ԿարևորՀասարակություն

Անկախության ծիլերն ու «ճաքերը»․ երկրի «ծննդյան վկայականի» ծնունդն է  

ՀՀ անկախության հռչակագրի 32–րդ տարեդարձին Հայաստանում կրկին խոսակցություններ կան անկախությունը վերանվաճելու անհրաժեշտության մասին։ Սակայն այս թեզը ոչ բոլորն են ընդունում։

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում: Մեկնարկած գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Այժմ Հայաստանը նոր խնդիրների առջև է կանգնել, և 1990–ականի Գերագույն Խորհուրդն կրկին խորհրդանշական նիստ է գումարել՝ առաջարկելու լուծումներ։ Անկախ Հայաստանի արդի ծանր խնդիրների մասին իր շնորհավորական ուղերձում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առանձնացրել ենք 3 սկզբունքային թեզ։

Անկախության հռչակագրի ընդունումից 32 տարի անց Հայաստանում կրկին խոսում են անկախության ճանաչման մասին։ Առաջինը խնդրին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր շնորհավորական ուղերձում․ մեջբերում․

«Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչեւ օրս ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր»:

90–ականների ԳԽ անդամ, նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը եւս կարծում է, որ անկախության ճանաչման գործընթացը չի ավարտվել 1991–ի սեպտեմբերի 21–ի Հանրաքվեով կամ դրա արդյունքներով։  

«Այսօր իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ անկախությունը վտանգված է, վտանգված է մեր տարածքային ամբողջականությունը, վտանգված է մեր սահմանների անձեռնմխելիությունը, վտանգված է մեր ինքնիշխանությունը։ Այսինքն՝ վտանգված է այն հենքը, որի շուրջ ձևավորվեց անկախության հռչակագիրը, հետևաբար, ըստ իս, մենք պետք է շատ հստակ գիտակցենք և դիմենք մեր հանրությանը, որ մենք կանգնած ենք անկախությունը վերանվաճելու անհրաժեշտության առջև»։

«Անկախության վերանվաճում» ձևակերպումը ճիշտ չի համարում ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր, նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը։ Հիմնավորում է, որ աշխարհում գոյություն ունի ՀՀ միավոր, որը ճանաչել են ՄԱԿ–ը և միջազգային հանրությունը, ինչպես խորհրդային մյուս պետություններին՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

«Այս տեսանկյունից մենք ունենք անկախ պետություն։ Սա փաստ է։ Այլ բան է, որ անկախության մասին խոսելիս մենք ենթադրում ենք անկախություն ոչ միայն զուտ իրավական տեսանկյունից, այլև պետական հզորություն, միջազգային հանրությունում սեփական դիրքերի պաշտպանության շատ ավելի մեծ հնարավորություններ, ավելի մեծ ինքնաբավություն, սեփական ժողովրդի և հասարակության հիմնախնդիրները լուծելու ավելի մեծ հնարավորություններ և այլն։ Ահա միգուցե այս տեսանկյունից է, որ մենք ավելին ենք ակնկալում, և դա շատ ճիշտ է, որ մենք ավելին պետք է ակնկալենք»։

Վարչապետի շնորհավորական ուղերձի ուշագրավ մեկ այլ դրույթ․Փաշինյանն ընդգծել է, որ անկախությունն անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, եւ առաջիններից այդ ճաքը, ցավոք, արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում: Եւ ստացվել է այնպես, որ ըստ Փաշինյանի, անկախության համար այսօր պայքարում ենք ամեն օր։

Անկախությունն ապահովող կառուցակարգի այդ ճաքերն իրենցից որոշակի վտանգ են ներկայացնում, ինչը շուտափույթ լուծման կարիք ունի՝ իր հերթին հաստատում եւ շեշտում է Մհեր Շահգելդյանը։

