ԿարևորՀասարակություն

Հայաստանը շշմելու բան է․ բացառիկ ցուցադրություն «չտեսնված» Հայաստանի մասին

«Հայաստան, որը չենք տեսել»․ Նկարիչների միությունում բացվել է կենսաբան Հրաչ Ղազարյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ Հեղինակը վստահեցնում է՝ իր պատկերված Հայաստանը գրեթե ոչ ոք չի ճանաչում ու չի տեսել,  ցուցահանդեսն էլ հայրենիքին ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն է։ Կարմիր գրքում գրանցված կամ հայկական էնդեմիկ կենդանատեսակներ, բույսեր, անգամ պատմական հուշարձաններ ու արխիվային լուսանկարներ։ Ցուցահանդեսում կենսաբանի անձնական արխիվի ընդամենը 0.05 տոկոսն է, ասում է՝ Հայաստանի փոքրիկ հողակտորի վրա անվերջ ցուցադրելու բան կա։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 1-ը, դրանից հետո լուսանկարները կշրջեն Հայաստանի մարզերով։                                                                                          

Դուք իրական Հայաստանը չեք տեսել՝ վստահեցնում է կենսաբան Հրաչ Ղազարյանը և ասածը հիմնավորում լուսանկարների անհատական ցուցահանդեսով։ Հենց նույն խորագիրն էլ ընտրել է ցուցադրության համար՝ «Հայաստան, որը չենք տեսել»։

«Օրինակ, դուք հայ եք ու ապրում եք Հայաստանում, տեսե՞լ եք Հայաստանում ապրող ֆլամինգոներին կամ մյուս էնդեմիկ թռչուններին։ Հիմա եթե շրջեք ցուցահանդեսում, կհամոզվեք, որ խորագիրը ճիշտ է ընտրված»,– ասում է Հրաչ Ղազարյանը։

Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ, հայկական էնդեմիկ բույսեր ու թռչուններ, նույնիսկ պատմական հուշարձաններ, բնապատկերներ կամ պարզապես Հայաստան։ Ցուցադրված 150 լուսանկարները կենսաբանի արխիվի ընդամենը 0.05 տոկոսն են։ Ասում է՝ աննկարագրելի դժվարությամբ է ընտրել ու առանձնացրել այն լուսանկարները, որոնք պետք է ցուցադրել։

«Լավ կադրեր շատ կան, ու ընտրությունը շատ բարդ է․ ուզում ես ամեն ինչ ցույց տալ։ Ախր Հայաստանը ինքն իրենով շշմելու բան է»։

Շուրջ կես դար Հրաչն ապրում է բնությամբ, հաճախ օրերով, նույնիսկ ամիսներով գիշերում բնության գրկում՝ վրաններում մեկ բացառիկ լուսանկար անելու համար։

Ինչպե՞ս եք աշխատում, ստանում Ձեր ցանկացած լուսանկարները։

Կներեք, բայց դա ասել չեմ կարող, չեմ ուզում գլուխ գովել։

Հարցնում եմ, թե Հայաստանի հատկապես որ անկյունն է ամենաշատը սիրում, մտածում է ու դժվարանում կոնկրետ որևէ բան առանձնացնել, ասում է՝  յուրաքանչյուր մասնիկին է սիրահարված։

«Սա Աֆրիկան չէ, Հայաստանն է, այստեղ կենդանական աշխարհը շատ բարդ է իրեն ցույց տալիս, պրոֆեսիոնալ մոտեցում է պետք, որ կարողանաս տեսնել ու ֆիքսել բնությունը։

Լուսանկարների մեջ հիմնականում Կարմիր գրքի ներկայացուցչներն են կամ էնդեմիկ տեսակներ, օրինակ՝ հայկական մուֆլոնը, հայկական իժը կամ տարբեր բույսերի էնդեմիկ տեսակներ։ Բացի դրանից՝ կան նաև պատմական հուշարձաններ, օրինակ, Խոսրովի տարածքի պատմական համալիրը, որն արդեն չկա, բայց իմ լուսանկարներում կարելի է տեսնել այդ հրաշքը»,– պատմում է ցուցահանդեսի հեղինակը։

Մենք ավելի շատ լսում ենք Հայաստանի մասին, քան տեսնում՝ կարծում է ցուցահանդեսի հեղինակը, ասում է՝ նույնիսկ նրանք, ովքեր բավականաչափ ճամփորդել են Հայաստանում, վստահաբար շատ բան չեն տեսել։ Ցուցահանդեսում նաև ռետրո լուսանկարներ կան, որոնցում պատկերված կենդանիներն արդեն վաղուց  Հայաստանում չեն բնակվում ։

«Խոսրովում 60-ականներին բծավոր եղջերուներ կային, հետո ժամանակի ընթացքում գայլերը նրանց վերացրել են։ Վերջին բծավոր եղջերուին 1975թ․–ին  ենք հանդիպել, ու ես լուսանկարել եմ նրան»,– ասում է Հրաչ Ղազարյանը։

Հայաստանի փոքրիկ տարածքի վրա անվերջ ցուցադրելու բան կա՝ ասում է կենսաբանը։ Հետագայում նույն խորագրով նաև տեսաերիզներ ու ֆիլմեր կլինեն, լուսանկարներն էլ կշրջեն Հայաստանի մարզերով։ Թող բնությանն ամենամոտ ապրողները՝ տեղացիներն էլ ծանոթանան իրենց մարզերի ֆլորային ու ֆաունային՝ ասում է Հրաչ Ղազարյանը։

Back to top button