ԿարևորՀասարակություն

«Հիբրիդային պատերազմ»՝ Հայաստանի դեմ․ երբ թիրախում հանրության վարքագիծն է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությունը և դրան հաջորդած ռումբերի տեղադրման կեղծ ահազանգերն այժմ քաղաքական, վերլուծական դաշտին ստիպել են խոսել «հիբրիդային պատերազմ»-ի մասին։ Շատերը համոզված են, որ վերջին շրջանի հայաստանյան իրադարձությունները հենց «հիբրիդային պատերազմի» բաղկացուցիչ մաս են։ Հայաստանում, ընդ որում, դեռ տարիներ շարունակ համոզված էին, որ նման տեխնոլոգիաներ կիրառվում են Հայաստանի դեմ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգությունը դեռ որևէ մեկը չի շտապել անվանել ահաբեկչություն, բայց դրան նախորդած և հաջորդած դեպքերը, մասնավորապես, ռումբերի տեղադրման կեղծ ահազանգերն արդեն հստակ որակում են ստանում։ Հասարակությանն անդադար լարվածության մեջ պահելու տարբեր դրսևորումները ունեն հստակ անվանում՝ «հիբրիդային պատերազմ»։  

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը կուսակցության ցավակցական ուղերձում հստակ ձևակերպել է․ «Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվելու է դեռ երկար, որովհետեւ դեռ երկար է շարունակվելու հիբրիդային երրորդ աշխարհամարտը, երբ ուժեղներից բոլորը բոլորի դեմ են ու բոլորը բոլորի թիկունքում»:

«Հիբրիդային պատերազմ» եզրույթը շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարի վերջին՝ ԱՄՆ-ում ռազմական դոկտրինը բնորոշելու համար, որը միավորում է սովորական պատերազմը, փոքր պատերազմը և կիբերպատերազմը: Ներկայում «հիբրիդային պատերազմը» պատերազմի առաջատար տեսակ է համարվում, սակայն դրա առանձին բաղադրիչներ թե նախկինում, թե այժմ առանձին լայնորեն օգտագործվում են: Ըստ Ֆրանկ Հոֆֆմանի, ով առաջինն է ԱՄՆ-ում ներմուծել այս հասկացությունը, «հիբրիդային պատերազմները նոր չեն, ուղղակի ամեն անգամ դրանք տարբեր են»:

Հիբրիդային պատերազմն ավելի շատ ոչ թե տանկերով կամ զենքերով պատերազմն է, այլ իրականացվում է քաղաքական քարոզչության, ահաբեկչության, ապատեղեկատվության միջոցով:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ՝ վերջին շրջանի հայաստանյան իրադարձությունների նպատակները մի քանիսն են։ Եթե առաջինն առնչվում է անվտանգային խնդիրներին, զգոնությանն ու իրավապահ մարմինների ուժերի ջլատմանը, ապա մյուս ազդեցությունը զգալի է հանրային վարքի տիրույթում.

«Սրա ազդեցությունը, օրինակ, մենք կարող ենք տեսնել մի քանի ամիս հետո, երբ մարդիկ որոշեն, որ երկրից գնում են։ Մեզ շրջապատող երկրներին հիմնականում հենց դա էլ պետք է, որ Հայաստանը հնարավորինս դատարկվի, Արցախը հնարավորինս հայաթափվի։ Մենք պետք է հասկանանք, որ սա հստակ արվում է հասարակություն–պետություն կապը վերջնականապես խզելու համար։ Պատերազմից հետո այդ վստահության մակարդակը սարսափելի անկում է ունեցել, և կարող է դա իսկապես աղետալի լինել։ Երբ 4–5 տարի առաջ անընդհատ ասում էի՝ կեղծ լուրերը, ֆեյք նյուզերը մեզ համար ազգային և պետական անվտանգության խնդիրներ են, առանձնապես լուրջ չէր ընդունվում այդ ահազանգը։ Առաջին բանը, որ պետք է արվի՝ չհավատալ ամեն գրածի, չհավատալ ամեն տելեգրամյան ալիքի անհեթեթ հայտարարությանը և այլն, և այլն։ Ճշտել տեղեկությունը կամ ինչ–որ տեղ գուցե այս փուլում բացառապես վստահել պետական կառույցներից եկող ինֆորմացիային»։

Պարտադիր չէ, որ «հիբրիդային պատերազմը» հրահրվի «դրսից»։ Ամեն ինչ կախված է նպատակներից՝ հստակեցնում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը.

