ԿարևորՀասարակություն

Թոփ 5 դատավարություններ․ ինչ փուլում են ամենաաղմկահարույց դատական գործերը

4-րդ տարի է, ինչ գործող կառավարությունը փորձում է բարեփոխել դատաիրավական համակարգը։  Այս հուլիսի 21–ին ընդունվեց  դատական և իրավական ոլորտների 2021–2026 թ․թ․  կառավարության ռազմավարությունը։ Դրա կիրառումը հետաձգվել էր ռազմական և արտակարգ դրությունների պատճառով։

Որքանով կհաջողվի համակարգը այսպես ասենք «Խելքի բերել»՝ և կյանքի կոչել ծրագրում գրված նպատակները՝ դեռ վաղ է կանխատեսել։ Բայց փաստ է՝ համակարգի խութերից դժգոհում են թե քաղաքացիները, թե քչեական տարբեր գործերով անցնողները՝ այդ թվում բարձրաստիճան անձինք, թե իշխանության վերին օղակներում։

Հանրությունը հատկապես պատերազմից հետո շարունակ լսում է աղմկահարույց քրեական գործերի մասին։ Մարդիկ պարբերաբար ուղիղ եթերներով կարողանում են մասամբ հետևել այդ դատերին, որոնցում նաև մեր երկրի պաշտոնաթող նախագահներից երկուսի անուններն են՝ Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան և նրանց մերձավոր շրջապատի նախկին պաշտոնյաներ։

Պարբերաբար դատեր են, նիստեր, բարձրաստիճան անձանց ու սպաների անուններ, բայց նաև շարունակ ձգձգվող գործեր, որոնց ընթացքի «թելը» երբեմն կորչում է։ Դատարանները գերծանրաբեռնված են․ սա այդ գործերի ձգձգման պատճառներից մեկն է, բայց ոչ միակը։  Կան դիտարկումներ, որ ընթացող քրեական գործերը պարզապես ամուր հիմքեր չունեն։ Դրանով են բացատրում, որ 2018–ից սկսված աղմկահարույց և հանրային մեծ հնչեղության դատավարությունները շատ են, բայց դրանցից ոչ մեկի գործով դեռ վճիռ չկա։

Աղմկոտ դատավարությունները պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի ուղղության։

Ամենամութ ու ամենածանր գործերից մեկը, որի շուրջ աղմուկն ու բացահայտումների ակնկալիքն այդպես էլ չի նվազում,  «մարտի 1–ի» դատավարությունն է։ Նոր բացահայտումներ այս ընթացքում այդպես էլ չեղան, բայց ընթացքը փոխվեց․ նախորդ տարի ՍԴ որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրեական գործի քննությունը կարճվեց։ Այսպիսով ամբողջությամբ արդարացվեցին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող՝ 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, քանի որ մեղադրող հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց։

Կոռուպցիոն խնդիրներ՝  աղմկահարույց դատերի պայմանական առաջին խումբ։  

Սկզբնականում «քաղաքական» դիտարկվող գործերը փոխվեցին և այժմ առնչվում են տարբեր կոռուպցիոն խնդիրների և պաշտոնեական դիրքի չարաշահմանը։ Այսպիսի գործերով դեռ անցնում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ նախկին պաշտոնյաներ։ Երբեմն բացակայում են առանցքային վկաները, երբեմն մեղադրյալները, երբեմն դատերը վերածվում են քաղաքական հայտարարությունների հարթակի, երբեմն մեղադրանքի հիմքերը չեն գտնվում, ու այսպես դատերը շարունակվում են արդեն շուրջ 3 տարի՝ չդադարելով դիտվել որպես «քաղաքական»։

Նախկին պաշտոնյաներ և բարձրաստիճան սպաներ՝ սա պայմանական երկրորդ խումբն է։  Պատերազմից հետո հանրության ուշադրությունը սևեռվեց պետական դավաճանությունների գործով բացահայտումներին։ ԱԱԾ հաղորդագրություններն այս մասին պարբերաբար են ու խիստ մտահոգիչ։

Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է․

«2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում այս պահի դրությամբ քննվում է 7 քրեական գործ։ Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավված 40 անձ, նրանցից 7-ը գտնվում է կալանքի տակ։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ պետական դավաճանության դեպքերով հարուցված, քննված 7 քրեական գործ 16 անձանց վերաբերյալ արդեն իսկ ուղարկվել է դատարան, որոնցից 15 անձ գտնվում է կալանքի տակ։ Այդ գործերով ներկայում ընթանում է դատական քննություն»։

Այս խումբն ամենազգայունն է ու ամենաշատ նյարդ պահանջողը։ Կասկածներ կան, բայց անմեղության կանխավարկածից ելնելով՝ անուններ չեն տրվում, թե բարձրաստիճան սպայակազմից ովքեր են անցնում քրեական այս գործերով։ Ըստ լրատվամիջոցների՝ պետական դավաճանության գործերից մեկով մեղադրյալն արդարացվել է դատարանում։

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձում՝ քրեական գործերի պայմանական երրորդ խումբ։

Այսօրինակ խնդիրների համար անգամ ստեղծվում է առանձին դատարան, իսկ հանրությունը ուշադրությամբ հետևում և փորձում է հաշվել նախկինների ու ներկաների ունեցվածքը։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից երկու տարի անց էլ  ուժի մեջ չի մտել որևէ որոշում, որով պաշտոն զբաղեցրած անձի ու նրա ընտանիքի ունեցվածքը կճանաչվեր ապօրինի՝ վերադարձվելով պետությանը։ Փոխարենը գործող օրենքն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության։

Մոտ երկու տարում դատախազությունը 574 անձի վերաբերյալ 345 նյութ է ստացել։ 12 գործով արդեն հայց է ներկայացվել դատարան։ Քննություն սկսվել է դեռ երկուսով, որոնցով անցնում են ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանը և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս այժմ այս բնույթի գործով է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ Վահագնի թաղամասում առանձնատան ձեռքբերում, թեև Օհանյանն ու կինը հերքել են թանկարժեք առանձնատուն ունենալու պնդումները։

Այս գործերով իրավապաշտպանները և փորձագետները հստակ արտահայտվել են թաքնված խնդիրների մասին։ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կարրանզայի կարծիքով՝ 4 տարին բավարար չէ համակարգային փոփոխությունների համար։ Բայց այս հարցում, ըստ փորձագետի, կա հստակ մի բանաձև․

«Ապօրինի գույքի բռնագանձումը կարևոր է, ըստ փորձագետի, որպեսզի իշխանությունը կանխի կոռումպացված առաջնորդների վերադարձը իշխանության: Եթե չեք կարողանում ապահովել ապօրինի գույքի վերադարձը պետությանը, նախկին պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ, այդ ունեցվածքն օգտագործելու են իշխանության վերադառնալու համար»,-ասում է Կարրանզան։

Ընդդիմության գարնանային ակտիվ պայքարը՝ քրեական գործերի 4-րդ պայմանական խումբ։

Իշխանության որակմամբ՝ անկարգությունների, ընդդիմադիրների պնդմամբ՝ իրենց հետապնդման գործերն են։ Դրանցից ներկայիս ամենաաղմկահարույցը, թերևս, կալանքի տակ գտնվող Ավետիք Չալաբյանի գործն է։ Ընդդիմադիր հասարակական գործիչը մեղադրվում է ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու մեջ։ Ավետիք Չալաբյանի փաստաբանները պնդում են՝ իրենց պաշտպանյալը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ընդդիմադիրների գարնանային պայքարի ընթացքում «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորից 12-ը քրեական գործերով էին անցնում։ Հետընտրական փուլերում և ընդդիմադիր տարբեր շարժումների ընթացքում քրեական «աչքի» տակ հայտնվեցին Սյունիքի միանգամից մի քանի համայնքապետեր։ Հանրության աչքն ու ականջը հատկապես սևեռված էին Գորիսի այդ ժամանակ քաղաքապետ Առուշ Առուշանյանի դատի ընթացքին։ 

Մեծ քննություն է սպասվում նաև պայմանական 5-րդ ուղղությամբ։

Առայժմ ոչ թե դատարան, այլ ԱԺ պաշտոնյաներ են հրավիրվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին բացատրություններ տալու։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ մեծ ցուցակ են կազմել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․

«Անպայման, դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, և ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանը»։

Հանրային լայն հնչեղության քննություններից պարբերաբար ցնցվում է  դատաիրավական համակարգը։ Վեթինգ, անցումային արդարադատություն և դատաիրավական բարեփոխումներ՝  նպատակներ, որոնք գործնականում դեռ չեն իրագործվել։ Քաղաքացիներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակում են դժգոհել   համակարգի որակից։ Դժգոհողներից մեկն էլ վարչապետ Փաշինյանն է․

«Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է, որ մենք այստեղ իրական հաջողություններ չունենք»։

Գերծանրաբեռնվածությունը և ոչ լիարժեք անկախությունն են նաև պատճառ դառնում, որ Հայաստանի դատական համակարգը հայտնվում է ՄԻԵԴ-ում պատասխանողի կարգավիճակով։

Back to top button