ԿարևորՀասարակություն

Բարի երթ՝ առանց վառելիքի․ գազալցակայանների խառնաշփոթն ու ձեռագիր խառը կտրոնները

Տրանսպորտային միջոցների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Օգոստոսի 1-ից՝ այսօրվանից, ուժի մեջ մտած կարգավորումն իսկական իրարանցում է առաջացրել գազալցակայաններում ու գազաբալոն վկայագրող լիցենզավորված կազմակերպություններում։ Կիլոմետրերով հերթեր ու անպատասխան հարցեր։ Գազալցակայաններից «Ռադիոլուրին» պատմել են՝ գիշերը տեղ ու դադար չկար, արդեն առավոտյան լցակետերը դատարկ են։ Վարորդների մտահոգություններին ի պատասխա`ն ՏԿԵ նախարարությունն էլ վստահեցնում է՝ մեքենաների տվյալների շտեմարաններն անխափան աշխատում են, իսկ հերթագրված վարորդները մինչև փորձաքննության օրը կարող են անարգել լիցքավորել իրենց գազաբալոնը։

«Գիշերը մինչև ժամը 00։00–ն, երբ օրը պիտի փոխվեր ու դառնար օգոստոսի 1–ը այստեղ, որ ասեղ քցեիր՝ ասֆալտին չէր կպնի, կմնար մեքենաների վրա»,– ասում է գազալցակայանի տնօրենը։

Վարորդների ու լցակայանների կյանքը երկու մասի է բաժանվել՝ օգոստոսի 1-ից առաջ ու հետո։ Եթե կեսգիշերին լցակայանում հերթը մի քանի կիլոմետրի էր հասնում, ապա մեր այցելության պահին՝ արդեն օրվա երկրորդ կեսին, ընդամենը մի քանի մեքենա էր լիցքավորվում։ Երևանյան գազալցակայաններից մեկի տնօրեն Արարատ Մկոյանն ասում է՝ արդեն այսօր վաճառքը, իր հաշվարկով, 60 տոկոսով նվազել է․ պատճառն օգոստոսի 1–ից ուժի մեջ մտած կարգավորումն է, ըստ որի՝ գազալցակայաններն իրավունք ունեն լիցքավորել միայն այն մեքենաները, որոնց գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված է լիցենզավորված կազմակերպության կողմից: Տնտեսվարողն իր հաշվարկ-դիտարկումն ունի։

«Եթե պարզ թվաբանություն անենք՝ ապա հանրապետությունում կես տարում փորձաքննվել է ամենաշատը 120-140 հազար ավտոմեքենա, իսկ եթե հայտարարվում է որ հանրապետությունում 500-600 հազար ավտոմեքենա գազով է շահագործվում, ապա մեզ ամենաքիչը 3 տարի պետք է»,– ասում է Մկոյանը։

Չլիցենզավորված և չստուգված գազաբալոնները լիցքավորելու դեպքում տուգանվելու է լցակայանը 100-500 հազար դրամով։ Նույն խախտումը կրկնելը վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում առաջացնում է կրկնակի տուգանք։ Մկոյանը պատմում է՝ մի քանի ժամում արդեն  տասնյակ մեքենաների մերժել ու չեն լիցքավորել։ Մեր այցի պահին էլ շատ վարորդներ բարկացած, վրդովված ու առանց գազի հեռանում էին լցակայանից։

«Ես օրենքի տառի համաձայն վարորդին ասում եմ՝ եկել ես ինձանից ապրանք ստանալու․ եթե ես քեզ 3000 դրամի գազ տամ, հետո ինձ 200 հազար տուգանելու են»։

Վարորդներից շատերն են դժգոհում՝ չեն հասցրել սահմանված ժամկետում լիցենզիա ստանալ․ հերթագրվել են, բայց հերթը հասնելու է ամիսներ անց միայն։
Ոլորտը կարգավորող գերատեսչությունն էլ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, արձագանքում է՝ որ մեքենաները հերթագրվել են, կարող են մինչև իրենց հերթագրման օրը գազ լցնել գազալցակայաններում։

«Ռադիոլուրի» այցելած լցակայանի տնօրենը պատմում է՝ հերթագրման ինչ տեսակի կտրոն ասես չի տեսել․ հերթագրման համակարգը մշակված չէ, հաճախ ստիպված են լինում մերժել վարորդների, որոնք, իրենց ասելով, հերթագրված են, սակայն հերթագրման կտրոնը կամ կնքված չէ, կամ արժանահավատ չէ։

«Կան մարդիկ՝ ասում են թուղթը ունեի, կորցրել եմ հենց նոր, շատ դժվար է։ Կազմակերպություններ կան՝ այցեքարտ են տվել, որի վրա գրված է հերթի ամսաթիվը, բայց ոչ համարանիշ կա գրված, ոչ էլ կնիք։ Բայց եթե շտեմարանից չենք կարողանում օգտվել, գոնե հավաստի թուղթ կունենանք, որ կարողանանք լիցքավորել ու չտուգանվել»,– ասում է լցակայանի տնօրենը։

Մկոյանն ասում է՝ նախարարությունը թերացել է հերթագրման համակարգը մշակելիս, վարորդներն էլ փորձարկումը թողել են վերջին օրվան և փաստի առաջ կանգնել։ Մինչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կարծում են՝ ստեղծված խառնաշփոթում մեղքի իրենց բաժինն ունեն նաև լցակայանները։ Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանն ասում է՝ եթե լցակայանները ժամանակին կապվեին նախարարության հետ, ստանային շտեմարաններ մուտք գործելու անհրաժեշտ տվյալներն այսօր խնդիր չէին լինի։

«Թույլ տվեք չհամաձայնել․ այն բոլոր կազմակերպությունները՝ թե գազաբալոնի վկայագրում իրականացնող լիցենզավորված ընկերությունները, թե գազալցակայանները, որոնք շտեմարանին մուտք ունեն ունեն եւ ինտերնետ կապ, ոչ մի խնդիր չեն ունենա աշխատելիս։ Հերթագրման ոչ մի թղթային կտրոն ուժի մեջ չէ, եթե հերթագրված եք՝ ձեր տվյալները պետք է լինեն շտեմարանում։ Հորդորում ենք նաև բոլոր լցակայաններին՝ ակտիվ աշխատել նախարաարության հետ այս հարցը արագ կարգավորելու համար»,– ասում է Արայիկ Ստեփանյանը։

Նախարարությունն այս պահին ամփոփ թվեր չունի՝ քանի մեքենայի գազաբալոն է վկայագրվել, քանիսն է հերթում։ Ասում են՝ դեռ չեն ամփոփել, բայց օրական 1000-ից ավելի գազաբալոն է փորձաքննվում կամ հերթագրվում։ Վստահեցնում են՝ շուտով բոլոր գործարքները, այդ թվում՝ հերթագրումը էլեկտրոնային կլինեն։ Իսկ մինչ այդ հիշեցնում են՝ այն վարորդները, որոնք հերթագրված են գազաբալոնի փորձաքննության համար, կարող են մինչև հերթագրման օրը լիցքավորել իրենց մեքենաները, սակայն դրանից հետո այլընտրանք չի լինի։ Էլի կմաղթեն բարի երթ, բայց․․․առանց գազի։

Back to top button