ԿարևորՀասարակություն

Կոմիտասի «Կռունկ»-ը՝ Հայկ համաստեղության ծագման պահին․ Քարահունջում կանցկացվի հայ-իրանական խոհարարական առաջին փառատոնը

Օգոստոսի 10-11-ին Սյունիքի մարզում տեղի կունենա հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոն։ Միջոցառմանը կներկայացվեն հայկական եւ իրանական խոհանոցի կերակրատեսակները։ Մասնակիցները նաև հեթանոսական Նոր տարին՝ Նավասարդը տոնելու հնարավորություն կունենան, որը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ, մասամբ, հարեւան Իրանում։ Փառատոնի նպատակը տոնական միջոցառումները մայրաքաղաքից մարզեր տեղափոխելն է։ Նախաձեռնողների կարծիքով՝ դա կօգնի երկրի բնակիչներին ու նրա հյուրերին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։

«Քարահունջում» կանցկացվի հայ-իրանական խոհարարական առաջին փառատոնը։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարևորում է հետքովիդյան ու վերաձևավորվող համաշխարհային շուկայում նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքով ներկայանալը։ Մեխակ Ապրեսյան․

«Քովիդից և պատերազմից հետո համաշխարհային շուկայի շատ երկրներում կազմակերպված տուրիզմը կայուն վերականգնման փուլի մեջ  չի մտնում, որովհետև ավելի զգուշավոր են նաև անվտանգությունից ելնելով։ Մենք ոչ թե պետք է հայտարարենք, որ մեզ մոտ անվտանգ է, այլ նման միջոցառումներով շուկային նրբորեն հետաքրքիր արդյունքներ ներկայացնենք, որտեղ զբոսաշրջիկն իրեն անվտանգ  է զգում»։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ փառատոնի առաջին հատվածում Հայաստանի և Իրանի թիմերը կներկայացնեն իրենց ազգային ավանդական ուտեստները, որոնցից մեկը պետք է համապատասխանի տոնի թեմային։

«Երկու երկրները կցուցադրեն իրենց կերակրատեսակները։ Իհարկե ,մենք ուղորդել ենք, խնդրել ենք ծիսական կերակրատեսակները, որոնք բնորոշ են Ամանորին, պարտադիր լինեն։ Մնացածը ազատ թեմայով է, իսկ այդ պարտադիրը կորկոտն է՝ Նավասարդի հարիսան։ Նմանատիպ կերակուր նաև պարսիկները ունեն, հալիմ է կոչվում»։  

Աստղադիտում՝ «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցում, որից հետո ջութակով կհնչի Կոմիտասի Կռունկը՝ Հայկ համաստեղության ծագման պահին՝ փառատոնային ծրագրի երկրորդ օրն է: Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեան․

«Զբոսաշրջության կոմիտեն այս տարի 5 փառատոնի է աջակցում, որոնցից մեկն էլ սա է։ Հարևան երկրներից Իրանը մեր թիրախային շուկաներից է։ Թե մարտին, թե ձմռանը Իրանից բավականին շատ զբոսաշրջիկներ են ունենում։ Միշտ աշխատում ենք նոր ծրագրեր կազմել՝ շարունակաբար զբոսաշրջիկների բերելու համար»։

Նավասարդի օրը արիական խոհանոցի համատեղ փառատոն անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է, նպատակը՝ երկու երկրներում հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստներն ու ավանդույթները հանրահռչակելը։

Back to top button