Մշակույթ

Թե ուզում ես խոսքդ լսեն. Չարենցը դեռ շարունակում է կրքեր բորբոքել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Չարենցի անտիպ բանաստեղծությունների ժողովածուն վերծանել և «Գիրք մնացորդաց»- ում է մեկտեղել գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է, որ պետական պատվերով գիրքը տպագրվել է 500 օրինակով, սակայն այն չի հասել ընթերցողին: Սակայն Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի  խոսքով՝ այն պահվում է թանգարանում, քանի որ գրողի դուստրը դժգոհել է գրքի առաջաբանից, որտեղ Չարենցին վերագրված են անհարիրի պիտակներ և մեկնաբանություններ:

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կողմից 2012 թվականին հրատարակված «Գիրք մնացորդաց»- ը,  որտեղ ներկայացված են Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունները, պետական պատվերով տպագրվել  է 500 օրինակով։ Սակայն այն այսօր  հասանելի չէ ընթերցողին, քանի որ Չարենցի դստեր գրքի վերաբերյալ  դժգոհություններից հետո այն պահվում է  Չարենցի տուն-թանգարանում: Դավիթ Գասպարյանի համար  համար անհայտ է, թե ինչու այն չի հանվում վաճառքի և դրվում ընթերցողի սեղանին։

1933 թվականին լույս տեսած  Չարենցի «Գիրք ճանապարին»- ը,   որը արգելափակեցին, քանի որ  այն ժամանակ իշխանությունը դեմ էր գրքի տպագրմանը, այնուամենայնիվ, գիրքը լույս ընծայվեց առանց մեկ գործի, որտեղ գրողը ներկայացրել էր Ստալին և Տրոցկի քաղաքական պայքարը։ Հեղինակը հանել էր  նշված գործը`  ավելացնելով 2 նոր գործեր եւ գիրքը տպագրվել էր 5000 օրինակով, ասում է Գասպարյանը։

Եղիշե Չարենցի  ձեռագրերի մի խումբ պահվել է Գևորգ Էմինի մոտ, ում որդին 1998 թվականին ձեռագրերի պատճենները անհայտ պայմաններում տվել էր ամերիկացի մի հետազոտողի: Այն մեզ վերադարձնելու համար աղմուկ բարձրացավ, և ձեռագրերի մի մասը մի քանի տարի առաջ  վաճառվեց մեր երկրին:   Գնված ձեռագրերն ուսումնասիրվեցին,  կազմվեց գիրք, որն էլ  պետական պատվերով տպագրվեց, սակայն  500 օրինակով: Դավիթ  Գասպարյանի համար զավեշտն այն է, որ գիրքը դեռ տպարանում էր, սակայն այն արդեն թարգմանվում էր անգլերեն և ավելին՝ ինքը շնորհավորանքներ էր ստանում  Չարենցի ժառանգության էջերը մեզ հասցնելու համար: Տպարանից գրքերը պետք է բաշխվեին գրադարաններին և այնուհետև  մնացածը վաճառքի հանվեր։

Գիրքը հասանելի չէ հանրությանը, սակայն չգիտես որտեղից գրքի վերաբերյալ հնչում են մեկնաբանություններ, վրդովված բարձրաձայնում է Դավիթ Գասպարյանը և ավելացնում, որ գրքում զետեղված են էրոտիկ բնույթի բանաստեղծություններ։

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքեց, որ գիրքը վաճառքի չհանելու պատճառն այդ էրոտիկ բանաստեղծություններն են, այլ Բանաստեղծի դուստրը դժգոհել է գրքի առաջաբանից, որտեղ Չարենցին, ըստ նրա, վերագրվել են անհարիրի պիտակներ և մեկնաբանություններ։

Back to top button