը հենց այս մրցույթոմ կատարել` հիմք դնելով հետագա ավելի մեծ գործունեության։

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի Հայաստանի տնօրեն Եվա Հյուսյանի փոխանցմամբ` մրցույթի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Եթե երկու տարի առաջ 32 — 35 թիմ էր մասնակցում, ապա այս տարի, դեռեւս հայտերի ընդունման ժամկետը չավարտված, արդեն գրանցվել է մոտ 50 թիմ։

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, որ նախորդ մրցույթներում եղել է ժյուրիի անդամ, ասաց, որ մրցույթում կարեւորվում է երեք հիմնական սկզբունք` գաղափարի նորություն, թարմություն, ինքնատիպություն, տեխնիկական իրականացման ձեւերը եւ երրորդը` կիրառելիության  հնարավորությունը։

Նախորդ մրցույթների արդյունքում գրանցվել է 4 ընկերություն, որոնք մուտք են գործել ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան շուկա: Մրցույթը գործընթացի սկիզբ է, ասում են կազմակերպիչները` հուսով, որ հերթական «Հեքըթոն»-ի ընթացքում նույնպես կլինեն հետաքրքիր ու գործնական արդյունքներ: Մրցույթի գլխավոր հաղթողը կարժանանա 1 մլն դրամ մրցանակի, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տեղերը գրավողները կստանան խրախուսական մրցանակներ:    

Back to top button