ԿարևորՀասարակություն

ՄԻՊ ելույթը սիրողական մակարդակ ունի, արձագանքում է Դատական դեպարտամենտը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հրապարակելով դատական համակարգում շրջանառվող կաշառքի սակագները և դրանք վերագրելով  ոլորտի 120 մասնագետների հետ անցկացված  հարցումների արդյուքներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ավելի շատ հարցեր է առաջացրել, քան՝ հարցերի պատասխանել, կարծում է Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Դատական դեպարտամենտում նույնպես կարծում են, որ կոռուպցիան  թիվ 1 չարիքն է համակարգում, բայց չեն կարծում, որ դրա դեմ պայքարում են այն եղանակով, որն օմբուդսմենն է առաջարկում։ «Դատական համակարգի վրա ցեխ շպրտելը չեմ կարծում, որ արդյուանվետ աշխատանք է: Օմբուդսմենը շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե համագործակցեր և նման տեղեկությունները կիսեր իրավապահների հետ  ու նրանց հնարավորություն տար ընթացք տալ դրանց»,- ասաց։
Նման սենսացիոն հրապարակումները, ըստ Դատական դեպարտամենտի ներկայացուցչի, պետք է իրավապահների ուսումնասիրության առակա դառնան: Բայց օմբուդսմենը, ըստ նրա, նվազեցերել է զեկույցի հիման վրա բացահայտումներ անելու հնարավորությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փնտրել և գտել է այն բոլոր ձևերը, որ զեկույցը  չանցնի քրեական վարույթի շրջանակ, այսինքն՝ մտածել են՝ ինչպե՞ս հրապարակեն սենսացիոն նյութ, որը քրեական իրավունքի առումով չդառնա ուսումնասիրության թեմա»:

Մի խոսքով ՝ զեկույցի այն հատվածը, որը կապված է կոռուպցիոն երույթների հետ, դեպարտամենի համար հիմնավորված չէ, քանի որ չի ներկայացնում կոնկրետ փաստեր: Անհամաձայնությունը հատկապես մեծ է նման հրապարակային զեկույց ներկայացնելու նպատակների շուրջ։ «Խնդիրը նման հրապարակային զեկույց ներկայացնելու նպատակի մեջ է: Եթե գնահատականներ են տրվում, իսկ դրանց աղբյուրները չեն բացահայտվում, չի՞ ստացվում, որ նպատակը դատական համակարգի նկատմամբ անվստահությունը մեծացնելն է, այն 10 տոկսի վստահությունը ոչնչացնելը»,- ասում է Արմեն Բաբայանը։

Ինչ վերաբերում է զեկույցում տեղ գտած մյուս գնահատականներին, որոնք առնչվում են Վճռաբեկ դատարանի ու Արդարադատության խորհրդի գործունեությանը և, ի տարբերություն զեկույցի կոռուպցիոն հատվածի, փաստերով են ներկայացվում, ապա Դատական դեպարտամենտի ներկայացուցչի կարծիքով ՝ դրանք  իրավական ճաշակի հարթությունում են։ Վիճակագրությունը, ըստ որի  Վճռաբեկ բողոքների մոտ 90 տոկոսը հետ է վերադարձվում, 5 տոկոսը թողնվում է առանց քննության և միայն  5 տոկոսն է վարույթ ընդունվում, նույնն է բոլոր այն երկրներում, որտեղ Վճռաբեկ դատարանն ունի բողոքը վարույթ ընդունելու և վերադարձնելու օրենսդրությամբ տրված լիազորություն։

Արդարադատության խորհրդի գործունեության վերաբերյալ ՄԻՊ զեկույցում նշվում է երկակի ստանդարտների կիրառումը,  օրինակներ են բերվում, ըստ որոնց՝ նույնաբովանդակ խախտման համար խորհուրդը մի դեպքում կարգապահական վարույթ է   հարուցում, մյուսում՝ վարույթի հարուցումը  մերժում է,  նույն սխալը  մի դեպքում դատավարական նորմի կոպիտ և ակնհայտ  խախտում է  գնահատում, մյուսում՝ անտեսում է: Արսեն Բաբայանը դիտարկմանը վիճակագրությամբ է պատասխանում. «2012 թվականին դատավորների 10 տոկոսը կարգապահական պատասխանատվության  է ենթարկվել: Այս թիվը ցույց է տալիս, որ հիմքերի առկայության դեպքում վարույթը հարուցվում է: Եվ խորհուրդն իր 13 հոգանոց կազմով  չի կարծում, որ ավելի սխալ է, քան՝ ՄԻՊ միանձնյա կարծիքը»։

Լրագրողներին հետաքրքրում էր նաև հարցը, թե արդյո՞ք Դատական դեպարտամենտի ներկայացուցիչը որևէ կապ տեսնում է օմբուդսմենի զեկույցի և Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տևական ընթացք շրջանառվող լուրերի միջև։ «Արման Մկրտումյանը մոտ 5 տարի  է Վճռաբեկ դատարանի նախագահ է, և 5 տարի է մամուլը գրում է, որ Արման Մկրտումյանին պետք է փոխարինեն»,- պատասխանեց դեպարտամենտի ներկայացուցիչը։

Back to top button