ԿարևորՀասարակություն

100 հազար դրամ տուգանք առօրյայում զինվորական համազգեստ կրելու համար․ ՊՆ նոր առաջարկը

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 100 հազար դրամով տուգանել նրանց, ովքեր զինվորական ծառայության մեջ չեն, բայց, օրինակ, առօրյա կյանքում զինվորական համազգեստ են կրում։ Գործող կարգավորումներով փաստորեն, զինվորական համազգեստ կարող են կրել միայն զինվորական ծառայության մեջ գտնվողները, 20 և ավելի տարվա զինվորական  անբասիր ծառայություն անցածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած պայմանագրային զինծառայողները, ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված, պահեստազորում հաշվառված եւ սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցողները։ Պաշտպանական գերատեսչությունը կարծում է, որ անհրաժեշտություն կա պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու համար։

Հայ հասարակությունում առհասարակ զինվորական համազգեստը կամ դրան բնորոշ տարրերը բավականին տարածված են՝ նկատում է սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը։ Մասնագիտական գործունեության ընթացքում համազգեստի նկատմամբ վերաբերմունքը ուսումնասիրելիս պարզել է, որ մարդիկ այն ասոցացնում են արիության, ուժի ու կամքի հետ և համազգեստը կրելով՝ իրենց, այսպես ասենք, ավելի մոտ են զգում բանակին։

«Ռազմական ոլորտը, բանակը միշտ էլ շատ կարևոր առաջնահերթություն են եղել, և այդ իմաստով զինվորական համազգեստը համարվել է պատվի ցուցիչ, հասարակության մեջ շատերը,  ընդհուպ մինչև կանայք միշտ մեծ սիրով ու պատվով կրել են  զինվորական համազգեստ։ Շատերը, զինվորական ծառայության մեջ չլինելով, այդ համազգեստն անգամ մոդայիկ են համարում»,-ասում է Արմեն Խաչիկյանը։

Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայ հասրակությանը,  այլ նաև այն բոլոր երկրներին, որոնք պարբերաբար կամ մշտապես պատերազմական գործողությունների կամ ազգամիջյան հակամարտությունների կիզակետում են՝ նկատում է սոցիոլոգը։ Նույնիսկ 2020թ․ 44–օրյա պատերազմի ցավալի ավարտից հետո, ըստ Արմեն Խաչիկյանի, հարգանքը զինվորական համազգեստի նկատմամբ ավելի է մեծացել, սակայն հենց պատերազմի ժամանակ էլ շատերը խախտում էին համազգեստը կրելու կանոնները։

«Մենք դրա ականատեսը եղել ենք հենց պատերազմների ժամանակ, երբ, օրինակ, կամավորական աշխարհազորային պահեստազորային ստորաբաժանումներ ձևավորելով՝ շատերը խախտում էին այդ կանոնները։     

Այդ կանոնները շատ հստակ են․ օրինակ՝ թե ինչպիսին պետք է լինի զինվորական կոշիկը կամ համազգեստը մինչև որ կոճակը պետք է կոճկված լինի, տարվա որ ժամանակահատվածում կարելի է ծալել հագուստի թևքերը և որքան։ Բնականաբար, այս կանոնները զինվորականները գիտեն, իսկ քաղաքացիական անձինք գուցե չգիտեն ու դրա հետևանքով խախտումներով են կրում համազգեստը»։

Արմեն Խաչիկյանը շեշտում է՝ պետք է տարբերակել զինվորական համազգեստը կամուֆլյաժից կամ զինվորական տարրեր պարունակող հագուստից։ Վերջինը շատերն են նախընտրում կրել․ ոչ միայն երիտասարդները, այլ նաև,  օրինակ,  գյուղացիները կամ հողագործությամբ զբաղվողները այն պարզ պատճառով, որ այդ համազգեստը ուշ է մաշվում և ամուր է՝ բացատրում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

«Հատկապես, օրինակ, ձմեռային վերնահագուստը շատ պրակտիկ և հարմարավետ է և հենց այդ պատճառով շատ քաղաքացիներ գյուղացիներ երբեմն կիրառում են դա, բայց ակնհայտ է որ իրենց միտում չունեն բացասական երանգ տալու այդ համազգեստին, բայց միևնույն ժամանակ կողքից նայողների համար կարող է նաև բացասական ընկալվել և հարգանքի բացակայության բերել»։

Այս առումով ՊՆ օրենսդրական նախաձեռնությունը սոցիոլոգը դրական է համարում, կարծում է՝ այն չի խանգարի զինվորական ատրիբուտներ պարունակող հագուստը նախընտրողներին, բայց նաև ավելի զգոն կդարձնի զինվորական համազգեստը չարաշահողներին։

Back to top button