ԿարևորՔաղաքական

Փաստաթուղթ, որը փաստաթղթերով բացատրելու և կարգավորելու կարիք ունի․ եռակողմ հայտարարության չնկատվող կողմերը

ԵԱՀԿ ՄԽ-ն ղարաբաղյան հակամարտության լուծումներ առաջարկելիս 3 հիմնարար դրույթներից մեկով բացառում էր ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այդ կետը փաստացի խախտվել է մի քանի անգամ, ուժի սպառնալիքը շարունակվում է կիրառվել նաև այսօր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չընդգրկված հարցերի լուծման ժամանակ։

Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են ըստ ցանկության, այդ փաստաթղթի հիմքում կան նպատակներ, բայց ոչ լուծումներ, հետևաբար՝ առաջացած խնդիրների բանակցային լուծումները առաջացնում են նոր կասկածների հիմքեր։ Ըստ այդմ՝ հայկական կողմից պարբերաբար հնչում են նոր փաստաթղթերի կնքման կամ նոր իրավական կարգավորումների ամրագրման մոտեցումներ։

2020-ի պատերազմի միջոցով Ղարաբաղյան հակամարտության լուծման փորձ, փաստացի՝ ուժի կիրառման սպառնալիքի տակ նույն թվականին ստորագրված եռակողմ հայտարարություն և կրկին ուժի կիրառման սպառնալիքով եռակողմ հայտարարության մեջ չընդգրկված բնակավայրերի հայաթափում․ այս ամենը Հայաստանի քաղաքական և վերլուծական դաշտին թույլ են տալիս պնդել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը թերի է։ Խնդրի մասին խոսում են քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը և փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

Լևոն Շիրինյան․ «Նոյեմբերի 9-ի համաձայնությունն անօրինական է, որովհետև դա ուժի սպառնալիքի տակ է տեղի ունեցել։ Այսինքն՝ այստեղ միջազգային իրավունքի առումով շատ խախուտ է»։

Նորայր Նորիկյան «Հասկանալի է՝ այդ հայտարարությունն ինչ պայմաններում է ստորագրվել, ավելին՝ մեր քաղաքական ուժն առաջինն է եղել, ով արձանագրել է, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Սահմանադրության իրավակարգավորումների լույսի ներքո այդ հայտարարությունը՝ անկախ նրա վերնագրի բովանդակությունից ,հանդիսանում էր միջազգային պայմանագիր և ենթակա էր ՀՀ ԱԺ կողմից վավերացման, հետևաբար՝ դրա լեգիտիմության խնդիրն էլ կա այդ առումով։ Ինչ վերաբերում է բովանդակային առումով կատարման և դրա դրույթների առաձին մեկնաբանման՝ ամեն մի կողմը այլ կերպ է ընկալում»։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմքում նպատակների բովանդակությունից բացի՝ քայլերի հաջորդականության և դրված խնդիրների լուծման իրավական կարգավորումներ դրված չեն։ Այստեղից էլ առաջանում են կետերի յուրովի մեկնաբանությունները։ Սրանք են ստիպում, որ տեղում առաջած խնդիրների լուծման համար նոր բանակցություններ սկսվեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկային  ոչ Խծաբերդը, ոչ Փառուխը, ոչ էլ մի շարք այլ բնակավայրեր, որոնք պատերազմից հետո անցան Ադրբեջանի վերահսկողությանը։ Օրերի ընթացքում հանձնվելու են նաև Բերձորը, Աղավնոն և Սուսը և Հայաստանն Արցախին կապող հիմնական միջանցքը։ Տարածքները թշնամուն հանձնելու մասին որևէ առանձին իրավական փաստաթուղթ կամ կարգավորում, ըստ էության, չկա։ Ուստի խիստ մտահոգիչ ու խնդրահարույց են մնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, միջանցքից ենթակառուցվածքների տեղափոխումն ու նոր՝ այլընտրանքային ճանապարհի կարգավիճակի հարցը։

Երկու տարի է՝ վերահսկողությունից վերահսկողություն են անցնում տարբեր բնակավայրեր։ Օրինակներ է բերում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը․

