ԿարևորՀասարակություն

Նոր նախագիծը մասնագիտական կրթությանը նոր հեղինակություն է խոստանում. փորձագետ

Միջին մասնագիտական կրթության ոլորտի շրջանավարտների 40 տոկոսից ավելին ավարտելուց հետո գտնում է մասնագիտական  աշխատանք։ Ոլորտի պատասխանատուներն ասում են՝ «Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում առաջարկվող  փոփոխություններով այդ թիվը ոչ միայն կմեծանա, այլև թույլ կտա ավելացնել դասավանդող վարպետների և դասախոս-մանկավարժների վարձատրությունը: Նախագծի ընդունմանն անհամբեր սպասում են հենց մասնագիտական ուսումնական հաստատությունները։

Բուհերի բազմազանության, դրանց առաջարկած նոր մասնագիտությունների կողքին գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց պահանջարկը ևս շուկայում ցածր չէ։ Տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության հանդեպ՝  կոտրելով բարձրագույնի դիպլոմ անպայման ունենալու կարծրատիպը:  Այս ոլորտը, սակայն, առանձնահատկություն ունի․չի կարող կայանալ առանց գործատուի մասնակցության, բայց կարծես այն դեպքն է, երբ ցանկությունը, անհրաժեշտությունն ու առաջարկները համընկնում են։ Հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյան.

«Հայաստանում դեռևս ձևավորված չէ այդ մշակույթը։ Կարծում եմ՝ այս օրենքը կնպաստի, որ սոցիալական գործընկերները երկարաժամկետ կտրվածքով փորձեն իրենց համար կադրեր դիտարկել և այն բազան ձևավորել, որ մեր պատրաստի կադրերը դուրս կգան աշխատաշուկա։  Որովհետև, ըստ շատ գործատուների, հայաստանյան ՄԿՈՒ համակարգից դուրս եկած ուսանողների ճնշող մեծամասնությունն իրենց պահանջներին չի բավարարում»։ 

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակությամբ նկատում է, որ մասնագիտությունների ցանկերը, կրթական ծրագրերը վերանայելու, աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ազդակները հաճախ հենց գործատուներից են ստանում, ինչն արդեն իսկ ձեռքբերում է մասնագիտական կրթության բնագավառում.

«Կարծում եմ՝ սա մեզ պետք է թույլ տա կրթության որակը փոխել և իրոք հասնել տնտեսության կարիքներին համապատասխան անհրաժեշտ կարողությունները ունեցող շրջանավարտների ձևավորմանը։ Երկրորդ կարևորագույն ուղղությունը մասնավորի հետ համագործակցության ձևաչափերի ընդլայնումն է։ Մենք պատրաստ ենք գնալ ընդհուպ մինչև կառավարման մոդելների, և հիմա  նման մի մոդել արդեն փորձարկում ենք։ Տավուշի տարածաշրջանային քոլեջի հիմքի վրա փորձելու ենք ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր ստանալ։ Մինչ այդ մենք ամեն տարի գյուղատնտեսական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրման ենք գնում, բայց ցավոք դիմորդների հետաքրքրվածությունը և դիմելիությունը ցանկալի մակարդակի չէ, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ համատեղ գործակցությունն իր առաջին պտուղները տալիս»։ 

Քանի որ մասնագիտական կրթությունն ու աշխատաշուկան փոխկապակցված են, կրթական համակարգը պետք է այնքան ճկուն լինի, որ կարողանա համապատասխանել տնտեսության կարիքներին՝ նկատում է կրթության փորձագետ Նորա Սարգսյանը։

«Մենք, նախ, ոլորտի հեղինակության խնդիր ունենք, ընկալման խնդիր ունենք, թե ինչ է միջին մասնագիտական կրթությունը։ Եվ այդ առումով մարդկանց մոտ ստերեոտիպային ընկալում կա, որ պետք է ձգտել դեպի բաձրագույն կրթության։ Մինչդեռ ստանալով բարձրագույն կրթություն, բայց չունենալով աշխատաշուկայում իրացման հնարավորություններ՝ ուսանողը ստիպված է լինում հետագայում կատարել բոլորովին այլ աշխատանք։ Ներգրավելով կրթական պրոցեսին գործատուներին՝ մենք ապահովում ենք, որ ուսանողը ստանա գործնական գիտելիք, այսինքն՝ ստանա համապատասխան գիտելիքներ և հմտություններ, դրանով իս հարթի իր ճանապարհը դեպի աշխատաշուկա»։

Պահանջված մասնագետներ պատրաստելու հարցում խնդիր է նաև դասավանդող մասնագետների պակասը։ Սա ուղիղ համեմատական է ՄԿՈՒ ոլորտի ցածր աշխատավարձերին՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը.

«Իսկապես, այս համակարգը անարդար ձևով ցածր է վարձատրվում, թեև բավական բարդ աշխատանք է։ Այդ առումով ճիշտ կլինի, որ այդ հաստատություններում աշխատող բոլոր մանկավարժներն ունենան այն հնարավորությունները, որոնք ունեն դպրոցների ուսուցիչները՝ ատեստացիա, տարակարգեր, առողջապահական ապահովագրություն»։

Կրթության գերատեսչությունում չեն հերքում՝ աշխատավարձերը, իսկապես, ցածր են։ Մտադիր են մասնագիտական կրթության  ոլորտում ներդնել տարակարգի և ատեստավորման համակարգեր, ինչը հնարավորություն կտա բարելավել դասավանդող վարպետների և դասախոս-մանկավարժների վարձատրությունը: «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը մի  շարք փոփոխություններ է նախատեսում։ Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք, որը հնարավորություն կտա կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազոր մարմնին՝ ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Ըստ այդմ՝ կսահմանվեն նոր մասնագիտություններ,  կիրականացվի ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, կներդրվեն վարձատրության նոր մեխանիզմներ: Նախագծի ընդունմանն անհամբեր սպասում են հենց մասնագիտական ուսումնական հաստատությունները։ Վստահ են՝ փոփոխություններից շահառուները միայն շահելու են։

Back to top button