ԿարևորՀասարակություն

«Մարտախաղում», ինչպես մարտադաշտում․«Իրական դպրոցը» Ստեփանակերտում է

2016թ-ից Երևանում, ապա Գյումրիում, Վանաձորում և Գորիսում գործող «Իրական դպրոց»-ը սեպտեմբերից մասնաճյուղեր կունենա նաև Ստեփանակերտում և Իջևանում։ Հայտերն արդեն  ընդունվում են։ «Իրական դպրոցի» ուսումնական ծրագիրը միջին մասնագիտական է։ Այստեղ համակարգերի կառավարում, ավտոմատացում և  նախագծում են սովորում։ Դպրոցի 200–ից ավելի շրջանավարտների մեծ մասը շուկայում պահանջարկ ունեցող, որակյալ մասնագետներ են, որոնք կարևոր նախագծեր են ղեկավարում և իրականացնում։  

Նախ` նպատակ, հետո` գիտելիք․ «Իրական դպրոցում» սկզբում որոշում են խնդիրը, որը լուծում է պահանջում, ապա ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքները։ Նախագծահեն կրթությունը ենթադրում է ուսուցում նախագծի իրականացման ընթացքում։ Այդպիսով ոչ միայն լուծվում է իրական պահանջարկ ունեցող խնդիրը, որը հաճախ տեխնոլոգիական ընկերություններն են ձևակերպում, այլև սովորողները գործնական հմտություններ են ձեռք բերում, իսկ հաստատությունն ավարտում՝ աշխատանքի առաջարկը գրպանում ։ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի փոխտնօրեն Հասմիկ Սարգսյան․

«Քանի որ «Իրական դպրոցի»  նախանպատակներից  է կրճատել աշխատաշուկա տանող ճանապարհը, ուստի մեր ուսանողները՝ 3-4-րդ կուրսեցիները և արդեն շրջանավարտները, անմիջապես հնարավորություն, անհրաժեշտ ու բավարար գիտելիք են ունենում աշխատաշուկա անցնելու համար»։

Հանրակրթական պետական նոր չափորոշիչների ներդրմամբ նախագծային ուսուցումը փորձում են ներդնել նաև դպրոցական կրթական ծրագրերում։ Հասմիկ Սարգսյանի խոսքով՝ հաճախ նախագծային կրթություն արտահայտությունը չարաշահվում է, սակայն այստեղ կարմիր թել կա․ նախագծային ուսուցումն ինքնանպատակ չէ․

«Նախագծային կրթության հենքը ոչ թե ինքնանպատակ նախագծերն են, այսինքն՝ աշխատանքներ, որոնք հորինում է ուսուցիչը կամ նախարարությունը և արտապատվիրում դպրոցին, այլ նախագծերը, որոնք իրական պատվիրատուներ ունեն։ Մեր դպրոցն իրական է կոչվում հենց այդ պատճառով․ կրթությունը բացառապես բխում է իրական խնդիրներից։ Ուսանողները գիտեն, որ իրական պատվիրատու և հստակ ժամանակացույց ունեն։ Գիտեն, որ խնդրի լուծումը պետք է որևէ մարդու, համայնքի կամ ընկերության և հստակեցված ժամկետներ ունեն, որոնցից չեն կարող շեղվել»։

«Իրական դպրոցի» ուսանողները նախագծել են երկակի կիրառությամբ  հայկական «Բագրևանդ» օպերացիոն համակարգ, որն անվտանգ է և կարող է ծառայել պետական և մասնավոր ընկերությունների փաստաթղթաշրջանառությանը՝ կանխելով տեղեկատվական արտահոսքերը։ Համակարգը ճկուն է, հնարավորություն է տալիս մասնագետին կառուցել իրեն անհրաժեշտ օպերացիոն համակարգը։ Ուսանողների ձեռքով ստեղծվում է նաև «Մարտախաղ» նախագիծը, որով իրական մարտադաշտի պայմաններին մոտ համակարգ է ստեղծվում։ Մասնակիցը կարող է ծանոթանալ ռազմական դրության առանձնահատկություններին, էլեկտրաշոկով նախագծված հագուստները թույլ են տալիս զգալ անգամ ֆիզիկական ցավը։ Մարտադաշտում «զոհը» ցավ է զգում, երբ, օրինակ, ուսին կրակում են, կարող է վիրավորվել, անգամ՝ «մեռնել»  և դուրս մնալ խաղից։

«Հստակ ցավի բացակայությունը սովորողի մոտ կրակի հանդեպ վախ չի առաջացնում, իրական ռազմական պայմաններից մի տեսակ «շեղված» է։ Մեր խնդիրն էր հնարավորինս իրականին մոտ պայմաններ ստեղծել, քանի որ վերջին երկու տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հաճախ մարդը հոգեֆիզիոլոգիապես պատրաստ չի լինում այդ դրությանը։ Այսպիսի աշխարհաքաղաքական պայմաններում ապրելով՝ էապես կարևորում ենք բոլորի պատրաստվածությունը՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես»։

Ծրագրի նախատիպը պատրաստ է։ «Իրական դպրոց»-ի դուստր կազմակերպությունը՝ «Դյուցազն»-ը, նախագիծն առաջարկվել է ԲՏԱ  նախարարությանը և դրամաշնորհով իրականացնում է այն։

Back to top button