Տիեզերքի առևտրայնացումը՝ գործարարների մանկական երազանք․ ի՞նչ արժե տոմսը դեպի տիեզերք
Այս տարի Հայաստանը ձեռք բերեց իր առաջին արբանյակը։ Աշխարհում, մինչդեռ, տիեզերական շուկան գրավում են ոչ այնքան պետությունները, որքան մասնավոր ընկերությունները, որոնք տիեզերական տուրիզմի զարգացման հավակնոտ ծրագրեր ունեն ուղղությամբ։ Ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների տարբեր խմբերի տիեզերք ուղարկելով՝ մասնավոր ընկերությունները միայն երկրի ուղեծրով չեն բավարարվում, ցանկանում են զբոսաշրջիկներին հասցնել նաև Լուսին, բացառիկ հնարավորություն ստեղծել՝ տեսնելու Երկիր մոլորակի «ծագումը» Լուսնից։
Տիեզերքի առևտրայնացումը 2001թ-ից իրականություն է։ Տիեզերական առաջին զբոսաշրջիկ ամերիկացի գործարար Դենիս Տիտոն ռուսական «Սոյուզ» տիեզերանավով 7 օր Երկրի ուղեծրում էր։ Երկրի շուրջ 128 պտույտը 20 միլիոն դոլար արժեցավ։ 2 տասնամյակ անց Տիտոն նշում է՝ մինչև հիմա չի եղել օր, որ չհիշի դա։
«Թռիչքից առաջ նստել էի հրթիռի ներսում, մենք մի քանի ժամ սպասեցինք։ Ես հոգնած էի, սակայն պետք է շուտ արթնանայի։ Կարծում եմ՝ նույնիսկ մի քանի վայրկյան աչքս կպել էր։ «Պարկուճի» ներսում լարով ամրացված մատիտներ կային։ Մենք հասանք ուղեծրին և անկշիռ դարձանք։ Երբ աշխատեց 3-րդ շարժիչը, մատիտը սկսեց օդում ճախրել, և ես հասկացա՝ որտեղ եմ հայտնվել։ Ամեն 90 րոպեում Երկրի շուրջ մեկ պտույտ էինք կատարում, որից 45 րոպեն կարող էիր հետևել մեր մոլորակին։ Ժամանակի մեծ մասը նայում էի Երկիր մոլորակին և լուսանկարում։ Ութ օր անկշռության մեջ էի և այդ ողջ ընթացքում՝ նաև էյֆորիայի, կարո՞ղ եք պատկերացնել»։
Տիեզերական տուրիզմում ամերիկյան երեք հիմնական մասնավոր ընկերություն է մրցակցում՝ Իլոն Մասկի SpaceX-ը, Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը և Ռիչարդ Բրենսոնի Virgin Group-ը։ Դենիս Տիտոյին աշխարհը սկսեց հիշել, երբ նախորդ տարի գործարարներ Ռիչարդ Բրենսոնը և Ջեֆ Բեզոսն իրենց ընկերության «թեւերով» հայտնվեցին տիեզերքում։ Մամուլն ազդարարեց տիեզերական տուրիզմի նոր դարաշրջանի մասին, իսկ Ռիչարդ Բրենսոնին անկշռությունը չխանգարեց հենց տիեզերանավից ուղերձ հղել։
«Խոսքս ուղղում եմ ներքևում գտնվող բոլոր երեխաներին։ Ես մի երեխա էի, որը երազում էր աստղերին նայելով։ Հիմա ես հասուն մարդ եմ, տիեզերանավի մեջ եմ այլ հրաշալի, հասուն մարդկանց հետ և նայում եմ ներքևում գտնվող մեր գեղեցիկ, անչափ գեղեցիկ Երկրին։ Երազողների հաջորդ սերունդ, եթե մենք կարողացանք սա անել, ուղղակի պատկերացրեք, թե ինչերի եք ընդունակ դուք»։
