Անցակետերի առաջարկը՝ միջանցքի թեման օրակարգից հանելու միջոց․ փորձագետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջիկա հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում՝ հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Ըստ աղբյուրի՝ քննարկվելիք հարցերի օրակարգը հստակ չէ։ Փորձագիտական դաշտում կարծիք կա, որ մոսկովյան հանդիպմանը հայկական կողմը գնում է արդեն հայտնի առաջարկներով։ Հայ– ադրբեջանական անցակետերի մասին հայտարարությունը, վերլուծաբանների կարծիքով, Զանգեզուրյան միջանցքի թեման օրակարգից հանելու նպատակ ունի։
Օգոստոսի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախատեսվում է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպում։ Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանն այդ հանդիպումից դրական սպասելիքներ չունի։ Նրա խոսքով՝ նման հանդիպումներն ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծում։ Ադրբեջանն ամեն անգամ նոր պահանջներ ու մոտեցումներ է առաջ քաշում, որոնք չեն բխում հայկական կողմի և տարածաշրջանում խաղացող երկրների շահերից՝ ասում է քաղաքագետը։
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին հայ–ադրբեջանական միջպետական սահմանին երկու երկրների փոխվարչապետերի մասնակցությամբ ։ Այդ հանդիպմանը կողմերը վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների ձևաչափով աշխատանքներ տանելու սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Առաջիկա հանդիպմանը հայկական կողմը գնում է կոնկրետ առաջարկով՝ ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա մասին օրերս է խոսել ։ Խոսքը հայ–ադրբեջանական անցակետերի մասին է։
«ՀՀ–ն պատրաստվում է երեք ուղիներով անցակետ տրամադրել։ Այդ խաղաթղթով է գնում հանդիպման, բայց Ադրբեջանն անդրդվելի է, և իրենք կարծում են, որ իրենց ոչ միայն ճանապարհներ են հարկավոր և անցակետեր, այլև կոնկրետ «Զանգեզուրյան միջանցք», որը լիակատար կգտնվի իրենց վերահսկողության տակ»։
Հայաստանյան վերլուծական դաշտում հնչեցին կարծիքներ, թե հայկական կողմն անցակետերի առաջարկն անում է Զանգեզուրի միջանցքի թեման չեզոքացնելու համար։ Զրուցակիցս համաձայն է այդ պնդումներին։ Երեք տարբեր հատվածներ հատվածներով անցնող ուղիներ առաջարկելով՝ Հայաստանը տնտեսապես առավել շահավետ առաջարկ է անում, քան Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկություններն են՝ ասում է Հովհաննիսյանը։ Բայց երկու պետությունների նկրտումները ծավալապաշտական են։ Նպատակը երկու տարի անընդմեջ շրջանառվող գաղափարը կյանքի կոչելն է.
«Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այդ թեման քննարկվի, և այդ թեմայի շուրջ ծավալվեն բանակցությունները և ընդհանրապես բոլոր տեսակի քննարկումներ։ Բայց ես կարծում եմ, լավատես եմ, որ ՀՀ–ն չի գնա այդ ճանապարհով և չի խաղա Ադրբեջանի խաղի կանոններով և կպնդի իր առաջարկն առնվազն երեք ուղիներ տրամադրելու վերաբերյալ, որոնք Ադրբեջանը կարող է օգտագործել»։
Եթե «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումները դեռ տեսական են, ապա «Լաչինի միջանցքին» վերաբերող զարգացումներն արդեն գործնական փուլում են։ Արցախի խորհրդարանական հինգ ուժերի ղեկավարները հանդիպել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Ռուսական կողմը, հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը, նշել է, որ Լաչինի ճանապարհին փոխարինող նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։ Մինչդեռ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է, որ Արցախը Հայաստանին կապող երթուղու փոփոխությամբ պաշտոնական Բաքուն փորձում է ամրագրել, որ նոր երթուղին ճանապարհ է, և ոչ թե միջանցք.
«Առաջիկայում սպասվող հանդիպումների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», Արցախի ապառազմականացման և «Լաչինի միջանցքի» խնդիրները։ Նոր երթուղու փոփոխությամբ Ադրբեջանը փորձում է ամրագրել, որ այն ճանապարհ է, և ոչ թե միջանցք, ինչն անվտանգային նոր խնդիրներ է առաջացնելու»։
Կարեն Հովհաննիսյանը նույնպես նկատում է՝ միջանցքն ու ճանապարհը տարբեր հասկացություններ են։ Միջանցքն ավելի է, քան ճանապարհը, այն ապահովում է ոչ միայն մարդկանց ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը, այլև ենթակառուցվածքների կապն Արցախի հետ։ Բացի դրանից՝ միջանցքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունն ապահովում են խաղաղապահ ուժերը, իսկ ճանապարհի անվտանգության երաշխավորը այն երկիրն է, որի տարածքով անցնում է ճանապարհը.
«Նոյեմբերի 9–ի հայտարարությունում էլ ասվում է, որ լինելու է այլ միջանցք, ոչ թե այլ ճանապարհ, այլ երթուղիով միջանցք։ Սա ենթադրում է, որ կոմունիկացիոն համակարգը ևս պետք է փոփոխության ենթարկվի և այն միջանցքը, այն տարածքը, որը տրամադրվում է, այդտեղով անցնի»։
Ի դեպ, «Լաչինի միջանցք» տերմինը նոր չէ՝ ասում է քաղաքագետը, այն նշվել ու կիրառվել է դեռ խորհրդային քարտեզներում։ Հայկական կողմի խնդիրն այսօր միջանցքի երթուղու փոփոխությամբ դրա բովանդակությունը փոխել թույլ չտալն է։