ԿարևորՄշակույթ

Վանաձորում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

Երեկ Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցած համերգով մեկնարկեց  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։

Ինքնատիպ համերգային  ծրագրով հանդես եկավ Վանաձորի Կամերային երգչախուբմը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը։  Նմանը չունեցող համերգային ծրագիրն իր շուրջն էր հավաքել Վանաձորի արվեստասեր հասարակությանը։ Ներկաները հնարավորություն ունեցան մասնակիցը լինելու արդեն իսկ սիրված փառատոնին։

Գեղեցիկ բեմ, շքեղ լուսավորություն, բարձրորակ երաժշտություն,  աննկարագրելի տպավորություններ․սա այն ամենն էր ինչ կարելի էր հանդիպել Վանաձորում փառատոնի բացման հանդիսավոր արարողության ընթացքում։

«Թվով արդեն 9-րդ անգամ փորձում ենք հնարավորինս անել, նորովի ներկայացնել փառատոնը, հասարակությանը՝ բոլոր հարթակներում հաղորդակից դարձնել մշակույթին, դառնալ կամուրջ արվեստի, հասարակության եւ ներառականության միջեւ։ Մեր գերնպատակներից մեկն է ակտիվացնել մարզային մշակությաին կյանքը»,-նշում է փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն։

Ի դեպ,  այս օրերին  Վանաձորում մշակութային ակտիվության պակաս չի լինի, փառատոնի շրջանակում նախատեսվում են  իրականացնել ֆիլմերի դիտում-քննարկումներ,ազգային պարերին նվիրված միջոցառում եւ համերգային ծրագրեր։

Հարկ է նշել, որ այս տարի փառատոնի շրջանակում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար, որին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնին աջակցում են նաեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

Back to top button