ԿարևորՀասարակություն

Հրատապ միջոց կիրառելու կարիք չկա․ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում մերժվել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է  Բերձորին և հարակից բնակավայրերին վերաբերող  Ադրբեջանի դիմումը ։ Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել  էր Եվրոպական դատարան ՝ խնդրելով «պարտավորեցնել Հայաստանին, նրա վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալ՝ տների այրումը, նաև՝ տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Միջազգային դատարանը նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսել:

Ադրբեջանը  դժգոհ է, որ հայկական Բերձորի ու հարակից գյուղերի բնակիչներից մի քանիսը որոշել են այրել իրենց տները՝  սեփական գույքը  թշնամի  երկրի քաղաքացիներին չթողնելու համար։ Բաքուն իր դժգոհությունը հայտնել է՝ ՄԻԵԴ դիմելով։ Միջանկյալ միջոց կիրառելու պահանջը  Եվրոպական դատարանը չի բավարարել։ Միջազգային  իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ դիմումը մերժվել է՝  Հայաստանի ներկայացրած հակափաստարկները հաշվի առնելով։ Բացի դրանից՝ չկա նաև հրատապության խնդիր՝ ասում է մասնագետը։

« Ըստ երևույթին,  հայկական կողմը  նշել է, որ կանխարգելող միջոցներ են ձեռնարկվել, որովհետև տեսնում ենք, որ տների այրումը համատարած բնույթ չկրեց․ երկու կամ երեք դեպք է։ Որոշ դեպքերում նույնիսկ կանխում է եղել։ Իշխանությունները կանխել են այդ ամենը, հակառակ դեպքում Ադրբեջանի դիմումը տեսական հիմքեր ուներ, քանի որ տարածքն այս պահին դեռ գտնվում է Արցախի, նույնն է  թե ՀՀ իշխանությունների վերահսկողության տակ, ու եթե ոչնչացվում է գույք, ապա իշխանությունները պարտավորություն ունեն։ Բայց երևույթը համատարած չի եղել, սահմանափակվել է մի քանի դեպքով, ինչը նշանակում է, որ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվել են»։  

ՄԻԵԴ-ը վերահաստատել է 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառած միջանկյալ միջոցը։  Դատարանն արձանագրել է, որ Հայաստանի  կառավարության վկայակոչած իրադարձությունների նկատմամբ, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:

«Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ ։ ՄԻԵԴ-ը  կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը»։

Հուլիսի 27-ին  Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է  ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այն, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած իրական սպառնալիքներին,  ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը: Արա Ղազարյանը վստահ է, որ Ադրբեջանն էլ Բերձորում ու Աղավնոյում տների այրման վերաբերյալ բողոքն է ներառելու միջպետական հիմնական  գանգատում։

«Հիմնական գանգատում  Ադրբեջանը հավելումներ կանի , որպեսզի հակասի Հայաստանի պնդումներին՝ և Փառուխի, և Բերձորի, և հետպատերազմյան  այլ դեպքերի վերաբերյալ։ Դա Ադրբեջանի տակտիկան է, դատավարության մարտավարությունը, որ միշտ հայելանման իրավիճակ ստեղծի։ Տվյալ դեպքում, եթե խոսքը միջանկյալ միջոցի մասին է, դիմումները բավարարվում են, եթե կա հրատապության խնդիր կա։ Եթե չկա, դիմումը միանում է ընդհանուր գանգատին և քննվում է ընդհանուր ժամկետով ու կարգով։ Եթե մերժել է, նշանակում է, որ Եվրադատարանը հրատապություն չի  դիտել այդտեղ։ Ես կարծում եմ՝  հրատապություն չկա, քանի որ մարդիկ դադարել են  այրել իրենց տները»։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան  մի քանի դրվագներով։  Բոլորում  ներառված է գերիների հարցը, դրանցից մեկն ամբողջությամբ վերաբերում  է նրանց արդար դատաքննության իրավունքին։  2021-ի փետրվարին ներկայացված բողոքի մեջ հիմնականը Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունն է, նրանց սեփականության, կրթության իրավունքների խախտումներին վերաբերող փաստերը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է․

