ԿարևորՔաղաքական

«Թեժ աշնան» առաջին քայլը՝ ամռանը. ընդդիմությունը զարմացրեց ընդդիմադիրին 

2022-ի գարնանը փողոցային ակտիվ պայքար սկսած, ամռանը քաղաքական  դադար վերցրած ընդդիմությունը նոր որակի պայքար է խոստանում աշնանը: Փակագծերը դեռ չեն բացվում, թեև հիմնական պահանջն անփոփոխ է՝ վարչապետի հրաժարական:

Աշունը դեռ չի եկել, բայց նույն պահանջը երեկ հնչել է Հանրապետության հրապարակում: ԱԺ ընդդիմադիր ուժերը պաշտոնապես չեն միացել նոր դեմքերով նոր  նախաձեռնությանը, բայց հայտարարություն են տարածել, որը զարմացրել է նախաձեռնության անդամներին:  

Առնվազն 3 պատճառ այս տարվա  քաղաքական աշնան ակտիվացման համար. պատճառներից երկուսը օրացուցային են, մեկը՝ գաղափարական: Օրացուցային պատճառներից առաջինը բաժին է ընկնում սեպտեմբերին: Հայաստանի 18 համայնքներում նշանակված են ՏԻՄ ընտրություններ: Եթե սեպտեմբերին 25-ի ընտրություններում խոշորացված համայնքների և խոշոր քաղաքների ղեկավարման համար պայքարելու են 2 տասնյակից ավելի կուսակցություն ու դաշինք, ապա սեպտեմբերի 27-ին ընտրություն է նշանակված միայն Արարատի Վեդի քաղաքում: Այնտեղ պայքարի հայտ է ներկայացրել միայն երկու քաղաքական ուժ:

Թեև ավելի մոտը ՏԻՄ ընտրություններն են, բայց ժամանակից շուտ սկսված կամ քողարկված քարոզարշավներ նույնպես կան: Երևանի քաղաքապետի ընտրությունը քաղաքական ակտիվացման երկրորդ պատճառն է: Այն թեև 2023-ի աշնանն է  կայանալու, բայց հանրությունը Երևանի քաղաքապետի առնվազն երկու թեկնածուի անուն արդեն գիտի: ՔՊ-ից Տիգրան Ավինյանը 7 օր առաջ հաստատեց՝ իշխող կուսակցության հավանական թեկնածուն ինքն է: Հանրային տիրույթում առայժմ արձանագրվեց միայն հավակնությունը.

«Ես այստեղ եմ որպես ՔՊ կուսակցության վարչության անդամ և այո, որպես ՔՊ կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»:

3 օր առաջ հայտ ներկայացրեց նաև քաղաքական նոր ուժերից մեկը. «Ուժը Հայրենյաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանն է: Այս տարվա հունվարին ստացավ ՀՀ անձնագիր, այժմ սովորում է հայերեն և անգամ գույքագրում մայրաքաղաքի խնդիրները. 

«Ես խոստանում եմ այս դերը կատարել արժանապատվորեն, պրոֆեսիոնալիզմով և ջանասիրությամբ»:

Երրորդ հավանական թեկնածուի հաստատումը դեռ չկա, բայց «Դիմադրություն» շարժումից քաղաքական հայտ ներկայացրած Լևոն Քոչարյանը, ըստ լրատվամիջոցների, նույնպես քաղաքապետի թեկնածու լինելու հավակնություններ ունի։

Գարնանային ակտիվ պայքարից հետո ի դեպ, «Դիմադրություն» շարժումը դեռ չի վերադարձել ակտիվ գործողությունների: Արձակուրդներից և հանգստից առաջ  պայքարի հաջորդ փուլի ժամկետ էին նախանշել՝ աշուն:

Քաղաքական ակտիվացման երրորդ պատճառը՝ ըստ էության,  գաղափարական, Հայաստանի և Արցախի ապագային առնչվող օրակարգն է՝ նոր դերակատարներով: Այժմ հարթակում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Կոչ է անում վայր դնել բոլոր քաղաքական դրոշները և պայքարել մեկ նպատակի համար: Հանրապետության հրապարակից նախօրեին ազդարարեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Թեև գարնանային պայքարի մասնակիցներից անհատներ հրապարակում ներկա էին, բայց օրինակ «Հայաստան» դաշինքը շտապեց հայտարարել.

«Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։ Եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ոչ հրաժարականն է ստացվելու, ոչ էլ պաշտոնանկությունը»։

Ակնհայտ է, որ ընդդիմադիր համակիրների նման մոտեցումը անակնկալ էր հենց Էդգար Ղազարյանի համար: Դա պարզ դարձավ թե լրագրողների հետ նրա զրույցից, թե հարթակից նրա ելույթից.

«Ճիշտն ասած, ինձ համար մի քիչ անակնկալ է, թե ինչո՞ւ են շտապում այդ հայտարարությունն անել, մանավանդ, որ որոշումը կարելի էր կայացնել քննարկումների արդյունքում: Շտապելու նպատակը, ճիշտ ասած, չեմ պատկերացնում և կարծում եմ, որ նույնիսկ եթե կա նման հայտարարություն, դա չի կաշկանդի նրանց»: 

«Մտավախություն ունեն պատգամավորները, լսել ենք հայտարարությունները, որ եթե նույնիսկ լինի նման նախաձեռնություն, ՔՊ-ն հիմա չի ընտրի այդ (ընդդիմության վարչապետի թեկնածու – խմբ. ) թեկնածուին: Իսկ ո՞վ է խոսել նրանց հետ: Պետք է ունենալ թեկնածու, պետք է գնալ պառլամենտ, և այդ ժամանակ մեր հաջորդ հանրահավաքի վայրը պետք է լինի ԱԺ մուտքը»:

Պայքարում ամառային դադար վերցնելուց առաջ վարչապետին իմպիչմենտ հայտնելու նպատակի մասին առաջինն ազդարարել էր «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը: Այդ հայտարարությամբ ևս ժամկետը աշունն էր: 

Գործող իշխանությունից նաև այդ մտադրություններին են արդեն պատասխանել: Ընդդիմադիրների աշնանային պայքարին թերահավատ են մոտենում թե հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, թե պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Էդմոն Մարուքյան. «Հաջորդ փուլը ժողովրդի որոշման պառլամենտի 5 տարվա ժամկետն է: Որևէ մեկը չի պատրաստվում այդ պառլամենտը ցրի, ինքս էլ դեմ եմ դրան, որովհետև Հայաստանը խորը մարտահրավերներ ունի և պետք է դրանով զբաղվել: Հիմա չի կարելի որևէ բան անել: Ցանկացած ցնցում հղի է նոր պատերազմով»:

Արսեն Թորոսյան. «Իրենց համակիրների փոքր բանակին նման ստերով սնուցելը չեմ կարծում, որ որևէ վտանգ է պարունակում ոչ մեր խմբակցությանը, ոչ կառավարությանը, ոչ էլ մեր երկրին: Դա ավելի շատ իրենց համար է վտանգավոր, որովհետև հերթական ձախողված փորձն է լինելու քաղաքական պրոցեսի: Ընդամենը»:

Էդգար Ղազարյանի նախաձեռնության համար սահմանվել է խիստ սեղմ ժամկետ: Ըստ նախաձեռնողի՝ մինչև օգոստոսի 31-ը Հայաստանը նոր վարչապետ պետք է ունենա, որպեսզի այլ մարդ հանդիպի այս ամսվա վերջին հավանական եռակողմ՝ Պուտինի ու Ալիևի հետ հանդիպմանը: Ի դեպ, եռակողմ հանդիպման պաշտոնական հաստատում դեռ չկա:

Վերլուծաբաններից շատերի ուշադրությունը, սակայն, սևեռված է հենց արտաքին խնդիրներին  և հենց այդ տիրույթում է, ըստ նրանց,  թեժ զարգացումների հավանականությունը: 

Back to top button