ԿարևորՍպորտ

Ապագա ստոմատոլոգը՝ Եվրոպական ուսանողական խաղերի կարատեի չեմպիոն

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Դավիթ Մակյանը Եվրոպական ուսանողական խաղերի կարատեի չեմպիոն է դարձել։ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացվող «Եվրոպական ուսանողական խաղեր-2022» մրցաշարի 75 կգ քաշային կարգում Դավիթն արժանացել է ոսկե մեդալի ՝ 5 մենամարտից 5-ում հաղթանակ տանելով։

Ապագա ստոմատոլոգին Կարատեի ազգային ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Բժշկական մայր բուհի ղեկավարը, շնորհավորելով մարզիկին, նորանոր մարզական և մասնագիտական հաջողություններ մաղթեց՝ կարևորելով ուսանողների ներգրավվումը նման մրցումներին:

Բուհի ռեկտորը Դավիթ Մակյանի հաջողությունների մասին պատմեց նաև ԵՊԲՀ ռեկտորատի անդամներին՝ նրանց շնորհավորելով բուհի հերթական հաղթանակի առթիվ:

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ բուհում սպորտին մեծ տեղ տալու, ֆիզիկական դաստիարակության ամբիոնը մարզական գույքերով ապահովելու համար. «Նման ուշադրությունը նպաստում է լավ մարզիկներ պատրաստելուն և հաջողություններ գրանցելուն:

Հաճելի է, երբ ուսումն ու մարզումը համատեղում են: Բժշկական համալսարանում կրթությունը բարդ է և ժամանակատար, բայց ուսանողները կարողանում են մարզվել, մեծ հաղթանակներ ունենալ, միջազգային արենայում դառնալ չեմպիոն»:

Դավիթ Մակյանը, խոսելով հաղթանակի մասին, նշեց, որ այն սպասված էր. «Անցել էինք լավ նախապատրաստական շրջան։ Կարողացա ցույց տալ այն ամենը, ինչի վրա այդքան երկար աշխատել էինք։ Հաճելի է տեսնել աշխատանքիդ արդյունքը, տեսնել մարդկանց բերկրանքը, երբ նվաճում ես ոսկի քո երկրի և համալսարանի համար։ Դրա հետ մեկտեղ մեծանում են պահանջները և քեզանից սպասվող պատասխանատվությունը` հետագայում ավելիին հասնելու համար: Հաճելի է այն զգացողությունը, որ հաղթում ես՝ ներկայացնելով մի ամբողջ բժշկական համայնք և ցույց տալիս, որ հայ բժիշկը կարող է նաև պրոֆեսիոնալ մարզիկ լինել»։

Ապագա ստոմատոլոգն ընդգծեցում է՝ սպորտը չի խանգարում ուսմանը. «Ամեն ինչ սկսվում է ցանկությունից և ցանկությանը հասնելու համար խիստ կարգապահ լինելուց: Բժշկական կրթությունը ինձ տալիս է գիտական մակարդակով իմ սպորտային հնարավորությունները պատկերացնելու բանալին։Բացի դրանից՝ ինձ համար սկզբունքային է ազատ լինելը, չսահմանափակվելը, տարբեր ոլորտներում ինձ փորձելը, քանի որ ցանկացած տեղ հաջողության հասնելու համար պահանջվող մարդկային որակները նույնն են»:

Դավիթը շեշտում է, որ ավելի մեծ եռանդով պատրաստվելու է սեպտեմբերին կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին՝ ավելի լավ մարզավիճակում լինելու և համաշխարհային ոսկին հայրենիք բերելու մեծ նպատակով։

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները ՝ Դավիթ Մակյանն ու նրա քույրը՝ Անիտա Մակյանը տարբեր տարիների ընթացքում բազմաթիվ հաջողություններ են գրանցել, արժանացել տարբեր մրցանակների և մեդալների:

Back to top button