ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ խաղաղություն գտնելու հարցում. պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք կարողացել ենք հասնել որոշակի առաջընթացի, և մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, կարծում ենք, որ կարող ենք շարունակել այս ընթացքը: Պետքարտուղարը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ, սակայն այս կառույցում կան մեծ թվով մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց գործընկերների հետ տարբեր մակարդակներում շփումների մեջ են՝ վերահաստատելով մեր օգնության առաջարկը, քանի որ մենք ցանկանում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահի կողմից Մինսկի Խմբի հասցեին հնչող քննադատություններին, խոսնակն ասել է. «Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի: Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

Back to top button