«Այս փուլում նկատի ունենանք, որ գանգատի քննությունը դեռ գրավոր ընթացակարգում է։ Հայաստանն Ադրբեջանի կողմից մեր գանգատի վերաբերյալ առարկություններ է ստացել։ Այժմ պատրաստում ենք մեր առարկությունները․ մինչև սեպտեմբերի 8-ը պետք է ներկայացնենք ՄԻԵԴ։ Դրան կհաջորդեն արդեն գանգատի լսումները մեծ պալատի կազմով, բաց արդեն հաջորդ տարի»։

Միջպետական գանգատը ներկայացնելուց ավելի քան 1․5 տարի անց դեռ քննվում են գանգատի ընդունելիության և իրավազորության հարցերը, իսկ սեփականության իրավունքի խախտումների, դրանց չափի, գնահատման հարցերն, ըստ էության, կքննվեն երկրորդ փուլում։ Հայաստանն արդեն 1 տարի ապացույցներ է հավաքում։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է՝ այցելել են Արցախ, մանրակրկիտ ուսումնասիրել, փորձել պատկան կառույցներից ամբողջական ինֆորմացիա հավաքել բոլոր տեղահանվածների մասով։

Նախնական պատկեր ունեն․ «Իրավունքի խախտման զոհերի» քանակը 90 հազարից անցնում է, 100 հազարի է մոտենում։ Նրանք մարդիկ են, որոնք պատերազմի ընթացքում տեղահանվել են իրենց բնակավայրերից։ Խոսքը և անշարժ, և շարժական գույքի մասին է։ Աշխատանքներ տարվում են, պետք է ամբողջացնենք, որ ներկայացնենք Եվրոպական դատարան։ Դեռ այդ փուլին չենք հասել»։

Եթե իրավազորության լսումները կայանան 2023-ին, ապա հաջորդող տարիներին կարելի է ակնկալել նաև գանգատի քննությունը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ը նաև անհատական դիմումներ է ստացել։ Հարցին, թե որքան ժամանակում ՄԻԵԴ-ը կքննի գանգատները, միջազգային իրավունքի մասնագետ  Արա Ղազարյանը նկատում է։

«Դեռ մենք կհասցնենք մոռանալ այդ գործերի մասին։ Բավականին երկար կտևի»։

Վճիռներ լինում են, բայց Ադրբեջանը հրաժարվում է դրանք կատարելուց։ Այս երկիրն անգամ նախնական քայլերը չի ներկայացնում ՝ գործողությունների  ծրագրից սկսած՝ ասում է մասնագետը։ Արա Ղազարյանը  հիշեցնում է  «Մանվել Սարիբեկյանի գործն ընդդեմ Ադրբեջանի»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Ադրբեջանում գրեթե 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրել այդ երկրին Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո: Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանից պահանջել էին 120.000 եվրո։ Այս բողոքում Հայաստանի կառավարությունը ճանաչվել էր որպես երրորդ կողմ։

«Սարիբեկյանի գործով փոխհատուցման վերջնաժամկետը  2021թ դեկտեմբերն էր։ Դա նշված է Նախարարների կոմիտեի համապատասխան փաստաթղթում։ Արդեն ութ ամիս  Ադրբեջանն այդ գումարը չի վճարել ու այս մասով արդեն իսկ խախտում է թույլ տվել։ Չեմ ասում մյուս առավել կարևոր հարցերը՝  հետաքննություն անել, քրեական հետապնդում իրականացնել։ Այս իմաստով նույնիսկ գործողությունների ծրագիր չկա»։

Եվրոպական դատարանում  Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ արդեն կոնկրետ վճիռներ չկատարելու որոշումներ կան՝ ասում է  Ղազարյանը։  Երկու երկրներն այս առումով աչքի են ընկնում։  Այս պետությունների նկատմամբ պետք է խստացվեն  վերահսկողության քաղաքական  մեխանիզմները։

Հակառակ դեպքում Եվրոպայի խորհուրդն ինքն է արժեզրկվում՝ եզրափակում է միջազգային իրավունքի մասնագետը։

Back to top button