ԿարևորՀասարակություն

Կրթամշակութային միջոցառում՝ «Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թ. օգոստոսի 10-11-ը կազմակերպում է «Զորաց քարեր․ մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով կրթամշակութային միջոցառում։

Միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին: Ծրագրի առաջին մասում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հուշարձանին, լսելու թեմատիկ զրույցներ տիեզերքի մասին մարդու պատկերացումների շուրջ, մասնակցելու թեմատիկ խաղերի, հարց ու պատասխանի:

Երկրորդ մասը կմեկնարկի ժամը 03:00-ին՝ տիեզերքի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին կհաջորդի Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորումը՝ ժամը 04:00-ին։ Միջոցառման ընթացքում կհնչեն հայ երաժշտարվեստի գոհարներից՝ Կոմիտասի և Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից։

Հիշեցնենք, որ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Հուշարձանը պարբերաբար ուսումնասիրել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.):

Հուշարձանի տարածքում հնագիտական ուսումնասիրությունները վերսկսվել են 2013 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից (արշավախմբի ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան):

Միջոցառումից ստացված հասույթն ուղղվելու է արգելոցի ենթակառուցվածքների կազմակերպմանն ու զարգացմանը։

Միջոցառման մասնակիցներին խնդրում ենք իրենց հետ ունենալ տաք հագուստ, լապտերներ, քնապարկեր:

Back to top button