ԿարևորՀասարակություն

Շուշի, Հադրութ, Բերձոր, Աղավնո. հայկական գույքի պատասխանը Ադրբեջանը կտա ՄԻԵԴ-ում

2020-ի պատերազմից հետո Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված քաղաքացիների սեփականության և գույքային իրավունքների վերականգնումը ղարաբաղյան հակամարտության պայմաններում կիրառելի չէ ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի դատարաններում: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված քաղաքացու իրավունքների վերականգնման միակ ատյանն այս դեպքում մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Ստրասբուրգ:

Հայաստանում այժմ նոր նախաձեռնություն է սկսվել՝ ձևակերպել և ՄԻԵԴ ուղարկել գույքային անհատական հայցեր:

Ադրբեջանը հիմա իր մոտ է պահում շուշեցիներին, հադրութցիներին, Արցախի այլ բնակավայրերի բնակիչներին պատկանող անշարժ գույքը։ Տեղահանվածները չեն կարող օգտվել իրենց դաշտերից, արոտավայրերից, բնակարաններից։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է և կաշկանդված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, պարտավոր է հարգել այն՝ ասում է ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, փաստաբան, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից Արման Զրվանդյանը՝ շեշտելով՝ այդ կոնվենցիայի երկրորդ հոդվածով պարտավոր է չխլել մարդկանց կյանքի իրավունքը, երրորդ հոդվածով՝ չխոշտանգել, իսկ առաջին արձանագրության առաջին հոդվածով պարտավոր է պաշտպանել և հարգել գույքային իրավունքները։ Փաստաբանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ում արցախցիների գույքային իրավունքի հայցերի բավարարման հավանականությունը մեծ է:

Ադրբեջանի դեմ 3 և Թուրքիայի դեմ 1 միջպետական հայաստանյան հայցերին ՄԻԵԴ — ում առաջիկայում կարող են ավելանալ տեղահանված արցախցիների անհատական հայցերը: Նախաձեռնությունն ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, փաստաբան, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից Արման Զրվանդյանինն է: Փաստաբանը հաշվի է առել Եվրոպական դատարանի նախադեպերը և հաշվարկել՝ իրատեսական հնարավորություն կա լուծել արցախցիների գույքային խնդիրները և պատասխանատվության դաշտ բերել Ադրբեջանին: Խոսքը տան, հողամասի, խանութի և այլ գույքի մասին է:

«Ադրբեջանի ԶՈւ և վարչական իշխանությունները հսկողություն են իրականացնում այդ տարածքների նկատմամբ և, հետևաբար, գույքից օգտվել թույլ չտալը՝ հադրութցին և շուշեցին չի կարողանում գնալ և իր բերքահավաքն անել, իր տանն ապրել: Եթե դա գույքային իրավունքի խախտում է, ապա պատասխանատուն Ադրբեջանն է, որովհետև հսկողություն է իրականացնում: Այստեղ էական չէ, թե միջազգային իրավունքով դա ում տարածքն է համարվում: Դա թող որոշեն քաղաքական գործիչները միջազգային հարաբերությունների պայմանագրերի միջոցով: Այստեղ խոսքը մեկ անձի գույքային իրավունքների մասին է: Իսկ այդ առումով նշանակություն ունի այն, թե այս պահին ով է հսկողություն իրականացնում այդ տարածքի նկատմամբ, ով թույլ չի տալիս այդ քաղաքացուն մտնել իր հողամաս: Դա Ադրբեջանի իշխանություններն են»:

Սեփական գույքի խնդրով զբաղվելը բացառապես իրավական գործընթաց է և քաղաքական զարգացումների հետ որևէ առնչություն չունի: Փաստաբան Զրվանդյանի ներկայացմամբ՝ անհատական հայցերով փոխհատուցման նախադեպեր ՄԻԵԴ-ում արդեն եղել են: Հայցվորը փաստաբանի հետ երկար ճանապարհ է անցնելու: Օրինակները կան:

2008-ի ռուս-վրացական պատերազմում Հարավային Օսիայից տեղահանված անհատ քաղաքացիները, որոնք զրկվել էին գույքից, 2009-ին էին դիմել ՄԻԵԴ՝ ՌԴ դեմ: Տասնյակ գանգատների մասին ծանուցումները դատարանը Ռուսաստան ուղարկեց միայն 2021-ին՝ պատերազմից մոտ 13 տարի հետո: Ռուս-վրացական պատերազմից հետո «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» երկու վճիռ է եղել, բայց այս դեպքում միջպետական գանգատների հիման վրա, ոչ թե անհատական: Վճիռներից մեկը հրապարակվել է նախորդ տարի․ դատարանը դրանով ճանաչել է գույքային իրավունքի խախտումներ, բայց դեռ փոխհատուցման հարցը չի լուծել։

Կա նաև «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» հայցի նախադեպը: Երբ Թուրքիան ներխուժել էր  Կիպրոսում և օկուպացրել Հյուսիսային Կիպրոսը, այնտեղից տեղահանված մարդիկ դիմեցին ՄԻԵԴ և շահեցին գործերը։ Հենց անհատներն իրենց կորցրած գույքի դիմաց դրամային հատուցումներ ստացան։ Ամենահայտնի գործերից փաստաբանը նշում է «Լոիզիտոն ընդդեմ Թուրքիայի» գործը, որով հայցվորը ստացել է փոխհատուցում իր անձնական սեփականության իրավունքի համար:

