ԿարևորՀասարակություն

Քարտեզային պատերազմներ՝ աշխարհումՀայաստանը քարտեզագրական ազգային կայք է ստեղծում

Տարբեր հակամարտությունների բերումով խիստ նկատելի է, թե ինչպես են երբեմն կամայականորեն գծագրվում եւ վերագծվում աշխարհի քարտեզները։ Այս կամ այն պետության, որպես կանոն՝ հակամարտության ավելի ուժեղ կողմի ձեռամբ աշխարհագրական տարածքները, տարբեր երկրների պետական միավորների սահմաններն աղավաղվում են, խմբագրվում, փոփոխվում՝ ըստ տարածքային հավակնությունների։ Հետո այս մոտեցումը երբեմն դառնում է քաղաքականություն եւ ռազմաքաղաքականություն։ Շատ երկրներ վերափոխված քարտեզները  հրապարակում են որպես մեսիջ՝ չթաքցնելով տարածքային իրենց նկրտումները։ Ոչ ճշգրիտ, աղավաղված քարտեզները հաճախ սողոսկում են որոնողական տարբեր հարթակներ՝ նաեւ այդպիսով իրենց մեսիջը տարածելով։  
         

Կեղծ քարտեզներից զերծ մնալու՝ Հայաստանի լուծումը

Հայաստանը եւս նման քարտեզային պատերազմի մեջ է։ Կեղծ քարտեզներից զերծ մնալու լուծումը քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, գեոդեզիստ քարտեզագիր Շահեն Շահինյանը  տեսնում է պետական, ազգային քարտեզագրական կայքի ստեղծմամբ։ Նման մի նախագիծ, քարտեզագիր-գեոդեզիստի նախաձեռնությամբ, արդեն մշակվում է։ ELMA.am հարթակում պետք է ներկայացվեն մեր իրական քարտեզները, դրանց իրավական հիմքերը։ 

Սահմանագծի ձևավորումն ուղիղ համեմատական է պետությունների ձևավորման պատմությանը` ասում է տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը։ 

Ըստ նրա` քարտեզների շուրջ սպառնալիքի ներքո բանակցելը՝ անիմաստ աշխատանք է, նման իրավիճակներում հաշվի չեն առնվում ոչ իրավական հիմքեր, ոչ ինչ-որ պատմական հանգամանքներ։ «Ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո կայացված որոշումները լինելու են անհիմն և հետագայում հանգեցնելու են նոր պատերազմների։ Սա պետք է հստակ հասկանալ։ Նման դեպքերում միջազգային կառույցների առաջնային խնդիրն է՝ ապահովել կողմերի միջև բանակցությունները»,- ասում է «Ռադիոլուր-ի զրուցակիցը` հավելելով` մեր դեպքում շատ դժվար է խոսել արդարացի լուծման մասին, քանի որ Ադրբեջանը սկզբից առաջ է բերում սահմանագծի վերաբերյալ պահանջներ, ապա նոր ներկայացնում քարտեզագրման կեղծ հիմքեր։ «Ադրբեջանի կողմից քարտեզի կեղծման աղաղակող դեպքերից մեկն առնչվում է հետևյալին. Սև լճի հատվածում Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացրել էին իրենց ձեռքի տակ եղած ռազմական քարտեզները, պարզվել էր, որ հայկական և ռուսական կողմի ներկայացրած քարտեզները նույնական էին, իսկ ադրբեջանական կողմը ձևափոխված և ի օգուտ իրենց խմբագրված քարտեզ էր դրել սեղանին»։ 

Քարտեզագրման հաջողված և քարտեզը ձևախեղելու օրինակներ

Շահեն Շահինյանը քարտեզը ձևախեղելու մեկ օրինակ էլ է հիշեցնում. «Ժամանակին, մինչև Երևանում քարտեզագրական կենտրոնի հիմնումը, Խորհրդային Հայաստանի քարտեզները տպվում էին Թբիլիսիում։ Անկախությունից հետո, երբ հայ հետազոտողները ուսումնասիրելիս են եղել խորհրդային տարիներին տպված քարտեզները, հայտնաբերում են, որ յուրաքանչյուր քարտեզի վերատպումից հետո սահմանագիծը տեղաշարժվել է։ Քարտեզագրության մեջ շատ հստակ նշված է, որ քարտեզի վրա սահմանի կամ ցանկացած այլ տարրի փոփոխություն ենթադրում է որոշակի իրավական հիմք։ Պետական սահմանագծի փոփոխության իրավական հիմքը ենթադրում է լիազոր մարմնի կողմից այդ սահմանագծի հաստատում, ընդ որում երկու կողմերի լիազոր մարմինների կողմից սահմանագծի հաստատում»։

Անդրադառնալով մեր ոչ բարեկամ երկրներին` մասնավորապես Թուրքիային և Ադրբեջանին, քարտեզագիրը շեշտում է` հստակ է, որ «այդ երկու թշնամի երկրներն ունեն նպատակաուղղված քաղաքականություն ոչ թե արդարացի սահմանագիծ հաստատելու, այլ ի շահ իրենց պետությունների` առանց հաշվի առնելու հարևանի կամ հարևան պետության շահերը»։        

Այս համատեքստում Շահեն Շահինյանն ասում է` քարտեզագրողները բավականին մեծ աշխատանք ունեն իրականացնելու։ «Պատմաբանների հետ զուգահեռ քարտեզագրողներս պետք է վերհանենք պատմական քարտեզները և փաստերը` ամրագրելով սահմանագծի անցկացման վայրերը և հիմքերը»։   

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը քարտեզագրման և սահմանային վեճերի լուծման  հաջողված օրինակ է մատնանշում ռուս-չինական համագործակցությունը. բոլորովին վերջերս Ամուր գետի երկայնքով կողմերի միջև իրականացված սահմանագծի ճշտման աշխատանքի արդյունքում, իրավական որոշ հիմքեր հաշվի առնելով, Ռուսաստանը զգալի մի տարածք է զիջել Չինաստանին։   

Back to top button