ԿարևորՀասարակություն

Մինչև թոշակի անցնեք, գուցե ձեր կուտակած գումարը վերադարձվի. ԿԲ-ն ու ֆոնդերը՝ կտրուկ նվազած միջոցների մասին

Վերջին օրերին հանրության շրջանում անհանգստության ալիք կա՝ կապված կուտակված կենսաթոշակային ֆոնդերում գումարի նվազման հետ։ Քաղաքացիներն իրենց հաշիվներում տեսնում են, որ որպես կենսաթոշակ կուտակած գումարները ոչ միայն չեն ավելացել, դեռ մի կողմից էլ պակասել են։ Տնտեսագետները մտահոգված են, իսկ պետական ֆինանսական կառույցները փորձում են պարզաբանել ու փորձել ցրել մտահոգությունները։ 

Ինչո՞ւ հանկարծ նվազեցին մարդու՝ վաղվա համար կուտակած գումարները։ Խնդիրը դիտարկենք մեկ քաղաքացու օրինակով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում իր աշխատավարձից կենսաթոշակային ֆոնդին փոխանցվել է 152 հազար, դրան ավելացել է նաև պետության մասը՝ 82 հազար դրամ։ Այսինքն՝ քաղաքացու կենսաթոշակի կուտակային հաշվին պետք է ավելանար ավելի 200 հազար դրամ՝ չհաշված կառավարող ֆոնդի տոկոսների եկամուտը։ Սակայն այս ընթացքում նրա կուտակային հաշիվը ոչ միայն չի ավելացել, այլև միանգամից պակասել է շուրջ 585 հազար դրամ։ Այսինքն՝ նախկինում կուտակածից դեռ 385 հազար էլ պակասել է։

Անհանգստության ալիքը հասել է գլխավոր դրամատուն ու կուտակային ֆոնդերի կառավարիչներին։ Որպես հիմնական պատճառ նրանք նշում են դրամի արժևորումն ու դրամավարկային խիստ քաղաքականությունը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը՝ գնաճը զսպելու նպատակով,պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում։  Բայց մարդկանց կուտակած կենսաթոշակները կառավարողները նաև հորդորում են չանհանգստանալ՝ մինչև գումարի վերադարձը 15- 20 տարի կա՝ ասում են։

Իսկ տարիների փորձը ցույց է տալիս, որ ֆինանսական շուկան կարողանում է հաղթահարել շոկերը։ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանը կոնկրետ օրինակով է ներկայացնում․

«Ենթադրենք ունենք 10 հազար դոլար արժողությամբ ակտիվ։ Երբ փոխարժեքը 500 դրամ է, այդ ակտիվի արժեքը մեզ մոտ 5 մլն դրամ է, երբ փոխարժեքը 400 դրամ է, մեզ մոտ 4 մլն դրամ է։ Այստեղ է, որ մենք տեսնում ենք 20 տոկոս եկամտաբերության նվազում։ Այն է, ինչ այժմ տեղի է ունենում»։

Այս մայիսի դրությամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի ընդհանուր ակտիվները  503 մլրդ դրամ են՝ տարեսկզբի համեմատ  20․5 մլրդ դրամով կամ 4 տոկոսով ավելի։ Կուտակված գումարների 40 տոկոսը  ներդրված է արտարժութային ակտիվներում, 60 տոկոսը՝ հայաստանյան, ընդ որում՝ մոտ 35%-ը՝ պետական պարտատոմսերում։ Տնտեսության իրական հատվածում ներդրումների կշիռը գնալով մեծանում է՝ վստահեցնում են կառավարիչները։ Բայց վերադառնանք ֆոնդերում կուտակած գումարների նվազմանը։ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն, որը կառավարող ֆոնդերից մեկն է, բացասական արդյունքը   4․9-9․2 տոկոս է։ Առավել ռիսկային ֆոնդերում նվազումն ավելի մեծ է․ «Ամունդի-Ալբա Ասեթ Մենեջմենթ»-ում՝ 5-10 տոկոս։  

Սա յոթերորդ եռամսյակն է, ինչ ֆոնդերում բացասական եկամտաբերություն է գրանցվում՝ ընդգծում է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։ Երկու ֆոնդերի ներկայացուցիչներն էլ համակարծիք են՝ դեռ ժամանակ կա պակասը լրացնելու, մինչև հարկ լինի գումարը վերադարձնել։  

