ԿարևորՀասարակություն

Սևան թափվող կեղտաջրի միայն 50 տոկոսն է անցնում մաքրման կայանով․ նոր կայանների ինչ հույսեր կան

Գեղարքունիքի մարզում գործող ջրի երեք մաքրման կայանները տարեկան 600 տոննա աղբ են հեռացնում։ Մեխանիկական մաքրումը կեղտաջրերից խոշոր աղբի, ավազի ու որոշակի օրգանական նյութերի հեռացումն է։ Բայց միայն սա բավարար չէ Սևանա լիճ թափվող ջրերի որակը վերահսկելու ե ւ լիճը մաքուր պահելու համար։

Իսկ լճում ստեղծված մտահոգիչ էկոլոգիական վիճակը նաև Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում են արձանագրում։ Այստեղ Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ են իրականացնում։

Պարզել են, որ Սևանա լիճ թափվող  բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։ Այս պահին օրակարգում մեկ կենսաբանական և ևս երկու մեխանիկական կայանների կառուցման հարցերն են։ Միայն թե կենսաբանական կայանը շահագործելու համար տարեկան մոտ 700 մլն դրամ է պահանջվելու։

Սևանա լիճ թափվող բոլոր գետերի վրա գործում է կեղտաջրերի մաքրման 3 մեխանիկական կայան՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ ու Մարտունի քաղաքներում։ Դրանք մաքրում են հարակից մոտ 2 տասնյակ բնակավայրերից գետեր լցվող կեղտաջրերը, իսկ գետերն էլ Սևան են հոսում։ Բնապահպանական ոլորտում գործող «Ջինջ» խորհրդատվական կենտրոնի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ այս երեք մաքրման կայաններով անցնում է կեղտաջրերի 50 տոկոսը միայն, մնացած 50 տոկոսն առանց արգելքի գետեր են լցվում․

«Եթե անգամ մաքրման կայանները մենք այսօր զինենք, վերակառուցենք ու ավելացնենք կենսաբանական մաքրում, քաղաքներից հոսող կեղտաջրերի առավելագույնը 50 տոկոսը կարող ենք լիարժեք մարքել,մնացած 50 տոկոսը միևնույնն է՝ առանց մաքրման լցվում է լիճը»։

Մասնագետները պնդում են, որ կենսածին նյութերն են Սևանա լճի՝ կապտականաչ ջրիմուռներով պատվելու հիմնական պատճառներից մեկը։ Կենսածին նյութերի թվում է նաև լիճ լցվող առատ աղբը։ Պատկան կառույցը՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը, մոնիթորինգ է անում Սևանի ջրավազանային կառավարման տարածքում և դիտարկում ջրի որակը 9՝ Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում: Վերջին դիտարկումների արդյունքները խիստ մտահոգիչ են․ պարզվել է՝ Սևանա լիճ թափվող բոլոր այս գետերն էլ աղտոտված են կենսածին նյութերով։

Դրա հավանական պատճառն են կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակ:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝  նախատեսում են մաքրման կայաններ կառուցել նաև Ծովինար ու Վարդենիկ համայնքների համար։ Նա ևս փաստում է՝ գործող կայաններն  ամբողջությամբ ջուրը չեն մաքրում․

«Այդ մաքրման կայաններում ջուրը վարակազերծման ու կենսաբանական մաքրման չի ենթարկվում։ Կենսաբանական մաքրման կայան նախատեսված է կառուցել Սևան քաղաքի համար, որի նախագծային փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Կարծում եմ՝ շուտով մրցույթ կհայտարարվի աշխատանքները մեկնարկելու համար»։

Բայց միայն կառուցման ծախսերով հարցը չի լուծվում․ կենսաբանական մաքրման կայանի միայն շահագործումը տարեկան 650-700 մլն դրամ կարժենա։ Համայնքային բյուջեն կարո՞ղ է ծածկել այս ծախսերը․

«Այդ հարցը քննարկման փուլում է։ Եթե շահագործման հարցերը կարողանա համայնքը կարգավորել,  շինարարական աշխատանքների մրցույցը կհայտարարվի»։

Փորձագիտական դաշտում կարծում են՝ միայն մաքրման կայաններով չէ, որ պետք է կեղտաջրերի հարցը լուծվի։ Էդուարդ Մեսրոպյանն ընդգծում է՝ նախ պետք է բնակավայրերից լիարժեք հեռացնել կեղտաջրերը, հետո միայն մաքրել դրանք։ Մասնագետը հիշեցնում է Սևանա լճի ափամերձ տարածքների աղբի, ջրային ռեսուրների անկառավարելիության մասին՝

«Եթե նախկինում Սևանա լիճ լցվում էին մաքուր 28 գետերի ջրերը, այսօր դրանք համարյա ցամաքած են, քանի որ վերին հոսանքներից դրանք վերցված են, ջրառ է կազմակերպվել տարբեր նպատակներով։ Վերջիվերջո, գետերը դարձել են կոյուղատարներ, դրանց բնական հոսքը զգալիորեն կրճատվել է»։

Սևանա լճի խնդիրը համալիր լուծում է պահանջում՝ ահազանգում են մասնագետները։ Էդուարդ Մեսրոպյանն իր առաջարկն ունի՝ միգուցե թարմ ջրի հոսք կազմակեպվի դեպի Սևան՝ այդ կերպ ապահովելով լճի հագեցումն ու սնուցումը։

Մինչդեռ այժմ լիճը «սնվում է» կեղտաջրով՝ արտադրական, կենցաղային, գյուղատնտեսական։ Այստեղ ևս մեկ կարևոր շեշտադրում է անում մասնագետը։ Կարևոր է ի վերջո հասկանալ՝ Սևանը լի՞ճ է, թե՞ ցանցային ձկնաբուծության զարգացման վայր․

«Ի՞նչ է Սևանը մեզ համար․ առաջին հարցը դա դնենք․ Սևանը բիզնեսի աղբյո՞ւր է, թե ազգային հարստություն է։ Եթե այդ հարցը դնենք, մենք կորոշենք, թե ինչի համար է մեզ պետք Սևանա լիճը»։

Առաջիկա տարիներին նախատեսվում է նաև մաքրման կայաններ կառուցել նաև Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ բնակավայրերում՝ ակնկալելով, որ երկրի հարավը ևս կթոթափի կեղտաջրերի բեռը։

Back to top button