ԿարևորՀասարակություն

Հավանություն է տրվել ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները: Նա զեկուցել է, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011թ., և ժամանակի հրամայական է Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը ռազմավարական պլանավորման փաստաթղթում:

Փաստաթուղթը, նրա խոսքով, անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին և ելնում այն դրույթից, որ ՀՀ տնտեսական և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրում կատարելու միջոցով: Ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու միջոց: Կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում՝ սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը: Ծրագրի վերջնանպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և մրցունակ կրթական համակարգ:

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ նախագիծը բավական ծավալուն է, և շատ կարևոր է, որ առաջիկայում դրա շուրջ քննարկումները շարունակվելու են Ազգային ժողովում՝ օրենսդիր գործընկերների հետ:

«Առաջիկայում վարչապետը նույնպես հնարավորություն կունենա անդրադառնալու նախագծին և առհասարակ կրթության ռազմավարությանը, քանի որ շատ կարևոր քննարկումներ տեղի են ունեցել հենց իր գլխավորությամբ: Երկու բառով փորձեմ ամփոփել ներկայացվածը: Մենք մի քանի կարևոր չափանիշներ ենք սահմանել՝ նախ, պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները և այս դեպքում արդեն իսկ Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը:  Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, և որ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակավայրում: Հենց այս խնդիրը թիրախավորելու համար  ունենք մեկ այլ ծրագիր. խոսքը վերաբերում է, ինչպես տեղյակ եք, 300 դպրոցների և 500 մանկապարտեզների մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին էլ ընթանում են ՀՀ բոլոր մարզերում, նաև Երևան քաղաքում:

Մյուս կարևոր կետը կամ առանձին գլուխը ռազմավարության մեջ վերաբերում է  ակադեմիական քաղաքին, որը վստահաբար իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն ՀՀ մասշտաբներով, այլև պետք է հնարավորինս հասանելի լինի մեր սփյուռքի հայրենակիցների և իհարկե, միջազգային ուսանողների համար:

Եվ ևս մեկ կարևոր դիտարկում՝ Կրթության զարգացման պետական ծրագիրը թերևս միակ ոլորտային ռազմավարական փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից: Հետևաբար, սա ընդգծում է փաստաթղթի կարևորությունը», — ամփոփել է փոխվարչապետը:

ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին անդրադարձել է նաև  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում նշել է հետևյալը.

«Կարևոր փասստաթուղթ ենք ընդունում, և այն բավական երկար է քննարկվել: Կարծում եմ՝ ընդունման պահն էլ պատահական չէ, որովհետև մենք բավական երկար ենք եկել այս հանգրվանին: Երկար քննարկումների պատճառն այն էր, որ մենք պետք է բոլոր ուղղություններով հասկանայինք մեր տեսլականը և հավատայինք այդ տեսլականին, որ կարողանալու ենք իրականացնել: Առաջին հայացքից այն մարդը, ով պատահական վերցնի այս փաստաթուղթը և կարդա, կմտածի, որ 8 տարվա ընթացքում բավական բարդ է այս նպատակներին հասնելը: Բայց վերջին 4 տարում կրթության ոլորտում արվող քայլերին ծանոթ մարդը կհասկանա, որ մենք շատ ուղղություններով արդեն բավական աշխատանք կատարել ենք և առաջ ենք գնացել:

Ըստ էության, այս փաստաթղթում մենք ամփոփել ենք և դարակներում շարել ենք բոլոր ուղղություններով արվող աշխատանքը և ամփոփ մեր տեսլականն ենք ներկայացնում, թե 2030 թվականին ինչ պատկեր ենք ունենալու: Իհարկե, Ազգային ժողովում այս փաստաթուղթը դեռ քննարկումներ կանցնի, և մեր գործընկերներն էլ վստահաբար առաջարկություններ կանեն: Բայց կարծում եմ՝ ստացել ենք լավ, ամփոփ փաստաթուղթ, որը թույլ կտա ավելի համակարգված գնալ մեր նպատակների իրականացմանը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելիս ունենալ որոշակի պարամետրեր, ֆիլտրեր, որի շուրջ պետք է աշխատենք, և այդ աշխատանքը հախուռն չի լինի»:

Back to top button