Աշնանային նստաշրջանն ավարտվեց
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի վերջին օրն էր: Արդեն հայտնի է, որ խորհրդարանականները մինչև տարևերջ առնվազն մեկ արտահերթ նստաշրջանի կհավաքվեն՝ կառավարության նախաձեռնությամբ։
Ըստ աշխատակարգի՝ նիստը սկսվեց նախորդ օրվա ընթացքում քննարկված հարցերի քվեարկությամբ: Գործադիրի կողմից ներկայացված օրինագծերը ընդունվեցին իշխող քաղաքական կոալիցիայի կողմ ձայների ճնշող մեծամասնությամբ: Իսկ ահա ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված հակակոռուպցիոն հարցապնդման վերաբերյալ որոշման քվեարկությունը բուռն վեճերի առիթ դարձավ։
Որպես նախաձեռնության փրկելու վերջին հնարավորություն ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը դիմեց իշխող մեծամասնությանը կողմ քվեարկելու կոչով։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մերժեց իր ընդդիմադիր գործընկերոջ կոչը՝ որակելով նախաձեռնությունը որպես անհեթեթություն։
Նման դիրքորոշումը այնուհանդերձ չի նշամակում, որ ՀՀԿ-ն դեմ է կոռուպցիայի դեմ պայքարին: Հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը բուռն դժգոհություն հայտնեց նրա ելույթից, քանի որ խոսքը տրվել էր վարման կարգով, իսկ արդյունքում, ըստ նրա, հետևեց բովանդակային հայտարարություն:
Անջատած խոսափողերի պայմաններում պատգամավորը և ԱԺ փոխնախագահը անցան բուռն բանավեճի՝ ոչ խորհրդարանական բառապաշարի կիրառմամբ: Նախագահող՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ստիպված էր հանգստացնել գործընկերներին։
Արդյունքում՝ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը մերժվեց՝ հավաքելով 10 կողմ և 62 դեմ ձայներ: ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Խորհրդարանի աշխատանքը վերադարձավ բնականոն հուն: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց կառավարության կողմից մշակված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ առաջարկվում է մեկ տարով երկարաձգել նախկինում սահմանված ժամկետները։ Ինչպես պարզվեց, օրենքի գործողության 9 տարիների ընթացքում ընձեռած հնարվորությունից օգտվել է 7116 մարդ, ընդհանուր առմամբ՝ մուծելով 7 մլրդ 100 մլն դրամ։