ԿարևորՀասարակություն

Անկանխիկ գործառնություններից օգտվել է շուրջ 17 000 կենսաթոշակառու

Հուլիսին ՀՀ կենսաթոշակառուները 524 մլն դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով կենսաթոշակային հետվճարային համակարգի ներդրման առաջին արդյունքները։

Ըստ նախարարի՝ անկանխիկ գործառնություններից օգտվել է ՀՀ կենսաթոշակառուների միայն 10 տոկոսը` շուրջ 17 000 մարդ։

«Հատկանշական է, որ նախքան հուլիս 1-ից մեկնարկած մեր միջոցառումը այս թիվը եղել է 0»,-հայտնել է նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրել է. «Այսինքն` կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չեն արել»։

Արդյունքում` միայն հուլիսի ամսվա համար կենսաթոշակառուներն օգոստոսին կստանան 44 մլն դրամի հետվճար, որը, ըստ Մկրտչյանի, յուրաքանչյուր թոշակառուի համար կկազմի միջինը 2600 դրամ։

«Բայց դեպքեր կան, երբ թոշակառուները մաքսիմալ սահմանված հետվճար են ստանալու։ Շուրջ 2000 մարդ հենց 50000 դրամի առևտուր է արել, ու նրանք մաքսիմալ հետվճար են ստանալու»,-ասել է Մկրտչյանը։

Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։

Back to top button