«Քանի որ կա այդ հնարավորությունը, և որոշեցի օգտագործել և թույլ տալ արցախցիներին, որոնց գույքային դրությունը շատ ծանր է հիմա, որպեսզի հնարավորություն ստանան հետագայում, եթե դատարանը բավարարի իրենց ներկայացրած գանգատները, ապա որոշակի դրամական փոխհատուցման դեպքում կարողանան բարելավել իրենց գույքային դրությունը: Այս պահին խորհրդատվություն եմ տալիս և գանգատներ եմ պատրաստում Հադրութից և Շուշիից տեղահանված քաղաքացիներին»:

Փաստաբանը չի բացառում, որ Արցախի այլ բնակավայրերից դուրս գալու և գույքը թողնելու դեպքերն էլ  ներառեն դատավարական նախագծի մեջ:

Փաստաբանական ծառայությունների դիմաց արցախցիներից այս պահին վճար չի գանձվում, չնայած ՄԻԵԴ գանգատ ուղարկելն էժան չէ։ Ծառայությունները և ջանքերը կփոխհատուցեն, երբ ՄԻԵԴ-ում փոխհատուցման վճիռներ կկայացվեն՝ ասում է Զրվանդյանը և հավելում՝ գործնականում այլ բնույթի բարդություններ են առաջացել: Արցախցիների դեպքում որոշակի փաստաթղթային խնդիրներ կան: ՄԻԵԴ-ի կարգն է՝ ապացուցողական պարտավորությունները դիմողինն են, ոչ թե դատարանինը: Բայց այս դեպքում էլ կան բացառություններ:

«Չի կարող քաղաքացին պարզապես դիմումի ձևը ուղարկել և սպասել, որ Եվրոպական դատարանն իր փոխարեն ինչ-որ ապացույցներ կգնի: Ոչ: Բայց սա ընդհանուր կանոնն է: ԵԴ-ն հասկանում է, որ մազապուրծ եղած, փախած քաղաքացին չէր կարող, օրինակ, ավիառումբերի հարվածից փախչելիս դարակը բացել և վերցնել իր սեփականության վկայականը: Դա կարող էր կյանք արժենալ, և դա դատարանում շատ լավ պատկերացնում են: Հետևաբար՝ թեև նրանց վրա դրված է ապացույցներ ներկայացնելու պարտականություն, բայց նրանց վրա դրված չեն անհնարին պարտականություններ: Ապացուցողական շեմը բավականին իջեցված է: Օրինակ կարող եմ բերել, որն ամրապնդված է ԵԴ-ի նախադեպերում: Քաղաքացին կարող է ներկայացնել, օրինակ, փոստային անդորրագիր, որ այդ հասցեում առաքանի է ստացել: Դա ցույց է տալիս, որ եթե նա այդ հասցեում առաքանի է ստացել, այն էլ մի քանի անգամ, հետևաբար տիրապետել է այդ գույքին: Դատարանն ասում է՝ ցանկացած փաստաթուղթ, ի դեպ, բնօրինակը չէ: Եթե անգամ սեփականության որևէ վկայականի անգամ նկար կա, մենք կարող են դա տպել և ուղարկել»:

Կայացված վճիռների դեպքում դրանք պարտադիր են կատարման: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Եվրոպական դատարանի վճիռները «հարկադիր» կատարող քաղաքական մարմինն է: Եթե եռամսյա ժամկետում չի վճարվում դատարանի սահմանած գումարը, դրան տոկոսներ են գումարվում։ Եվ ոչ ոք չի կարող զրոյացնել այդ գումարները։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետությունների մեծամասնությունը միշտ կատարել է Եվրոպական դատարանի հատկապես դրամային վճիռների մեծ մասը։

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանում Հայաստանի 4 միջպետական հայցերին, ապա դրանցից մեկով գրավոր փուլերի ընթացակարգը գրեթե ավարտվում է, բանավոր փուլը, հավանաբար, կսկսվի 2023-ին՝ ասում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Մենք սկզբնական հրատապ միջոց կիրառելու պահանջն էինք ներկայացրել, հիմա արդեն ներկայացրել ենք ամբողջական գանգատը՝ ըստ պահանջների, թե կոնկրետ ինչ իրավունքներ ենք համարում, որ խախտվել են, և ձևակերպել ենք մեր կոնվենցիոն պահանջները: Խոսքը մի խումբ իրավունքների մասին է՝ քաղաքացիական բնակչության տեղահանումների մասին, խախտվել է թե՛ նրանց անձնական կյանքի անձեռնմխելիության և թե՛ սեփականության իրավունքը։ Մենք ունենք խնդիրներ՝ կապված կյանքի իրավունքի խախտումների հետ՝ քաղաքացիական անձանց կյանքի համար բարձր ռիսկ ստեղծելը, ահաբեկելը: Կհիշեք, այդ ժամանակահատվածում շատ տարածված էին գյուղերի շրջակայքում բարձրախոսների միջոցով ահաբեկող մեսիջները հայերենով: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է առաջացել նաև գազանջատումների պատճառով առաջացած զրկանքները: Այս ամբողջ կտորով ներկայացված ապացույցները տվել ենք դատարանին, և դատարանն արդեն որպես ամբողջական գանգատ է համարել և ծանուցել է պատասխանող պետությանը»:

Նախօրեին ՄԻԵԴ-ը անդրադարձել է նաև Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանմանը:

Հայաստանի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջի հիմքով դատարանը վերահաստատել է 2020-ի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց:

ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:

Back to top button