«Ցանկացած պետության անկախությունն ունի երկու կարևոր հենք՝ մեկը անվտանգությունն է, մյուսը՝ զարգացման և մրցունակ լինելու ունակությունը։ Պարտությունը հանգեցրել է նրան, որ մեր զինված ուժերը թուլացել են։ Այս տեսանկյունից մեր անկախության կարևորագույն ատրիբուտն այսօր վերականգնվելու խնդիր ունի։ Սա ոչ միայն անկախության պահպանման, այլև կենսագոյության ապահովման առաջնային պահանջն է»։

Երկրի անվտանգությունն այն հիմնական խնդիրն է, որը ներքաղաքական նոր պայքարի է հանել գործող կառավարության ընդդիմախոսներին։ Գերագույն խորհրդի անդամ, տարբեր գումարումների պատգամավոր Հրանուշ Հակոբյանին և Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի միավորել է մեկ նպատակ․

Հրանուշ Հակոբյան. «Երկրի անվտանգության հարցերն այսօր գտնվում են ծանր վիճակում։ Սփյուռք–Հայրենիք–Արցախ պետք է համախմբվեն, պետք է միանան, պետք է ուժեղանանք, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ։ Որովհետև Սփյուռքն իր տեղում, Արցախն իր տեղում, Հայաստանն իր տեղում կկարողանան որոշակի հաջողությունների հասնել։ Սփյուռքը մեր նավթն է, մեր գազն է։ Եթե նրանք (ադրբեջանցիները՝ խմբ․) իրենց մարդ են զգում իրենց նավթով ու գազով, որը սահմանափակ է, ապա մեր ազգը, որը 10 միլիոնանոց հզոր, ուժեզ մտավորական մարդկանց գումար է, անսպառ է»։

Էդգար Ղազարյան. «Այսօր պետք է իջեցնել բոլոր դրոշները, այսօր պետք է գետնին դնել բոլորիս շահերը և բարձրացնել միայն մեկ դրոշ, ՀՀ պետական դրոշը և առաջնորդվել միայն մեկ շահով, ՀՀ պետական շահով»։

Պետական շահը պետք է հստակ և ճիշտ ձևավորվի նախ պետության ներսում, հետո դիվանագիտորեն ճիշտ ներկայացվի միջազգային հանրությանը, գործընկերներին։ Վարչապետի ուղերձի մեկ այլ ուշագրավ դրույթ․մեջբերում․

«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններն են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանն այս առումով նկատում է՝ դաշնակիցներն, անշուտ, կարեւոր են՝ ռազմավարական նշանակության, որոնք պետք է կարողանաս ձևավորել և պահպանել, բայց՝. «Բայց առաջինը մենք մեզ պետք է նայենք։ Պետք է տեսնենք մեր դիվանագիտությունը, առաջինը պետք է տեսնենք դաշնակցային հարաբերություններ ձևավորելու մեր ունակությունները։ Սա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Մենք պետք է դիտարկենք մեր շահերը, մնացածը դիվանագիտական տեխնիկայի հարց է։ Երբ դու հստակորեն քո դաշնակիցներին, քո բարեկամներին, չեզոք երկրներին ներկայացնում ես քո շահերը բաց, օբյեկտիվ և թափանցիկ և ասում ես՝ արի տեսնենք քո շահերը որոնք են, որպեսզի կարողանանք աշխատել շահերի համադրման կամ չեզոքության դաշտում, այդ դեպքում ամեն ինչը ավելի պարզ է»։

32 տարի առաջ Հայաստանում հայտարարեցին, որ Հայաստան պետությունն ընթանալու է բոլորովին նոր ուղով։ Անկախության հռչակագրով ամրագրվեց, որ մենք ենք տերը մեր հողի, ջրի, ընդերքի և մեր հարստության։
Մեր անկախության պատմությունը բազմաթիվ սխալների ու բացթողումների փաստեր ունի, ծանր փաստեր։ Պետական մտածողության ձեւավորման կարիքը շատ մեծ է, ու դրա կողքին շեշտադրվում է նաեւ այն, որ անձն իրեն պատասխանատու զգա անկախ երկրի ճակատագրի հարցում՝  առաջնորդվելով «ես եմ տերը իմ երկրի» մոտեցմամբ։

Back to top button