«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հանձնվող բնակավայրերի ցանկում սխալմամբ հայտնվել էր Արցախի Չարեքտար գյուղը, Արցախի կառավարությունը այդ գյուղի անունն էլ էր դրել։ Մինչև սխալը, թյուրիմացությունն ուղղվեց 1-2 օր տևեց։ Այդ գյուղը ամբողջովին թալանվեց, քանդվեց, հրկիզվեց։ Այս պահին 200 միլիոնից ավելի գումար է դրվել այդ գյուղի տները վերականգնելու համար և դեռ բավականին շատ գործ կա անելու։ Կամ պատերազմից, էլի այդ հայտարարությունից հետո կորցրեցինք քաշաթաղի շրջանի Բերձորից հարավ ընկած որոշ բնակավայրեր՝ Հունանավան, Մեղվաձոր, Մելիքաշեն, Մարաթուք և այլն, որոնց մեծ մասը Աղանուս համայնքի կազմում էին և 2 տարի հետո, այսօր այդ նոր միջանցքի՝ հարավ տեղափոխվելու հետ կապված այդ բնակավայրերը հայտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս միջանցքի տարածքում։ Բայց այդտեղ ամբողջ բնակֆոնդը ոչնչացված է»։

Քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկան հստակ կարգավորումներ, Աղավնոյի դեպքում արցախյան կողմը ռուսական միջնորդությամբ ստիպված էր բանակցել ադրբեջանական կողմի հետ, ինչն էլ բանակցություններից դուրս շրջանակներում որոշ կասկածներ առաջացրեց։ Կոնկրետ Աղավնոյի դեպքում, Խանումյանի խոսքով, հույսեր կային։ Բոլորովին այլ տպավորություններ ունի վերջին օրերին Աղավնոյում ընտանիքով ապրած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Հայկ Խանումյան «Միշտ էլ ասվել է, որ Բերձորը պահել հնարավոր չի լինելու։ Աղավնոյի պահով հույսեր կային, որովհետև շատ մոտ էր այդ միջանցքին, և որոշ նախագծերով նախատեսվում էր նաև ճանապարհը այնպես տանել, որ Աղավնոն հենց 5 կիլոմետրանոց միջանցքի հատվածում հայտնվի։ Հենց դրանով էին պայմանավորված մինչև վերջին վայրկյանը Աղավնոյի շուրջ բանակցությունները»։   

Սուրեն Պետրոսյան «Ցավոք, այս ողջ ընթացքում մենք տեսանք, որ քաղաքական համակարգի գլխավոր և հիմնական դերակատարների կողմից կամ մոտ գերակայում է միմիայն խմբային շահը։ Որևիցե կերպ որևէ մակարդակում հանրային և պետական շահը արտահայտված չի եղել»։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ակնարկեց ռուս խաղաղապահների գործառույթների հստակեցման անհրաժեշտությունը։ Իրականում, նոյեմբերի 9-ի փաստաթղթում իրավական կարգավորումներ պահանջում են բոլոր կետերը, նշում է փաստաբան Նորայր Նորիկյանը․

«Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում խաղի այլ կանոններ են գործում, քան այս փաստաթուղթը, հետևաբար, այս փաստաթուղթը գրոշի արժեք չունի։ Հետևաբար, պետք է հստակեցնել այդ փաստաթղթով ամրագրված իրավակարգավորումների լեգիտիմությունը։ Ես կարծում եմ՝ Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի։ Նախ և առաջ այդ հայտարարությունը ստորագրած կողմերի, տվյալ դեպքում Ռուսաստանի հետ պետք է հստակեցնի իր հարաբերությունները»։

Հայկական կողմից պարբերաբար հնչում են նոր փաստաթղթերի կնքման կամ նոր իրավական կարգավորումների ամրագրման մոտեցումներ։ Նոր փաստաթղթային հստակեցումներով, ըստ վերլուծաբանների, նաև կհստակեցվեն Հայաստանի «կարմիր գծերը», որից այն կողմ պահանջներ հայկական կողմին այլևս ներկայացվել չեն կարող։ Ըստ այդմ՝ հայկական կողմը նախ՝ ինքն իր համար պետք է այդ հստակեցումներն անի ու պահանջի, որ դրանք ամրագրվեն նոր իրավակարգավորումներով՝ ասում են վելուծաբանները։  

Back to top button