ԿարևորՄշակույթ

«Միասին կարող ենք»․ մեկնարկել է «ֆրեսկո» փառատոնը

«Երեխաների հատուկ ստեղծագործական  կենտրոն»-ը է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Ֆրեսկո» արդի արվեստի ու հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ։ Փառատոնն այս տարի «Միասին կարող ենք» խորագրով է ընթանում։

Հայաստանի վաստակավոր արտիստ,  դաշնակահար Հայկ Մելիքյանն առաջին անգամ հանդես է գալու բացօթյա համերգի ձևաչափով։ Երաժիշտն  ասում է՝ երբևէ չէր պատկերացնի, որ ակադեմիական երաժշտությունը կարող է նաև այդ ձևաչափով հնչել։ Սակայն համավարակը կոտրեց կարծրատիպը՝ այդպիսի  համերգները օրինաչափ դարձնելով ։

Դաշնակահարի  համերգը տեղի է ունենալու  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որն անցկացվելու է Սուրբ Աննա եկեղեցու բակում։

«Նման ձևաչափով համերգներն արդեն ուրույն տեղ ունեն իմ կարիերայում»։

Արդեն 9-րդ անգամ «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի ու ճաշակի  հանդիսատեսի ՝ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական։  Փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն ասում է՝ «ֆրեսկո»–ն  մշակութային երկխոսություն սկսելու հնարավորություն է։  Այս տարի նույնպես փառատոնն իր շուրջը կհամախմբի տարբեր երկրներից  ժամանած արվեստագետների, կինոգործիչների ու  մտավորականների։

«Փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 40 միջազգային ֆիլմեր՝ խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ ու կարճամետրաժ։  Այսօրվանից սկսվում են  նաև ֆիլմերի դիտումները, հանդիպումները, վարպետության դասերը»,–ասում է  Նազարենկոն։

Այս ֆիլմերը մերժում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, անդրադառնում են հաշմանադամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում նրանց  արարելու ու աշխատելու ներուժը՝ շեշտում են  փառատոնի կազմակերպիչները։ Մի կարևոր շեշտադրում ևս՝ փառատոնը միշտ ունեցել է ներառական ուղղվածություն, որի մասին կազմակերպիչները  չեն սիրում բարձրաձայնել։ «Ֆրեսկո» փառատոնի  հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյան։

 «Մենք հասկացանք, որ  միասին կարող ենք ու  յուրաքանչյուրս ունենք մեր ուժեղ ու թույլ կողմերը։ Մենք պետք է հնարավորություն տանք բոլոր խմբերին դրսևորելու իրենց ուժեղ կողմերը։ Երբ մենք սկսում ենք աշխատանքները, ոչ մի դժվարություն չկա։ Հատկապես արվեստի ոլորտում այդ ինտեգրումը շատ արագ ու հեշտ է ստացվում»։

Երաժիշտ  Ալեքսանդր Ժուկովն իր օրինակով  է ցույց տալիս՝ եթե խնդիր ունես, ապա այն  չպետք է խանգարի երազանքներիդ հասնելուն։ Ասում է՝ հասարակությունն այս առումով պարզապես ինֆորմացիայի պակաս ունի։

 «Հաշմանդամություն ունեցող մարդուն հասարակությունը նայում է  ինչպես այլմոլորակայինի։ Օրինակ՝ մոտենում են ինձ հետ խոսելու, կնոջս ասում են՝ իրեն ասեք։ Իհարկե, հասկանալի է, որ մենք ինչ–որ բանի հասնելու համար պետք է ավելի շատ աշխատենք, ավելի մեծ ուժ ու ժամանակ ներդնենք, բայց ամեն ինչ հաղթահարելի է»,–ասում է   երաժիշտը։

Նշենք, որ այս տարի փառատոնի շրջանակում Վանաձորում նաև ներառական մշակութային ճամբար կկազմակերպվի, որին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ: Փառատոնն իրականացվում է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։  Աջակցում են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

Կարդացեք նաև

Back to top button