ԿարևորՏնտեսական

Հայ- ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսը Երեւանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր բացվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսը, որին մասնակցում են ներկայացուցիչներ  Հայաստանի բոլոր մարզերից   ու Ռուսաստանի ինը մարզից:  Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացմանը մասնակցել նաև  Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:  «Անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար»- հայտարարել է Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ երեք ամիս առաջ այս օրը Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միանալ Մաքսային միությանը: Հայտարարությունից հետո  երկուստեք քնննարկումները ակտիվացան: Այս օրերին նույնպես Հայաստանում, մասնավորապես՝ Գյումրիում  ու Երևանում, Ռուսաստանից ժամանած տարբեր ոլորտների ներկայացուցիչների պակաս չի նկատվում:

Երևանում այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդես բացվեց, որին  մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերն ու Ռուսաստանի ինը մարզի ներկայացուցիչներ: Համագործակցության ոլորտը բազմազան  է,-ասում է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն ու ընդգծում,  որ երկուստեք կարևոր է միջտարածաշրջանային զարգացումը։ «Ռուսաստանի ռեգիոնները բավականին մեծ են, յուրաքանչյուր մարզ ասես մի առանձին երկրամաս լինի, և կարելի է ուղղակի կապերով ոար մարզերի հետ փորձել համատեղ ձեռնարկություններ ստեղծել: Սա մեր հիմնական նպատակն է»,- ասում է նա։

Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Մեր երկրի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ՌԴ  մարզերի հետ  շուրջ 30 համաձայնագիր է ստորագրվել: Վարչապետը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, իրավական դաշտի կատարելագործումը։ «Ֆորումի և ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»։

Ինչպես արդեն նշեցինք, ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի պատվիրակությունները: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից փորձեցինք պարզել, թե Ռուսաստանի որ մարզերի հետ են համագործակցում, ինչ պայմանագրեր ու պայմանավորվածություններ ունեն: Զրույցից պարզ դարձավ, որ Վայոց ձորը  ոչ միայն  պայմանավորվածություններ ունի,  այլ նաև ստորագրված համաձանագրեր:

Հայաստանի այս մարզը համագործակցում է Ռուսաստանի Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի նահանգների  հետ: Ընդհանուր  համաձայնագիր են ստորագարել, որը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ գիտատեխնիկական, տնտեսական, կրթական, մշակութային։ Համաձայնագրերը կնքվել են մինչ սեպտեմբերի երեքը, բայց այժմ հնարավորություններն ավելի մեծացել են, քանի որ մարզի պատասխանատուի խոսքով ավելի ազատ ռեժիմով շփվելու հնարավորություն կունենան:

Կոնկրետ որ ոլորտներում են համագործակցելու, հարցրեցինք Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից։ «Բոլորովին վերջերս վիդեոկոնֆերանս է տեղի ունեցել Վայքի տուրիստական կենտրոնի և Արխանգելսկի տուրիստական ներկայացուցիչների միջև: Վիդեոկոնֆերանսի ընթացքում ներկայացվել են Վայոց ձորի մարզի զբոսաշրջային գրավչությունները, մեր գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն են եղել,  պայմանավորվածություններ են ձեռքբերվել այնտեղի ընկերությունների հետ:

Արխանգելսկը Ռուսաստանի հյուսիսային մարզերից է, և նրանց մոտ մեծ պահանջ են  ներկայացնում վայոցձորյան գյուղատնտեսական մթերքները ինչպես թարմ, այնպես էլ չոր վիճակում, հանքային ջուրը, գինին։ Այնպես որ՝ մենք ակնկալում ենք, որ մենք կունենանք զարգացման լուրջ հեռանկարներ, ասում է մարզպետը։

Հարցին, թե ռուսական կողմից ինչ ակնկալիքներ կան, Էդգար Ղազարյանը նշեց, որ Ռուսաստանում անտառային արդյունաբերությունն է շատ  զարգացած եւ փայտանյութի ներմուծումը վերաբերում է ոչ միայն Վայոց ձորին, այլ ամբողջ Հայաստանին, հիմնականում՝ անտառանյութ, ծովային մթերքներ, ձկներ։

Ագրարագյուղացիական միավորում հ/կ նախագահ Հրաչյա  Բերբերյանը կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում   արդյունքները շոշափելի կլինեն գարնանը: Սկիզբը, զրկուցակցիս խոսքով, խոստումնալից է։ «Գյուղմթերքի հետ կապված շատ կարևոր է, որ Հայաստանում նորմատիվներ ընդունվեն և որևէ խոչընդոտ էլ չի լինի Ռուսաստանում գյուղմթերքի առևտուր կազմակերպելու համար, նույնը վերաբերում է վերամշակման թևին: Լուրջ նպատակներ կան, որոնք կարող են նպատակին ծառայել, եթե իրոք, հետևողական  աշխատենք»: Արդյունքները խոստումնալից ե, իսկն հետևողական կլինե՞նք, թե՞ ոչ. հարցին պատասխանեց՝ ճտերն աշնանը կհշավենք։

Հայկական կողմն ի դեմս Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի գտնում է, որ  Ռուսաստանն  այս պահին  բարձր տեխնոլոգիաներին սկսել է մեծ ուշադրություն  դարձնել: Հաշվի առնելով Հայաստանի  հնարավորությունները այս ոլորտում, համագործակցության եզրեր կլինեն։

Back to top button