ԿարևորՀասարակություն

«Պետական գաղտնիքը» քողարկում է նաև կոռուպցիոն հանցագորոծությունները

«Պետական գաղտնիք» ձևակերպումը հաճախ է օգնության հասնում պաշտոնյաներին այս կամ այն թեման  շրջանցելու կամ դրա մանրամասները չներկայացնելու համար։ Կան կառույցներ,  որտեղ «պետական գաղտնիք»–ի շրջանակները խիստ լայն են՝  գնվող թղթի ծավալից  կամ որակից մինչև  կառույցի աշխատանքին վերաբերող այլ տեղեկություններ։ Իրավապաշտպանները կարծում են, որ սա խախտում է տեղեկություն ստանալու քաղաքացիների իրավունքը, հատկապես այն դեպքերում, երբ հարցն այդքան էլ «պետական գաղտնիք» հասկացությանը չի առնչվում։

Հայաստանում հանրությունը պարբերաբար բախվում է «պետական գաղտնիք» ձևակերպման արգելքներին՝ զրկվելով տեղեկություն ստանալու իրավունքից։

Ունենք պատկեր, երբ, ըստ էության, գաղտնի են որոշ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոշ կառույցների դեպքում գաղտնի է, օրինակ, գնվող թղթի ծավալը կամ որակը, մեկ այլ դեպքում էլ  հրապարակման ենթակա չէ պաշտոնյային ուղեկցող պատվիրակության կազմը կամ տեղեկությունը, թե ինչ պայմաններով՝ բիզնես, թե էկոնոմ կարգից են օգտվում պաշտոնյաները։ Սրանք խնդիրներ են, որոնք առաջացնում են շարքային պարտաճանաչ հարկատուի անվստահությունը՝ ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը․

 «Մենք տեսել ենք, որ պետական գաղտնիության ձևակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ։ Մինչդեռ  ես՝ որպես հարկատու, ֆինանսավորման մասին տվյալները պետք է իմանամ։ Ունենք այսպիսի մի խնդիր՝ ԱԱԾ աշխատակիցների հայտարարագրերը համարվում են գաղտնի։ Ինչո՞ւ։ Փոքր երկիր ենք, և ով մեր կողքին է, ի վերջո տեղյակ ենք՝ ով ինչքան եկամուտ ունի և գույք, անգամ եթե գաղտնի են տվյալները։ Ես հարցը պետք է կարողանա՞մ բարձրացնել, որ 10 կամ 5 միլիոն է նրա տարեկան եկամուտը, ունի 20 միլիոնի գույք։ Գաղտնիության հիմնավորման տեսակետից համաչափ չէ և իրավաչափ չէ։ Ով է վերահսկում պետական գաղտնի տեղեկությունների սահմանումը և պահպանումը։ ԱԱԾ–ն հիմնական մարմինն է, որով պետք է ֆիլտրվեն, և տեղեկությունների ցանկը ի վերջո նրանով անցնի։ Բայց ԱԱԾ–ի նկատմամբ պառլամենտական վերահսկողություն չկա»։  

Ուշագրավ է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարան ուղարկված գործերից առաջինը ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանին առնչվող փաստերն են։  

Խնդիրներ, սակայն, առաջանում են ոչ միայն ուժային կառույցների հետ փոխհարաբերություններում։ Օրինակ, «Թրանսփարենսի Ինթերնելնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մեկ տարուց ավելի  դատական գործընթացի մեջ է։ Պահանջում են կառավարությունից տեղեկատվություն, որն առնչվում է կառուցապատման ոլորտին, բայց ինֆորմացիայի տրամադրումը կենտրոնին մերժվում է «առևտրային գաղտնիք» հիմնավորմամբ։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1996 թվականին։ Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արդիականացնել այն՝ համապատասխանեցնելով ներկա իրավական և միջազգային պահանջներին։ Երկրորդ անգամ են փորձում իրականացնել փոփոխությունները, բայց փորձագետները, միևնույնն է, դժգոհ են։ Առկա խնդիրներն առաջարկվող փոփոխությունները  չեն լուծում, պարզապես այլևս չի կիրառվի «ծառայողական գաղտնիք» հասկացությունը և «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին: Օրենքի անվանումը նույնպես կփոխվի՝ դառնալով պարզապես «Պետական գաղտնիքի մասին» օրենք։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ ճիշտ չէ հույսեր կապել իրավաձևակերպումների հետ, կարևորը հասարակության մտածողությունն է ու իրական վերահսկողության հաստատումը․  

«Հասարակությունը պետք է վերաիմաստավորի, թե խորհրդարան ասելով ինչ է հասկանում։ Թյուր ըմբռնում կա, որ պատգամավորը միայն օրենք ընդունելու համար է։ Ինքը նաև վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Երբ այդ մտածողությունը, երբ իրական պրակտիկա կձևավորվի, որ խորհրդարանը կարող է ուժային կառույցի ներկայացուցչին կանչել հաշվետվության, և այդ մարմնի ներկայացուցիչը բարի կգտնվի գալ, ոչ թե կասի՝ ժամանակ չունեմ և այլն, այդ ժամանակ որոշակի փոփոխություններ մենք կնկատենք։ Երբ կա արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն, բնականաբար, պետական կառավարման համակարգում շատերը ուղղակի ստիպված կլինեն իրենց և խոսքում, և վարքում չափել–ձևել, որովհետև խորհրդարանի առջև պատասխան պետք է տան։ Խորհրդարանը այն մարմինը չէ, որտեղ պետք է գալ և ասել՝ պետական գաղտնիք է։ Խորհրդարանը կարող է փակ նիստ անցկացնել և նույնիսկ անվտանգության ծառայությունների ղեկավարներից պահանջել այնպիսի տեղեկատվություն, որոնց պարտավոր են և լիազորված են տիրապետել։ Խորհրդարանը ժողովրդի կողմից ձևավորված ներկայացուցչական մարմին է, հենց հանրային վերահսկողության կենտրոնական մարմինն է։ Այնպես որ, սա է հիմնական մոտեցումը»։

Դեռ փոփոխությունների առաջին փորձի ժամանակ հակակոռուպցիոն կենտրոնը պնդում էր, որ «Պետական գաղտնիքի» մասին օրենքի մշակման ժամանակ հաշվի առնվի ԵԱՀԿ իրավակիրառ պրակտիկան։ Սակայն օրենքը արդիականացնողները ճիշտ են համարել «պետական գաղտնիքին» առնչվող հարցերում օգտագործել ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի փորձը։

Այստեղ իրավապաշտպան Սաքունցը կարևորում է նաև ԱԱԾ արխիվների մատչելիությունը և գաղտնիության ժամկետների վերանայումը։ Ասում է՝ եթե անկախ պետություն ենք, ժամկետները պետք է կրճատվեն, իսկ եթե չեն կրճատվում, այլ ենթադրություններ է անում և հարցը կապում լյուստրացիայի հետ։

Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում հրապարակված նախագծի վերաբերյալ առաջարկների ժամկետն արդեն լրացել է։ Փորձագետները վստահ չեն, առաջարկների մեծ մասը հաշվի կառնվի վերջնական փաստաթղթում։

Back to top button