Դրանից 9 օր անց՝ 2021-ի հուլիսի 20-ին, եղբոր հետ տիեզերքում հայտնվեց նաև Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Հինգ տարեկանից տիեզերքում հայտնվելու երազանքի իրականացման ժամանակն էր։
«Մարդկությունը մեծ է, Երկիրը՝ փոքր։ Տիեզերքից շատ պարզ տեսնում ես, թե որքան փխրուն է այս մոլորակը։ Մենք պետք է հոգ տանենք Երկրի մասին։ Այն, ինչ հիմա կասեմ, ֆանտաստիկ կհնչի, բայց դա կկատարվի՝ մենք կարող ենք աղտոտող ողջ արդյունաբերությունը Երկրից տեղափոխել տիեզերք»։
2021թ-ի սեպտեմբերին տիեզերական մրցավազքում իր խաղաքարտերն է բացում նաև Իլոն Մասկի SpaceX-ը՝ տիեզերք ուղարկելով Crew Dragon տիեզերանավը՝ ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների կազմով։ Միլիարդատեր Յուսակու Մաեդզավան եւս պլանավորում է 2023-ին թռչել դեպի արծաթե լուսատու։ Գործարարը Լուսնի շուրջ առաջին թռիչքի համար գնել է SpaceX Starship-ի բոլոր նստատեղերը և Twitter-ում իրեն հետեւողներին հրավիրել դիմել տոմսի համար։ DearMoon նախագծի նպատակն է թույլ տալ մի քանի տաղանդավոր մարդկանց անվճար թռչել Լուսնի շուրջ, ինչը, ըստ Մաեդզավայի, կոգեշնչի նրանց արվեստի նոր գործեր ստեղծել։
«Մոտ մեկ տարի է անցել հարցաթերթիկներ հավաքելու սկզբից, իմ առաջարկին արձագանքել է շուրջ 1 միլիոն մարդ ողջ աշխարհից։ Այս տարվա սկզբին ընտրվել է թեկնածուների կարճ ցուցակը: Կարող եմ ասել, որ դրանք իսկապես մարդիկ կլինեն ողջ աշխարհից, ովքեր երբեք չեն եղել տիեզերքում, բայց շատ հետաքրքրված են»։
2021-ի աշնանը տիեզերք մեկնեցին ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն։ 2 շաբաթ՝ Միջազգային տիեզերական կայանում՝ «Մարտահրավեր» ֆիլմը նկարահանելու համար։ Սա ռուսական «Роскосмос»-ի և Առաջին ալիքի համատեղ նախագիծն է։ Յուլիան տիեզերք հասած առաջին դերասանուհին է։
«Գիտեք, ապրելով հիանալի կինոթատրոնային կյանքով , երբեք չէի կարող պատկերացնել՝ ինչ է ինձ սպասվում»։
Մինչ միլիարդատերերն իրականացնում են իրենց մանկական երազանքները, NASA-ն պլանավորում է Միջազգային տիեզերական կայան զբոսաշրջիկների ուղարկել, ամեն ուղևորին՝ 58 մլն դոլարով։ Տիեզերական զբոսաշրջությունը գնի պատճառով դեռ անհատների է հասանելի։ Մինչ այժմ տիեզերական այցերը հասել են մինչեւ Միջազգային տիեզերական կայան, սակայն ապագայում թռիչքները կարող են դառնալ ավելի կարճ և էժան: Blue Origin-ը և Virgin Galactic-ն աշխատում են այս ուղղությամբ: Blue Origin-ը նախատեսում է տոմսն էժանացնել 200-300 հազար դոլարի։ Կանխատեսումներ կան, որ մինչև 2030-ը տիեզերական զբոսաշրջության շրջանառությունը կհասնի 3 միլիարդ դոլարի։ Ըստ վերլուծաբանների՝ հաջող բիզնեսի համար հարկ կլինի չվերթի գինն իջեցնել մինչև ինքնաթիռի բիզնես դասի տոմսի կամ նույնիսկ ավելի ցածր։