«Նախկինում գրեթե բոլոր եռամսյակներում հաջորդել են աճի երկարատև ժամանակահատվածներ։ Ուստի խորհուրդ ենք տալիս չկենտրոնանալ կարճաժամկետ հատվածի եկամտաբերության վրա՝ եռամսյակի կամ տարվա։ Փորձը ցույց է տալիս, որ դրանք երկարատև ժամանակահատվածում վերականգնվում են, իսկ մենք ունենք բավականին երկար ժամանակահատված՝ 15–20 տարի մինչև առաջին կենսաթոշակի վճարումը»։

Նույն պարզաբանմամբ քաղաքացիների մտահոգությունները փորձում է փարատել նաև Կենտրոնական բանկը։ Միտումն ընդհանուր է, բնորոշ չէ միայն Հայաստանին՝ ասում են։

Կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնվածներն են, բարեփոխումները մեկնարկեցին 2014 թվականից։ 2037 թվականին համակարգին միացած առաջին շահառուները կստանան կուտակած գումարները։ Այս պահին իր հետագա կենսաթոշակը կուտակում է մոտ 406 հազար մարդ։ Նրանից շուրջ 81 հազարը պետական, մնացածը՝ մոտ 325 հազարը, մասնավոր հատվածից են։ Ընդհանուր առմամբ, կուտակային կենսաթոշակային ֆոնդերում այսօր կառավարվում է ավելի քան 650 հազար մարդու կենսաթոշակային խնայողություն։

Մինչև 2023 թվականն այս բարեփոխման համար անցումային շրջան է։ Անցյալ տարի կենսաթոշակ կուտակողն իր աշխատավարձից տրամադրում էր 3․5 տոկոս, պետությունը դրան ավելացնում է իր մասը՝ աշխատավարձի 6․5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 32 500 դրամ։ Իսկ արդեն 2022–ի հունվարից աշխատողի գրպանին կենսաթոշակ կուտակելը փոքր-ինչ ծանրացել է․ անձը վճարում է իր աշխատավարձի 4,5 տոկոսը, պետությունը դրան ավելացնում է 5․5 տոկոս։ 2023-ից արդեն այս հարաբերակցությունը կհավասարվի՝ կես-կես։ Բայց պետության մասնակցությունը սահմանափակվում է 25 հազար դրամով։ Համակարգի ստեղծման պահից՝ 2014 թվականից, յուրաքանչյուր մասնակցի գումարի եկամտաբերությունը 8-9 տոկոս է։ 2016-ին ֆոնդերում եկամտաբերությունը 15-9 տոկոս է կազմել։

2021-ին կենսաթոշակային ֆոնդերը զբաղեցրել են ֆինանսական համակարգի ակտիվների 5․7 տոկոսը, 2020-ի 4․7 տոկոսի դիմաց՝ նկատում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը։ Կուտակված գումարների առնվազն 60 տոկոսը ներդրվել է ՀՀ-ում՝  պետական պարտատոմսերում։

«40 տոկոսը դրվում է արտարժութային ակտիվներում, 60 տոկոսը՝ հայաստանյան։ Նպատսկն այն է, որ որոշակիորեն դիվերսիֆիկացված լինեն դրանք։ Երբ մի շուկայում կտրուկ անկում տեղի ունենա, մեկ այլ շուկայում լինի դիվերսիֆիկացում, որ ընդհանուր չլինի անկումը։ Այս տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգը որոշակի արդյունավետ է եղել՝ պայմանավորված դիվերսիֆիկացիայի բարձր մակարդակով»։

Տնտեսության իրական հատվածում ներդրումները հիմնականում արդյունաբերության, նաև՝ սննդամթերքի վերամշակման ոլորտում են։ Իրական հատվածի ընկերություններից են, օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Սպայկա» ՍՊԸ-ն։ Իրական հատվածում նաև անուղղակի ներդրումներն են ավելանում՝ ասում են ու բացատրում՝ օրինակ ավանդներում իրենց կատարած ներդրումների շնորհիվ է, որ բանկերում նվազել են վարկերի տոկոսադրույքները։ Միաժամանակ վստահեցնում են՝ մասնագետները նկատել են՝ իրական հատվածում կենսաթոշակային ֆոնդերից ներդրումների կշիռը  մեծանում է։

Այդուհանդերձ, ապագան անորոշ է,  ուստի ֆինանսական կորստի ռիսկերից խուսափելու համար պետք է դիվերսիֆիկացնել մարդկանց կուտակած միջոցների շրջանառության շրջանակը՝ շեշտում են։

Back to top button