ԿարևորՀասարակություն

Նոր ճանապարհներ և սահմանային նոր կետեր․ Ա-կետը Բ-ին միացնող ուղիները փոխվում են, բայց բանաձևը դեռ լուծված չէ

Նոր ճանապարհներ և սահմանային նոր կետեր․ Հայաստանում երկու կետերն իրար միացնող որոշ ճանապարհների աշխարհագրությունը փոխվելուն զուգահեռ՝ նաև պետական սահմանի անցման նոր կետեր գուցե ստեղծվեն։ Վերջինի մասին նախագիծը շրջանառում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը՝ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում դնելով հանրային քննարկման։
Իսկ նոր ճանապարհների մասով նոր որոշումներն արդեն հաստատվել են կառավարության նիստում։

Ըստ այդմ՝ Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը կավելացվի՝ անխափան բեռնափոխադրում ապահովելու նպատակով։ Անհրաժեշտ գումարն արդեն հատկացվել է՝ 1,45 միլիարդ դրամ: Գործադիրում տեղյակ են՝ ճանապարհից դժգոհությունները շատ են, բայց և պատճառները գիտեն՝ նախ այն շահագործվել է արտակարգ իրավիճակում, բացի այդ՝ ի սկզբանե նախատեսված էր որպես միջհամայնքային ճանապարհ, այժմ, սակայն,  դարձել է միջպետական։

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում պետական սահմանի անցման նոր անցակետեր ստեղծել․ սա դեռ նախագիծ է՝ ԱԱԾ կողմից դրված հանրային քննարկման։ Բայց նախագծի հիմքում վարչապետի հանձնարարականն է՝ լրացնել կառավարության N 703-Ն որոշումը՝ ստեղծել սահմանային անցման նոր կետեր։ Դրանցով պետք է պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպվի։

Նոր անցակետերը գուցե ստեղծվեն Գեղարքունիքում՝ Սոթք համայնքից դեպի սահման, Արարատում՝ Երասխին մոտ, Սյունիքում՝ Քարահունջին մոտ։ Սրանք պետք է լինեն հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ավտոճանապարհների վրա։ Բայց այս նախագիծը դեռ նախագիծ է՝ անվտանգային ու տեխնիկական տարատեսակ հարցեր ենթադրող։ Իսկ մինչ դա փաստաթուղթ կդառնա, կառավարությունը ճանապարհային մի շարք անելիքներ արդեն փաստաթղթի է վերածել ու հաստատել։

Ե՞րբ կավարտվեն Սյունիքում  լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները․ վերջնաժամկետերը տարբեր են։ Շեշտադրվում է ոչ միայն արագությունը, այլև որակը, հատկապես, որ արդեն գործող Տաթև-Աղվանի ճանապարհից դժգոհությոնները չեն պակասում։ Կառավարությունում դժգոհություններին պատասխան ունեն։ Ճանապարհը ֆորսմաժորային պայմաններում շահագործվեց նախորդ նոյեմբեր-դեկտեմբերին՝ Գորիս-Կապան ճանապարհին առաջացած իրավիճակով պայմանավորված։ Գարնանն արդեն ճանապարհի խնդիրներն ի հայտ եկան՝ փոսեր ու հսկա ճաքեր։ Պատճառը գործադիրի ղեկավարը գիտի` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն սկսեց կիրառվել որպես Գորիս-Կապան ճանապարհի հատվածի միջպետական այլընտրանք։

«Նախկինում ճանապարհը նախագծված էր որպես միջհամայնքային ճանապարհ»:

Տաթև-Աղվանի ճանապարհը ոչ միայն կբարեկարգվի, այլև դրա թողունակությունը կավելացվի՝ անխափան բեռնափոխադրում ապահովելու նպատակով՝ զեկուցվում է գործադիրում։ Անհրաժեշտ գումարը հաշվարկված և հատկացված է՝ 1 միլիարդ 45 միլիոն դրամ, որից շինաշխատանքի համար՝ 1,3 մլրդ, իսկ միայն տեխնիկական հսկողության համար՝ 10,5 մլն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցնում է՝ Տաթև-Աղվանի ճանապարհը սկսել էր կառուցվել դեռ   պատերազմից առաջ և նախատեսված չէր նման ծանրաբեռնվածության համար։  Թերությունները շտկված են, երրորդ շերտը կտեղադրեն․

