Գեղանիստցիների ցանկությունը ոռոգման ջուրն է. նոր ցանցի կառուցումը հեռանկարում էլ չկա
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզի Գեղանիստ համայնքը գտնում է բարձր լեռնային գոտում, որտեղ հիմնական մշակաբույսը հացահատիկն է, մշակում են նաև կարտոֆիլ և գազար, սակայն ավելի քիչ տարածքի վրա` 10-15 հա: 450 հա հացահատիկի ցանքատարածքներից 250 հա աշնանացան ցորենն է, 200 հա` գարնանացան գարին, որոնց միջին բերքատվությունը գրեթե այնքան է, որքան ստանում են Արարատյան դաշտավայրում` 1 հա-ից 25-30 ցենտներ:
Ստացված կերային մշակաբույսերը պահում են տնտեսության կարիքների համար: Գյուղապետ Աղասի Ղազարյանը նշում է, որ գյուղում անմշակ հողեր չկան, չնայած, որ հիմնական վարելահողերն անջրդի են, և միայն տնամերձ 100 հա հողատարածքն է ջրովի: Ոռոգման ջուր մատակարարվում է Մանթաշի ջրամբարից փակ ցանցով, որն ունի խցանված և կոտրված հատվածներ: Համայնքի ոռոգման ներքին ցանցը հողային հունով է, որտեղ ոռոգման ջրի կորուստը մեծ է , հասնելով` մինչև 70 տոկոսի: Այսինքն` ոռոգման շրջանում գյուղացիներն օրերով սպասում են փոքր տնամերձ հողամասերը ոռոգելուն:
Գյուղապետի տեղեկացմամբ Գեղանիստում ոռոգման նոր ցանցի կառուցման անհրաժեշտություն կա, որի հեռանկարը մոտ ապագայում էլ չի երևում: Որպես այլընտրանքային ոռոգման միջոց նախընտրեցին խորքային հորի տարբերակը, սակայն հետազոտության արդյունքները հուսադրող չէին: Բարձր լեռնային գոտում ընդերքի ջուրը 210 մ խորության վրա է, այն էլ` շատ քիչ քանակությամբ:
Գեղանիստում տարիներ առաջ զգալի տարածքներ են զբաղեցրել գազարի ու կարտոֆիլի ցանքատարածությունները, սակայն սպառման շուկա չունենալուպատճառով տարեցտարի մշակությունը նվազեց: Այս տարի գազարի ցանքերը 10 հա — է, կարտոֆիլինը` 5 հա։ Գյուղի հողերի մի մասն էլ արոտավայրեր են, որոնք գտնվում են մշակովի հողահանդակների միջանկյալ տարածքներում: Արոտավայրերն իրենց բուն նպատակին չեն ծառայում բուսականության և ջրի բացակայության պատճառով: Մինչդեռ 333 տնտեսություն ունեցող համայնքում հաշվառված է 1250 խոշոր եղջերավոր անասուն: