ԿարևորՀասարակություն

Զինվորի տված 24 միլիոնը՝ պայմանագրայինի աշխատավարձ․ ՊՆ առաջարկը քննարկվում ու քննադատվում է

Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսող փոփոխություններով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որով զինծառայողը 4.5 ամիս ծառայությունից հետո 24 միլիոն դրամ վճարելու և ծառայությունից վաղաժամ ազատվելու հնարավորություն կունենա։ Այդ գումարը, ըստ նախագծի հիմնավորման, ուղղվելու է պայմանագրային զինծառայողներին՝ որպես աշխատավարձ։ Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումն ու պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անհրաժեշտությունը ամրագրված են կառավարության 2021-26 թթ ռազմավարության մեջ, սակայն նախագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Քաղաքացիները բողոքում են, փորձագետները տարակուսում, պատասխանատուները՝ հղում անում նախագծի հիմնավորումներին։

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 4.5 ամիս՝ 2 տարվա փոխարեն։ Առաջարկի հիմքում պարտադիր զինծառայության կրճատման ու արհեստավարժ պայմանագրային զինծառայության ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունն է՝ ասվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի հիմնավորման մեջ։

Կառավարության հնգամյա ծրագրի «Պաշտպանության ոլորտ․ զինված ուժերի բարեփոխումներ» բաժնում նշված է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ՝ պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը կարծում է, որ նախագիծն այս նպատակին կարող է ծառայել, սակայն նշում է իր կարծիքով  ամենամեծ խնդիրը․

«Պարտադիր զինծառայության ժամկետների կրճատումը, ըստ էության, տեղի է ունենում մասնակի ու սելեկտիվ, անհավասար մեկնարկային պայմանների վրա։ Երկու քաղաքացիներ տարբեր մոտիվացիաներով ցանկանում են օգտվել այս նախագծի ընձեռած հնարավորությունից՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը՝ 4.5 ամիսը լրանելուց հետո գումար մուծել ու պարտադիր զինծառայությունից ազատվել։ Այստեղ խոչընդոտող ու հնարավորություն տվող միակ միջոցը ֆինանսն է։ Արդյունքում՝ ունենալու ենք իրավիճակ, որ նրանք, ովքեր ֆինանսական միջոցներ ունեն, կարող են զորացրվել, իսկ ովքեր ոչ, պիտի ծառայեն այնքան, ինչքան օրենքը նախատեսում է»։

Նախագծով 4.5 ամիս պարտադիր ծառայությունից հետո 24 միլիոն դրամ վճարել ցանկացող զինծառայողները ազատվելու են ծառայության շարունակությունից։ 1 պարտադիր զինծառայողի վճարած գումարը տրամադրվելու է 1 պայմանագրային զինծառայողի որպես աշխատավարձ՝ 5 տարի, ամսական 400 000-ական դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող պայմանագրային ծառայության համակարգերից մեկով նախատեսվում էր ամսական 35 000- 45 000 դրամ՝ ամսական 7 օրացուցային օր արձակուրդի տրամադրում, իսկ ծառայության ժամկետի՝ 3 տարվա ավարտից հետո 5 մլն դրամի տրամադրում։ Սակայն 2021-22 զորակոչի ընթացքում որևէ դիմում չի եղել, իսկ այժմ այդ ծրագրով ծառայությունը շարունակում է ընդամենը 3 զինծառայող։ Այս դեպքում արդյո՞ք ամսական 400 000 դրամը գրավելու է քաղաքացիներին գնալ պայմանագրային ծառայության հարցին Մարգարյանը պատասխանում է․

«Ներկայացնում ենք նախագծի հիմնավորումը, բայց երբ հանրությունը չի տեսնում համապարփակ ռազմավարությունը, օբյեկտիվորեն առաջանում են այսպիսի հարցադրումներ։ Ես կարող եմ ենթադրել, որ սա այդ գործիքներից մեկն է, բայց մեր վերլուծությունները չպիտի հիմնվեն ենթադրությունների վրա։ Մենք պիտի հստակ տեսնենք ռազմավարությունը, թե այս գործիքին զուգահեռ կառավարությունն ինչպիսի այլ գործիքներ է պատրաստվում գործի դնել, ինչ քայլեր անել, որ կարողանա բանակի գրավչությունը բարձրացնել»։

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել պայմանագրային զինծառայողներին որոշ հարցերում տրվող  արտոնությունների շրջանակը՝ բնակարանային պայմանների, արտոնյալ վարկային պայմանների մասով։ Ռազմաքաղաքական փորձագետը նշում է, որ միջոցառումների ընդհանուր համատեքստում նախագիծը կարող է և արդյունավետ լինել, սակայն քանի դեռ հանրությանը ներկայացվում է  հատվածական ինֆորմացիա, արձագանքը մեծապես բացասական է լինում․

«Ինչո՞ւ է հիմա հանրության շրջանում նեգատիվն այսքան մեծ, որովհետև բանակը մեր ընկալման մեջ այն բանակն է, որտեղ քաղաքացին զրկանքներ է կրում, որտեղ ծառայության ժամանակ ինքը կտրվում է քաղաքացիական կյանքից, ուսումից և առողջությունն է կորցնում և շատ դեպքերում նաև կյանքը։ Բայց երբ կառավարությունը կարողանա ներկայացնել համապարփակ, ապա հանրության, վստահ եմ, բավական մեծ զանգված նաև կկենտրոնանա նրա վրա, որ այն քաղաքացիները, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ և կարող են տրամադրել դրանք, նրանք նույնպես իրենց ներդրումն են ունենում բանակի կայացման մեջ, բայց ֆինանսական միջոցներով։ Հիմա դեբատը միայն այն հարթության վրա է, որ ծառայելու են միայն նրանք, ովքեր ֆինանսական ռեսուրսներ չունեն»։

Նախագծի շուրջ  քննարկումները տարաբնույթ են, շատ են բացասական գնահատականները։ Առաջարկի հիմքում շատերը բանակի հիմքերի խարխլման, սոցիալական պայմանների վրա հիմնված անհավասար պայմանների, կոռուպցիայի օրինականացման ռիսկեր են տեսնում։ Փորձեցինք Պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ նախագծի հրապարակումից հետո առաջացած հարցերի ու հնչող գնահատականների վերաբերյալ։ Նախարարի խոսնակը հղում արեց նախագծի հիմնավորմանը՝  նշելով, որ բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ են։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը շեշտեց նաև, որ ծրագրից օգտվել ցանկացողները ծառայության 4.5 ամսվա ընթացքում ձեռք են բերելու որակավորում ռազմական որևէ ուղղությամբ, օրինակ, հրետանավոր, կապի մասնագետ և այլն, և պատերազմական իրավիճակում զորակոչվելու են բանակ՝ տվյալ մասնագիտությամբ ռազմական գործողություններում ներգրավվելու համար։

Back to top button