ԿարևորՀասարակություն

Յոթնաբերդը տոնում է իր օրը․ Կապանում գիտեն՝ խաղաղություն ուզելու համար պիտի ուժեղ լինել

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքի էջից

Քանի տարեկան է Կապանը` ոչ մի պատմաբան չի կարող ասել։ Չնայած դրան՝ անփոփոխ է քաղաքի տոնը նշելու օրը՝ օգոստոսի վերջին շաբաթ օրը։ Տոնն ուղեկցվում է միջոցառումներով Սյունիքի մարզկենտրոնում։ Ծաղկադրման արարողակարգ՝ արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների շիրմաքարերին,Դավիթ Բեկի հուշարձանին, կապանցի զորավար Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրու բացում, համերգներ, հանդիսավոր նիստ, պարգևատրումներ։

Կապանցիներն ու Կապանի հյուրերն օգոստոսի 20-ին արթնացան պարեղանակներից․ Կապանն իր տոնի մեկնարկը տվեց յուրահատուկ ֆլեշմոբով՝ազգային պար բոլոր թաղամասերի բակերում։ Քանի՞ տարեկան է Կապանը՝պատմաբանները վերջնական եզրահանգում չունեն։ Շրջանային քաղաքի կարգավիճակ է ստացել 1938թ․-ին, ու տպավորություն է կա, թե 84 տարեկան է, բայց դարերի պատմություն ունի՝ ասում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը․

«Ըստ Ստեփան Օրբելյանի հիշատակության՝ այն բնակավայր էր 5-րդ դարում, իսկ 10-րդ դարից հիշատակվում է որպես Սյունյաց թագավորության մայրաքաղաք։ Հայաստանն ունեցել է 4 թագավորություն, բայց Կապանի թագավորությունն ամենաերկարտև ու հզորն էր, որը ոչ միայն Սյունյաց, այլ նաև հարևան տարածաշրջաններն է պահել»։

Սյունիքի մարզկենտրոն Կապանն ունեցել է սահմանները տեղանշող յոթ բերդ ու կոչվել Յոթնաբերդ։ Հետագայում անվանվել է Կապան։ Կան պնդումներ, որ Կապանը հնդեվրոպական բառ է ու նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Այլ տեսակետի համաձայն՝ «կապ» նշանակում է «փակ». քաղաքն, իրոք, պարփակված է լեռնաշղթաներով։ 15-րդ դարի սկզբում Կապանն ավերվել է, անունը, թուրքական աղավաղմամբ, արտասանվել Ղափան, իսկ Հայաստանի անկախացումից հետո նորից հնչել Կապան։ Սյունյաց առաջնորդական թեմի տեղապահ Հոգեշնորհ տեր Մակար Վարդապետն ամեն օր Աստվածաշնչից բացի, նաև Ստեփան Օրբելյանի աշխատությունն է կարդում։ ․

«Երբ կարդում ենք մեր հայրերին, այնտեղ Կապանի մաս էին համարվում Կովսականը, Բերձորը, ինչպես նաև Սոթքը՝ ամբողջությամբ։ Երբեք Արցախն ու Սյունիքը տարանջատված չեն եղել, եղել են նույն ժողովուրդը, նույն հավատք կրողը։ Ես, որպես այս հինավուրց թեմի առաջնորդ, որ ժառանգորդն եմ սյունյաց Սրբերի, օրհնում եմ իմ զավակներին այս տոնի առիթվ, որ Աստված մեծ զորություն ու իմաստնություն տա, որ կարողանանք հավատքով, մեկս մյուսին հարգելով  հզորանանք, ու տերը լինենք մեր երկրի, այն երկրի, որ ժառանգել ենք Նոյ նահապետից, այն երկրի, որտեղ Միածին որդին է իջել, այն երկրի, որտեղ մեր սրբերն ու հայրերն ապրել են դարերով»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախ փոխանցեց վարչապետ Փաշինյանի շնորհավորանքը․ վարչապետը ցանկություն ուներ մասնակցելու, բայց Վրաստանում է՝ փոխանցեց։ Ապա կարևորեց իր սկզբունքն ու աշխատելու բանալին՝ միասնական լինել։

«Պատմությունն իր ողջ ընթացքում մեզ ապացուցել է, որ Սյունիքն անպարտելի է, երբ միասնական է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կապանցիներին, որովհետև մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում եմ այստեղ, և հենց կապանցիներն էին թելադրում մեզ՝ ինչպես պահենք մեզ, ինչպես վարվենք, ինչպես անենք այն, ինչ ցանկանում է սյունեցին, կապանցին։ Իսկ սյունեցին ցանկանում է մի բան՝ միասնական լինել, որ դիմակայենք մարտահրավերներին։ Սյունիքը եղել է, կա ու կմնա անկոտրուն»։

Կապանի տոնն այս տարի հատուկ խորհրդանշանական իմաստ է ստացել, տարին նվիրված է Վահանավանքի 1111 ու Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիքի ազգային ազատագրական պայքարի 300-ամյակներին։ Սրանք զուտ հոբելյանական տարեթվեր չեն։

Գևորգ Փարսյան․ «1111 ամյա Վահանավանքն ապացույցն է, որ այս տարածաշրջանը հայկական հնագույն քաղաքակրթության օջախ է եղել, շարունակում է մնալ, ու հենց այդպես էլ Կապանը փոխանցելու ենք սերունդներին։ Այդ խորհրդով է պայմանավորված նաև Դավիթ Բեկի ազատագրական պայքարը, որը բխում էր ոչ միայն մեր ինքնությունը պահպանելուց, այլ նաև պետականություն չունենալու պայմաններում հայկականությունը պահելու ձգտումից։ Դեռ 300 տարի այս տարածաշրջանի ապրողները ցույց են տվել իրենց պայքարող, միասնական ու անկոտրուն տեսակը, ինչին էլ ապավինել են առաջնորդները»։

Խաղաղության գինը կապանցին լավ գիտի։ Կապանը զգացել է արցախյան պատերազմների հետևանքները։ Պատահական չէ, որ տոնն այս անգամ կրում է «Ապրիր խաղաղ, Սյունյաց ոստան» կարգախոսը։ Սա է կապանցու ցանկությունը, ու խաղաղություն ուզելու համար պիտի ուժեղ լինել։ Կապանը՝  խրոխտ ու անկոտրուն, նաև նուրբ ու զգայուն է։ Չսիրելն անհնար է։  

Back to top button