ԿարևորՀասարակություն

Տաթեւ-Աղվանիով անցնող վարորդները պահանջներ ունեն․ նախարարը բեռնատարների ծանր քաշի խնդիրներն է շեշտում

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի,  նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի փոփոխության  մասին, դժգոհություններ է առաջացրել վարորդների մոտ։  Օգոստոսի 16-ի առավոտյան ավտովարորդները փակել էին  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։ Այստեղ տեղադրվել է կշեռք եւ կշռվում են բեռնատարները։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։ Ըստ բողոքողների՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհի ոլորաններով բարձրանալիս՝ քիչ քաշով բեռնված մեքենան չի կարող բարձրանալ՝ կայունությունը հնարավոր է կորցնի։  

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համաձայն չէ վարորդների հետ։ Նախարարը Սյունիք է եկել՝ ծանոթանալու Խոտ-Կոռնիձոր, Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին։ Գնել Սանոսյանը հանդիպել է վարորդների հետ․

«Հասկանալի է՝ այս որոշումը բողոքներ կբերեր, բայց որն է մեր նպատակը։ Նախ իրենց ու մնացած հայրենակիցների, վարորդների, երթեւեկողների անվտանգությունն է, որովհետեւ ցանկացած գերբեռնված մեքենա վտանգ է ներկայացնում եւ վարորդի եւ ուրիշների համար։ Մյուսը՝ մենք մեծ ծավալի ճանապարհաշինարական ծրագրեր ունենք, ճանապարհները քանդվում են ոչ թե անորակ լինելու պատճառով, այլ նորմից բարձր բեռնված մեքենաների պատճառով։ Եկեք դիտարկենք՝ Մեղրիից գնանք Երեւան, այդ ուղղությունը քանդված է, իսկ Երեւանից Մեղրի ճանապարհը քանդված չէ։ Դա խոսում է այն մասին, որ այդ ուղղությամբ բեռները տեղափոխում են՝ քանդվում է,  հակառակ ուղղությամբ մեքենաները դատարկ են գալիս»։

Վարորդները նախարարի հետ պայմանավորվածությունից հետո բացել են  ճանապարհը։ Գնել Սանոսյանը խոստացել է Երեւանում՝ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների ու վարորդների մասնակցությամբ կազմակերպել քննարկում,  որից հետո պարզ կլինի՝ որքանով են վարորդների առաջարկներն ընդունելի։

Back to top button