ԿարևորՄշակույթ

Վերդիի «Օթելլոն» հնչել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ հնչել է Վերդիի «Օթելլո» օպերան:

Օպերայի համերգային կատարմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:

Օթելլոյի դերում հանդես է եկել Արսեն Սողոմոնյանը. նա այս դերերգով ելույթ է ունեցել ավելի քան քսանհինգ անգամ՝ աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Դեզդեմոնայի դերում Լիանա Ալեքսանյանն էր՝ իր սերնդի ամենավառ սոպրանոներից մեկը: GRAMMY-ի հավակնորդ (2009 թ.), բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, ռուս անվանի բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին կերտել է Յագոյի կերպարը:

Յագոյի տիկնոջ դերերգով հանդես է եկել մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը, Կասսիոյի կերպարը մարմնավորել է տենոր Տիգրան Հակոբյանը, Ռոդրիգո՝ Հայկ Թոնգուրյան (տենոր), Լոդովիկո՝ Հայկ Տիգրանյան (բաս), Մոնտանո՝ Աշոտ Ղանթարջյան (բարիտոն):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ ‹‹Օթելլոն›› հնչել է նաև 2018-2019 թվականների համերգաշրջանի փակմանը:

Back to top button