«Տարբեր հարցեր ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա խնդիրները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ՝ երրորդ շերտ, ասֆալտապատվի»,-նշել է նախարարը:

Այս հատվածի շինարարությունն իրականացնող «Ոսմար» ընկերությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ 17 կմ երկարությամբ Տաթև-Աղվանի ճանապարհի լայնությունը 6․6 մետր է, աշխատանքները կավարտեն առաջիկա երկու ամսում։

Սյունիքի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման պահանջով կվերակառուցվի Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը։ 2,2 մլրդ՝ շինաշխատանքի, 21 մլն՝ աշխատանքի հսկողության համար կհատկացվի։

Սյունիքում ընթացքի մեջ է նաև Տաթևի ոլորանները և Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Լծեն-Նորավան ուղղությամբ, որն արդեն կմիանա մայրուղուն: Այստեղ նոր շերտ է տեղադրվելու՝ բեռնատարներին ծառայելու համար: Նախատեսվում է այն շահագործման հանձնել նոյեմբերին, բայց տեմպի հետ կապված որոշ մտավախություններ կան: Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածն էլ, ըստ Սյունիքի մարզպետի, տարեվերջին պատրաստ կլինի։

«Սա այլընտրանքային ճանապարհ է։ Կառուցվում է, քանի որ Տանձավեր-Վերին Խոտանան հատվածում կտրուկ շրջադարձերը շատ են, անկյունային հատվածները ստանդարտներին չեն համապատասխանում։ Ուստի, որոշում է կայացվել Վերին Խոտանան հատվածը շրջանցող ճանապարհ կառուցել։ Ըստ էության՝ նույն ճանապարհն է, ուղղակի գյուղն են շրջանցում։ Նոր ճանապարհը բազմաթիվ խնդիրներ է լուծում, հարմար է մեծ բեռնատարների համար։ Երկու ճանապարհ ենք ունենում, որևէ մեկը չի պատրաստվում ճանապարհ քանդել»։

Սյունիքով է անցնում նաև Բերձորի այլընտրանք համարվող ճանապարհը, որը Հայաստանը միացնելու է Արցախին։ Երեք փուլանոց շինաշխատանքներն իրականացնող «Ճանապարհ» ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ ռելիեֆով պայմանավորված՝ աշխատանքները բարդ են ու դժվար։

«Նոր ուղին սկսվում է Տեղ գյուղից, որն էլ միանալու է այսպես կոչված այլընտրանքային միջանցքին։ Սա է լինելու Հայաստանից Արցախ գնացող ճանապարհը։ Այդ տարածքում որևէ նորմի չհամապատասխանող ու չօգտագործվող արահետ էր, որի հարակից տարածքում գյուղացիները հող էին մշակում»։

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի շինարար ընկերության տնօրենն ասում է, որ շրջանցելու են Կոռնիձորը՝ միանալով Հագարի գետի վրա Ադրբեջանի արդեն կառուցած կամրջին։ Ճանապարհն անցնելու է Արցախի Հին Շեն բնակավայրով ու Շուշիի տեղամասով՝ միանալով ընդհատված ճանապարհին։ Այլընտրանքային ճանապարհի  երկարությունը միջպետական ճանապարհից սկսած՝ 12 կմ է, կամուրջներ, թունելներ չի ներառում։     

«Առավելագույնն անում ենք, որ մինչև տարեվերջ հողային աշխատանքներն ավարտվեն, եթե այլ բարդություններ չառաջանան։ Գարնանն արդեն կսկսեն ասֆալտապատման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքները»։  

Հայաստանի վարչապետը նախորդիվ հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ M12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթակացարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։

Back to top button