ԿարևորՀասարակություն

Ամերիկացի «լրտեսը» Գորիսում պաշտպանունակ համայնքային կենտրոն է նախագծել

Ամերիկահայ ճարտարապետ և «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայում փորձաշրջան անցնող Արմեն Գարիկյանը, որպես բակալավրի դիպլոմային աշխատանք, Գորիսում պաշտպանունակ համայնքային կենտրոն է նախագծել։  Գարիկյանն ապրիլին ավարտել է Լոս Անջելեսի համալսարանի ճարտարապետական դիզայն մասնագիտության բակալավրիատը։ Իր ստեղծած  Spark կամ Կայծ համայնքային կենտրոնը նպատակ ունի երիտասարդների համար ստեղծել կրթական, ստեղծարար և ժամանցային հարմարավետ միջավայր, որը պաշտպանական ճարտարապետությամբ պատրաստ կլինի հնարավոր վատագույն սցենարներին։

Միացյալ Նահանգներում ծնված և մեծացած Արմեն Գարիկիանի նախնիներն Էրզրումից են։ 44 օրյա պատերազմի ընթացքում անընդհատ մտածում էր՝ ինչ անել Հայաստանի համար։  2021թ-ին, երբ սկսեց գործակցել  «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ, «Դեպի Հայք» ծրագրով եկավ Հայաստան։  Փորձեց տեղում հասկանալ հետպատերազմական վիճակը՝ դարձյալ մտքում ունենալով նույն հարցը՝ ինչպե՞ս մասնագիտական հմտությունները ծառայեցնել երկրին։

«Ուսումնասիրում էի այս թեման և հասա Գորիս, որտեղ սահմանի մոտ կարող էի տեսնել պատերազմի անմիջական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի վրա։ Այդ ժամանակ սկսեցի խորանալ այդ նախագծի մեջ և իրապես մտածել, թե ինչպես կարող ենք որոշ հարցեր լուծել, որոնք հիմա շատ կարևոր են մեզ համար»։  

Արմեն Գարիկիանը

Նախագիծն ամբողջացնելու համար հարցազրույցներ — զրույցներ ունեցավ  44-օրյա պատերազմի մասնակիցների և Գորիսի բնակչության հետ։ Առաջինների հետ շփումը միանգամից է ստացվել, երկրորդների հետ՝ ոչ այնքան․

«Ամենակարևորը Գորիսի քաղաքացիների հետ խոսելն էր, օրինակ՝ խանութում։ Հետաքրքիր էր, որովհետև իրենք էլ ինձ, առաջին անգամ տեսնելով, առաջին բանը, որ մտքերով անցնում էր, այն էր, թե ամերիկացի լրտես եմ։ Բայց մի քիչ խոսելուց հետո կարողանում էի լուրջ հարցազրույցներ անել»։

Ի՞նչ է  իրենից ներկայացնում Գորիսում պաշտպանունակ համայնքային կենտրոն ստեղծելու նախագիծը։ Արմեն Գարիկյանի խոսքով՝ նախագծի առանցքում քաղաքի երիտասարդությունն է։ Ծրագրով ապահովվում է նրանց կյանքի «երկակիությունը»։ Բազմաֆունկցիոնալ կառույցը երիտասարդներին հնարավորություն է տալու կրթվել՝ սկսած փայտ տաշելուց մինչև 3D տպագրություն, միաժամանակ պատերազմական իրավիճակի պայմաններում կառույցը կարող է վերածվել բունկերի կամ հրամանատարական կետի։

«Երեխաները նորմալ սովորում և խաղում են։ Նաև սովորում են, թե ինչպես պաշտպանել իրենց տները։ Այսինքն՝ կյանքի և պատերազմի այս երկակիությունը պետք է հաշվի առնել տարածաշրջանի նոր զարգացումներում։ «Կայծ»-ը պաշտպանունակ համայնքային կենտրոն է, բունկեր և ստեղծարար տարածք։ Երբ շենքը փակում է իր պատյանը, մոտ 100 հոգի երկու ամիս կարող է պատսպարվել։ Պատերազմի ժամանակ շենքի ֆունկցիան կարող է փոխվել, դառնալ բունկեր կամ հրամանատարական կենտրոն, իսկ առօրյայում համայնքային կենտրոն է»։

Մինչեւ «Դեպի Հայք» ծրագիրը՝ Արմենը Հայաստանում եղել է, սակայն կարճ ժամանակով՝ որպես զբոսաշրջիկ։ Վերջին այցից հետո նպատակ ունի մի քանի տարի անց հայրենադարձվել։ Ինչու՝ բացատրում է․

«Երբ ծնողներս մեծանում էին, այդ ժամանակ Հայաստան չկար, իրենց համար երազանք էր, որ մի օր տեղափոխվեն Հայաստան։ Բայց ծնողներիս սերունդը ընտանիք կազմեց, հետո դժվարացավ, և չկարողացան տեղափոխվել։ Պատերազմից առաջ մտածում էի՝ որպես սփյուռքահայ ինչ կարող եմ անել երկրի համար։ Լավագույն պատասխանն այն էր, որ գամ այստեղ ապրեմ։ Հայը ինչո՞ւ Հայաստան չմնա, մանավանդ հիմա, որ այսքան մարդ երկրից գնում է»։ 

Զրուցակիցս ասում է՝ երբեմն սփյուռքահայերը չեն հասկանում՝ որքան կարևոր է Հայաստանում ապրելը։ Կարծում է՝ աշխարհով մեկ փռված հայերի գոնե մի մասը պետք է վերադառնա Հայաստան։ Ինչու է անձամբ իր համար դա այդքան կարևոր՝  հակիրճ  է պատասխանում․ «Իմ սիրտ այդտեղ է, դրա համար է կարևոր» ։

Պաշտպանունակ համայնքային կենտրոնի նախագիծը Արմենը ներկայացրել է թե Միացյալ Նահանգներում, թե Հայաստանում։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն կա, սակայն ֆինանսավորման խնդիրը դեռ լուծված չէ։

Back to top button