«Այս ամենին այս կամ այն կերպ մասնակից սուբյեկտները, որոնք լինեն Հայաստանից դուրս, թե Հայաստանի սահմաններում, Հայաստանի ներսում, կարող են ունենալ տարբեր նպատակներ։ Այսպիսի իրավիճակներն այն «պղտոր ջուրն» են, որտեղ կարող է փորձել ձուկ որսալ ցանկացած ոք՝ լինի դա մեծ ուժային կենտրոն կամ ինչ–որ մեր տրանսնացիոնալ սուբյեկտ, թե լինի դա ինչ–որ փոքր խումբ, որն ունի շատ ավելի փոքր նպատակներ, մանր խնդիրներ և թիրախներ։ Այսպիսի իրավիճակները, դժբախտաբար, այն միջավայրն են ստեղծում, երբ որևէ մեկի հետ ունեցած հաշիվն են փորձում մաքրել, որևէ մեկին պատասխանատվության տակ դնելու փորձ անել, մեղադրելու փորձ անել և այլն։ Սրանով են նաև այսպիսի իրավիճակները գերվտանգավոր դառնում»։

Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գործողությունների լրջությունից է փորձում ենթադրել, թե որտեղից կարող են կիրառվել տեխնոլոգիաները։

«Թե դա արվում է և նախկինում արվում էր կոնկրետ թշնամական պետության կողմից, թե կարող էր նաև որոշակիորեն նախաձեռնվել իշխանության դեմ ընդդիմության կողմից՝ որևէ բան չենք կարող բացառել։ Իհարկե, վերջին ահազանգերը շատ ավելի լուրջ են, և ես չեմ կարծում և գոնե հույս ունեմ, որ որևէ կերպ ընդդիմությունը նման քայլի չէր գնա։ Այսինքն՝ սա ակնհայտորեն հիբրիդային պատերազմի մաս է, և, իմ կարծիքով, արվում է թշնամական պետության կողմից»։

Վերջին շրջանի փորձը ցույց տվեց, որ Հայաստանի հասարակությունը հեշտ մանիպուլացվում է և ենթարկվում ազդեցության։ Այսպիսի «պարարտ» հողն օգտագործվում է տարբեր նպատակներով։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն առանձնացնում է ամենահավանականը.

«Նպատակները, թերևս, այն են, որ Հայաստանում իրավիճակը դառնա անկառավարելի, կամ «պղտոր ջուրըն» էլ ավելի պղտորվի, և այդտեղ ով ինչ կարող է որսալ Հայաստանի հաշվին, Հայաստանի հասարակության հաշվին, Հայաստանի անվտանգության հաշվին։ Օգտվում են նաև այն իրավիճակից, որ մենք, որպես հասարակություն, նաև մեր հասարակական, քաղաքական վերնախավերը՝ թե կառավարող վերնախավերը, թե մարդիկ, ովքեր ընդդիմություն են, քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող խմբեր են և այլն, չունեն կայացվածության և հասունության այն աստիճանը, որ հասարակությանը կկազմակերպեին և կձևավորվեին իմունային այնպիսի համակարգ, որ հիբրիդային պատերազմի ռիսկերը հնարավորինս կառավարելի և առավելագույնս նվազ կլինեին»։

Այս պահին խնդիրը մեկն է և խտացված, բաայց վերլուծաբանը հստակեցնում է, որ մեզ միայն թվում է, որ թիրախում մենք ենք։ «Հիբրիդային պատերազմը»  ողջ աշխարհին բնորոշ երևույթ է՝ ասում է, նույն թիրախում անգամ գերհզոր պետություններն են՝ ԱՄՆ–ը, Չինաստանը, ՌԴ-ն, եվրոպական երկրները։ Այլ հարց է, ըստ վերլուծաբանի, թե որ երկրում այդ պատերազմն ինչպիսի ծավալով և դրսևորումներով է արտահայտվում, և դա արդեն կախված է այդ երկրների դիմադրունակությունից։

Back to top button